Ռուս քաղաքագետի արձագանքը Զախարովայի հայտարարություններին
Մեր դաշնակից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 12-ի՝ այս տարվա երեւի առաջին ճեպազրույցում պատասխանել է մասնավորապես Լաչինի միջանցքի արգելափակման, ինչպես նաեւ մեզ ու մեր խնդիրներին վերաբերող այլ հարցերի, տվել նաեւ քննադատական գնահատականներ ու որակումներ: Ինչը, սակայն, սովորաբար չի անում այդ խնդիրները ստեղծող մեր հարեւան երկրի՝ իր նոր դե-յուրե դաշնակցի հասցեին: Ավելին, նա միջանցքի այս տեւական շրջափակումը, առանց դրա հեղինակին նշելու, «քնքշորեն» պայմանավորել է «հանքավայրերի շահագործման հարցերի շուրջ կողմերի տարաձայնություններով», վիճելի հարցերի լուծման առումով կարեւոր համարել սահմանազատման գործընթացում առաջընթացը եւ այլն…
Լաչինի միջանցքի խնդրի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարություններին «Կենդանի հանդեսի» (Livejournal) իր էջում արձագանքել է ռուսաստանցի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք քաղաքագետի հոդվածը՝ որոշ «սուր անկյունների» աննշան հապավումով:
Գ. Մ.
Այսօրվա՝ 2023.01.12-ի ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե «մենք շարունակում ենք աշխատանքը դրա լիակատար ապաշրջափակման ուղղությամբ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության»: Բայց ի՞նչ «աշխատանքի» մասին կարող է խոսք լինել, եթե մեկ ամսվա ընթացքում ՌԴ ԱԳՆ-ն չի կարողանում նշել, թե կողմերից որն է շրջափակել Լաչինի միջանցքը: Թե՞ ԱԳՆ-ն դա մինչեւ հիմա չգիտե: Իսկ եթե գիտե, ապա ինչո՞ւ է լռում: Դե կոնկրետ պատմեք ձեր աշխատանքի մասին, այն բոլորովին չի երեւում: Գուցե այն բոլորովին չկա՞ էլ:
Ընդ որում Զախարովան հղում է անում երեք նախագահների (հոդվածագիրն այդպես է նշել – Գ. Մ.), այդ թվում Ադրբեջանի նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որով որոշվել է Լաչինի միջանցքի կարգավիճակը: Բայց անմիջապես էլ հայտարարում է, թե «անհրաժեշտ է գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում»: Իսկ մի՞թե երեք նախագահների հայտարարությունն այդպիսինը՝ «բոլոր կողմերի համար ընդունելի» լուծում չէր: Այդ դեպքում ի՞նչ է պատահել: Կողմերից մեկն այդ որոշումն այլեւս ընդունելի չի՞ համարում: Դե այդ դեպքում նա պետք է այդ մասին հայտարարի: Բայց ոչ ոք նման բան չի հայտարարել: Նշանակում է՝ պարզապես տեղի է ունենում այն, որ կողմերից մեկը խախտում է ընդունված որոշումը: Եվ ՌԴ ԱԳՆ-ի խնդիրն այն է, որ նշի այդ խախտումը: Բայց դրա փոխարեն ՌԴ ԱԳՆ-ն, լինելով ադրբեջանամետ քարոզիչների ազդեցության ներքո, սկսել է փնտրել ինչ-որ նոր լուծում, ըստ երեւույթին՝ հարցը խճճելու եւ ժամանակ ձգելու նպատակով:
Ապա գալիս է եւս մի ուշագրավ անակնկալություն. «Ռուսաստանի ներքին գործերի նախարարության, Ռուսաստանի պաշտպանության նախարարության և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով հետևողական քայլեր են ձեռնարկվում լարվածության թուլացման ուղղությամբ»: Իսկ ՌԴ ԱԳՆ-ն այստեղ կարծես թե գործ չունի՞: Ինքը լարվածության թուլացման համար ոչինչ չի՞ անում: Կտուր գցելով հարցը՝ նա դրանով բանը տանում է սրացման: Իսկ մյուս գերատեսչությունները պետք է այս պայմաններում զբաղվեն լարվածության թուլացմամբ: Եվ եթե դա նրանց չհաջողվի, ապա խաղաղապահ գործողության ձախողման ու Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խափանման մեղավորը կլինեն նրանք, բայց ոչ երբեք ՌԴ ԱԳՆ-ն: Լավ են տեղավորվել արտգործնախարարության բյուրոկրատները:
Այնուհետեւ Զախարովան պաթոսով հայտարարում է. «Կցանկանայինք նաեւ մեկ անգամ եւս նշել, որ մենք անընդունելի ենք համարում հրապարակային հարձակումներն ու սադրանքները մեր խաղաղապահների նկատմամբ, որոնք այս տարածաշրջանում խաղաղության երաշխավորներն են»: Բայց ասել, թե ովքեր են այդ սադրանքներն իրականացնում, ՌԴ ԱԳՆ-ն չի համարձակվում: Չէ՞ որ դա ադրբեջանցի «բնապահպաններն» են: Նրանց նշել չի կարելի: Չնայած որ նրանք ոչ թե պարզապես սադրանքի են դիմել, այլ փաստացի ռուս խաղաղապահներից խլել են Լաչինի միջանցքի վերահսկողությունը՝ ի խախտումն երեք ղեկավարների հիշյալ հայտարարության:
Եվ ինքն էլ դա չհասկանալով, Զախարովան հաստատում է այդ հսկողությունը խաղաղապահների կողմից կորցնելու հանգամանքը, նշելով, թե «ներկա պահին միջանցքով անցնում են մարդասիրական օգնության շարասյուներ»: Իսկ ուրիշ բեռներով, նշանակում է, չեն անցնում: Չնայած որ եռակողմ հայտարարությունում հստակ ասվում է, թե «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով»: Ահա այսպես է փորձում նեղ վիճակից դուրս գալ ՌԳ ԱԳՆ-ն՝ գործելով ադրբեջանամետ լոբբիստների ցուցումով:
Ռուսերենից թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ