Ռուսաստանի ռազմաշունչ հռետորական հայտարարությունները փոխարինվեցին ռումբերի պայթյուններով` մինչ երկիրը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Ուկրաինայի տարածքում, չնայած Մոսկվան այն «հատուկ ռազմական գործողություններ» է բնութագրում. եզրույթներն անշուշտ նվազ կարեւոր են փախստականների համար, որոնք հեղեղել են Ուկրաինային հարեւան երկրները։
Եզրույթների միակ տարբերությունը, գուցե վերացական է եւ իրավական դաշտում Թուրքիային իրավունք է վերապահում փակել Դարդանելի նեղուցը, քանի որ 1936-ին կնքված Մոնտրյոյի պայմանագրով նա կարող է արգելել ռազմանավերի ելումուտը նեղուցներով, եթե իրադարձությունը պատերազմ բնութագրվի։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետախուզական տվյալների հիման վրա զգուշացնում էր, որ Ռուսաստանը պատրաստ է լայնածավալ պատերազմ սկսելու, մինչդեռ լրատվամիջոցներում փորձագետները նախադեպերի վրա հիմնվելով, հավատացած էին, որ ռազմական գործողությունները սահմանափակ կլինեն, ինչպես պատահեց Վրաստանում, որտեղ Աբխազիան եւ Հարավային Օսիան օկուպացվեցին եւ անջատվեցին, կամ ռուսների տեսանկյունից անկախություն հռչակեցին եւ ճանաչվեցին Ռուսաստանի եւ մի քանի այլ պետությունների կողմից։ Նրանք կարծում էին, որ Լուգանսկի եւ Դոնեցկի անկախությունը ճանաչելուց հետո, Ռուսաստանը այդ քաղաքները իր վերահսկողության տակ վերցնելով երկարատեւ պատերազմ կմղի Ուկրաինայի տարածքում եւ ոչ թե լայնածավալ պատերազմ կսանձազերծի։
Այս կանխատեսումները, սակայն, սխալ դուրս եկան, եւ մենք ականատես եղանք իրական, լիակատար պատերազմի։ Այս պահի դրությամբ կանխատեսումները դատարկաբանություններ կարող են լինել միայն, քանի որ փոփոխվող բաղադրիչները բազմաթիվ են։
Ռազմական գործողություններին զուգընթաց տեղի է ունենում նաեւ լրատվության պատերազմ, բայց լրատվամիջոցների քանակը այս անգամ նվազում է։ Քաջ գիտակցելով խոսքի ազդեցիկ ուժը, Արեւմուտքն ու Եվրոմիությանը արգելել են Կրեմլի խոսափող հանդիսացող ռուսական Sputnik եւ Russia Today հաղորդացանցերի գործունեությունը։
«Վաշինգտոն Փոստի» 2014 թվի համարներից մեկում տպագրված նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի կարեւոր հոդվածը օգտակար մանրամասներ է ներկայացնում Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ նրա պատմական հարաբերությունների վերաբերյալ։ Քիսինջերը եզրակացնում է, որ «եթե Ուկրաինան գոյատեւելու է եւ բարգավաճելու է, ապա նա չպետք է որեւէ կողմ հարի (ընդդեմ մյուս կողմի), այլ պետք է հանդիսանա կամուրջ երկուսի միջեւ»։
Ներկայիս, Ռուսաստանի լկտի հարձակումը Ուկրաինայի վրա տեղ չի թողնում, որ նմանատիպ դատողություններ կատարենք, իսկ վհատված փախստականների հոսքը է՛լ ավելի է դժվարացնում տարանջատել զգացմունքները կոշտ փաստերից եւ քաղաքական իրականություններից։ Նախագահ Պուտինը կատաղած է, ճիշտ այնպես, ինչպես տասնամյակներ առաջ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին էր կատաղել, հայտնաբերելով 1962-ին, որ Խորհրդային Միությունը, Նիկիտա Խրուշչովի իշխանության օրոք միջուկային հրթիռներ էր տեղադրել Կուբայում, ընդամենը 90 մղոն հեռավորության վրա Մ. Նահանգների մայրցամաքից։ Այսպես առաջացավ «Կուբայական հրթիռների ճգնաժամը», որն աշխարհը կանգնեցրեց միջուկային բնաջնջման եզրին։ Այդ իրադարձությունը Պուտինը չի մոռացել եւ ավելի է ռազմատենչ դարձել` տեսնելով, թե ինչպես է ՆԱՏՕ-ն ընդարձակվում իր սահմաններում` միջուկային զինանոցներ հիմնելով Ռումինիայում եւ Լեհաստանում։ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի շահագրգռվածությունը կամ ձգտումները կարծես լցրեցին Պուտինի համբերության բաժակը։
2014 թվի Մայդանի հեղափոխությունից հետո, Ուկրաինան որոշեց միանալ Եվրոմիությանը եւ դառնալ ՆԱՏՕ-ի դաշնության անդամ։ Պուտինի համբերատար վարքագիծը չկարողացավ տարհամոզել Կիեւին, որ առավել լուրջ վերաբերվի Ռուսաստանի նախազգուշացումներին, հատկապես երբ Արեւմուտքը հնարավորություն ստացավ պարփակելու Ռուսաստանին։
Այժմ, բոլոր պետությունները ստիպված են լինելու այս կամ այն մեկի կողմը բռնել։ Արեւմտյան կիսագնդի շատ երկրների համար նման ընտրություն կատարելը բարդ խնդիր չի լինելու, բայց Ռուսաստանի շրջագծում գտնվող կամ Մոսկվայից մեծապես կախված երկրների համար ընտրությունը խիստ դժվարին կացության առաջ է կանգնեցնելու։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի պատվիրակությունը ձեռնպահ մնաց քվեարկելու Ռուսաստանի դեմ, սակայն Եվրոխորհրդում որոշեց Ռուսաստանի հետ լինել` որպես փոքրամասնություն։ Երեւանը դեռ պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Ուկրաինայից անջատված երկու շրջանների անկախությունը ճանաչելու հարցում։ Ինչքա՞ն ժամանակ նա կարող է քայլել ձգված պարանի վրայով։ Հայաստանը նաեւ չի կարող դեմ գնալ Եվրոմիությանը, երբ վերջինս 2,5 միլիարդ եվրո արժողությամբ պարտավորվածություն է հանձն առել աջակցելու վերակառուցման ծրագրերին, որոնք կարող են չեղյալ համարվել քաղաքական որոշումների հետեւանքում։
Թուրքիան քննադատեց Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի։ Ավելի վաղ նա հրապարակայնորեն պարտավորվել էր հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի իր պարտականություններին` եթե եւ երբ Ռուսաստանը հարձակվեր Ուկրաինայի վրա։ Պատերազմից այս կողմ, նրա դիրքորոշման միակ արտահայտությունը եղել է այն, որ նա չի կարող կորցնել ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ Ռուսաստանի բարեկամությունը։ Մյուս կողմից, ռուսական նավերի առաջ Դարդանելի նեղուցը փակելու նախագահ Զելենսկու խնդրանքին Թուրքիան սկզբում երկդիմի պատասխան տվեց։ Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան նախ պետք է պարզի, թե կատարվածը պատերա՞զմ է, թե՞ ռազմական հատուկ գործողություն, որից հետո Անկարան որոշեց ռուսական միայն մեկ ռազմանավի անցք տալ, որը վերադառնում էր սեւծովյան բազա։ (Վրաստանն իր հերթին վախվխելով պարտավորվեց չմասնակցել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներին)։
Առայժմ, պատերազմի ավարտը տեսանելի չէ։ Բայց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Պուտինը նշել է, որ կարգավորումը հնարավոր կլինի, եթե Ուկրաինան որոշի դառնալ չեզոք երկիր եւ ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի անբաժան մաս։ Բայց նման պահանջը այնքան էլ անկեղծ չէ, քանի որ Մոսկվան մտադիր է Բելառուսիայից բացի, Ուկրաինային էլ ներառել «Միութենական պետության» կազմում։ Եթե դա տեղի ունենա, ապա հերթը գալու է Հայաստանին, գուցե նաեւ Վրաստանին եւ հավանաբար նաեւ Կենտրոնական Ասիայի որոշ թյուրքական հանրապետություններին։
«Միութենական պետությանը» անդամակցելը նշանակելու է կորցնել ինքնիշխանությունը եւ դառնալ խորհրդային ոճի մի նոր դաշնության անդամ երկրներից մեկը, ինչպիսիք են Չեչնիան կամ Թաթարստանը։ Նման առաջարկ անուղղակիորեն կատարվել է Ռոբերտ Քոչարյանին ։ Հայաստանը վստահաբար կմերժի փլուզվող կայսրության մաս դառնալ։
Առայժմ Հայաստանին չեն խնդրել զորամիավորումներ ուղարկել Ուկրաինա, համալրելու ռուսական զորքերի շարքերը, ինչպես դա տեղի ունեցավ Ղազախստանում, երբ զինված ուժերի որոշակի քանակակազմ հակամարտության գոտի ուղարկվեց ՀԱՊԿ-ի դրոշի ներքո։ Բայց նման հեռանկարը հնարավոր է իրականություն դառնա` կախված պատերազմի հետագա ընթացքից։
Արեւմուտքի ձեռնարկած պատժամիջոցների հետեւանքում Ռուսաստանի տնտեսությունը մեծապես տուժում է, նույնիսկ այն դեպքում, երբ Չինաստանն է որոշ օգնություն տրամադրում։ Բայց դա աննշան մխիթարություն է Հայաստանի համար, որի ամենամեծ շուկան է հանդիսանում Ռուսաստանը։ 2021-ին Հայաստանի դեպի Ռուսաստան արտահանումները կազմում էին 847 միլիոն դոլար, որը 24,5 տոկոսով ավելի էր, քան նախորդ տարվա ցուցանիշը։ Մյուս կողմից, դեպի Հայաստան ուղարկված ընտանեկան տրանսֆերտների քառասուն տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Մոսկվան արդեն իսկ արգելքներ է դրել արտասահման ուղարկվող տրանսֆերտների վրա, այնպես որ Հայաստանի տնտեսությունը անմիջականորեն ազդվելու է դրանից։
Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է զբոսաշրջության արդյունաբերությունից, իսկ իր հարյուր-հազարավոր զբոսաշրջիկների մեծամասնությունը գալիս է Ռուսաստանից եւ Իրանից։ Նույնիսկ եթե առեւտրաշրջանառությունը վերականգնվի եւ տրանսֆերտների հարցը կարգավորվի, միեւնույն է` ռուսական ռուբլու 35 տոկոսով արժեզրկումը խիստ բացասական ազդեցություն է ունենալու այդ բնագավառներում։
Քաղաքական հետեւանքները նույնքան բացասական են լինելու։ Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ Հարավային Կովկասի երկրները առավել հզոր Ռուսաստանի ազդեցության տակ են ընկնելու։ «Բայց այդ ազդեցությունը տարբեր է լինելու, քանի որ կովկասյան երեք հանրապետությունները Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ ունեն տարբեր մակարդակների հարաբերություններ եւ տարբեր հնարավորություններ պահպանելու իրենց ինքնիշխանությունը։ Հայաստանը Ռուսաստանի աշխարհաքաղաքական ուղեծրի մեջ է գտնվում։ Վրաստանը ՆԱՏՕ-ին եւ Եվրոմիությանը անդամակցելու ուղի է որդեգրել, մինչ Ադրբեջանը դաշնակցում է Թուրքիայի հետ, որը երկրորդ ամենամարտունակ բանակն ունի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կազմում», նշում է նա։
Ուկրաինայում պատերազմի թեժացման հետեւանքում փոխվել են քաղաքական հաշվարկները տարածաշրջանում։ Հայաստանը ԵԱՀԿ-ի վրա էր հույսը դրել։ Այդ կազմակերպության Մինսկի խումբը (նրա համանախագահները) պետք է շարունակեին հետապնդել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Հիմա, երբ ԵԱՀԿ-ն խորապես ներգրավված է ուկրաինական ճգնաժամի խնդիրների մեջ, Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուսանցքային է դառնալու, այսինքն անհրաժեշտ ուշադրության չի արժանանալու, մի իրավիճակ, որ նախագահ Ալիեւի սրտովն է լինելու։
Ռուսաստանցի համանախագահն էլ միշտ իր գործընկերից հեռու էր մնում` խուսափելով կարգավիճակի հարցի հետ գործ ունենալուց եւ առաջարկելով ԵԱՀԿ գործողությունները առաջ տանել բացառապես մարդասիրական ոլորտներում։ Այժմ Մոսկվան ազատ է զգալու իրեն ձեւավորելու կովկասյան քաղաքականությունը Թուրքիայի հետ` արեւմտյան կառավարությունների խորաթափանց աչքերից հեռու։
Պատերազմից ընդամենը երկու օր առաջ, Պուտինն ու Ալիեւը Մոսկվայում ստորագրեցին «Դաշնակցային գործողությունների մասին հռչակագիրը», որի հոդվածներից մեկն առնչվում է գազի արտահանմանը։ Ադրբեջանը համաձայնել է Եվրոպային գազ մատակարարել միայն Ռուսաստանի թույլտվությունը ստանալուց հետո։
Նախագահ Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մոսկվա է հրավիրել ստորագրելու մեկ այլ պայմանագիր, որը հավանաբար նախատեսում է Ադրբեջանին վճարել Հայաստանից ձեռք բերված զիջումների միջոցով։ Մինչ օրս, կովկասյան խնդիրները կարգավորելու երկու բանաձեւ էր գործում` մեկը ԵԱՀԿ-ի, մյուսը` 3+3 ձեւաչափի միջոցով։ Կարծես թե առաջին ձեւաչափը դուրս է մղվում եւ միայն երկրորդն է մնում, որտեղ մի կողմից Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը բանակցելու են երկրորդ եռյակի մնացած երկու երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, քանի որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել այդ գործընթացին։
Մինչ պատերազմը շարունակվում է, բազմաթիվ երկրներ բացել են իրենց սահմանները ընդունելու համար հուսալքված փախստականներին։ Նույնիսկ Հայաստանն է պատրաստակամություն հայտնել ընդունելու ազգությամբ հայ եւ օտար Ուկրաինայի փախստականներին։ Որպես ցեղասպանություն վերապրած եւ բազմաթիվ անգամներ փախստական ու գաղթական դարձած ժողովուրդ հայերը խորապես հասկանում են ուկրաինացիների վիճակը եւ կարեկցում նրանց։ Սակայն մենք չպետք է մոռանանք, որ Ուկրաինայի ներկա վարչակազմը Ադրբեջանին զենք մատակարարեց 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ։ Զելենսկին շատ ավելի մեծ ջանասիրությամբ ռազմականորեն պաշտպանեց Ադրբեջանին 2020 թվի 44-օրյա պատերազմի ժամանակ, տրամադրելով նույնիսկ ֆոսֆորային ռումբեր, որոնք սպանեցին ինչպես զինվորներին, այնպես էլ անմեղ քաղաքացիներին։ Բացի գաղտնի համագործակցությունից նա հրապարակավ շնորհավորեց Ալիեւին` «հաղթանակի» առիթով։
Հակառակ Ուկրաինայի ժողովուրդի հանդեպ տածած մեր կարեկցանքից, Զելենսկու հանդեպ մեր «կարեկցանքը» պետք է համապատասխանի Ղարաբաղի հարցում նրա կատարած քայլերի հետ։
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
(The Armenian Mirror-Spectator)
Անգլ.ից թարգմանեց
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ