Հայոցս մայրաքաղաք Երեւանը գովերգող անսահմանափակ քանակներով բանաստեղծություններ են գրվել, դրանց մի զգալի մասը երգերի են վերածվել, որոնք օրվա ամենատարբեր ժամերի սփռվում են մեր փողոցներում ու հրապարակներում: Ավաղ, մեր հպարտություն բնակավայրի նաեւ այս հատվածները օրվա ամենատարբեր պահերին հայտնվում են… ի զարմանս թե ամոթ չգիտես ում` խցանումներ կոչվող իրավիճակներում, անվերջանալի խոչընդոտներ ստեղծելով հարյուր հազարավորներից բաղկացած երեւանյան հանրության ու բազմահազար հյուրերի համար: Եթե նկարագրվածն ամենուր արձանագրված փաստ է, մեզանում տիրողը մի այլ աստիճանի դրսեւորում է` անփութությունից մինչեւ անտերություն:
Ահա այսպիսի մոտեցմամբ, շրջապատիս էլ հորդորով, շաբաթներ առաջ մի առաջարկ ներկայացրի Երեւանի քաղաքապետարան, որտեղից ստացված պատասխանը տպագրում եմ ստորեւ.
«Տրոլեյբուսային թիվ 9 երթուղու մեքենաները Մաշտոցի պողոտայի` Սայաթ-Նովայի արձանի հարեւանությամբ կանգառում չկայանելու հարցի հետ, հայտնում եմ, որ «Երեւանտրանս» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվության համաձայն, ձեր կողմից առաջարկված լուծումը գտնում են ոչ նպատակահարմար, քանի որ կստեղծվեն լրացուցիչ դժվարություններ ուղեւորների համար»:
Նախ պատասխանով փորձ է արվում մոտեցում կազմավորել, որ խնդիրը քաղաքապետարանի ղեկավարության եւ նրա կառույցի մաս կազմող տրանսպորտի վարչության հետ որեւէ կապ չունի, այլ «Երեւանտրանս»-ի պատասխանատվության գոտում է, որն առավել քան տարօրինակ է, քանզի կանգառների տեղակայումը տեղական իշխանությունների խնդիրն է:
Իսկ ինչի՞ շուրջ է արծարծվող հարցը, որը միակը չէ Երեւանի տրանսպորտային համակարգում: Արդեն նշվեց, որ խոսքը տրոլեյբուսային թիվ 9 երթուղու շուրջ է: Նշված կանգառը գտնվում է Մաշտոց- Մոսկովյան փողոցների խաչմերուկում, մոտ 10 մետր հեռավորության վրա: Երթուղին շարունակվում է Մոսկովյան փողոցով, ուր հայտնվելու համար տրոլեյբուսավարը պարտադրված է հիշյալ 10 մետրում Մաշտոցի պողոտայի երկու շարքերում տեղավորվել, այդ ընթացքում սանտիմետրերով առաջ շարժվելով անվերջ արգելակել, փոխադրամիջոցը յուրօրինակ խնոցու վերածել: Բայց սա դեռ վերջը չէ: Հանդիպակաց ու ձախակողմյան ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցների համար խնդիրներ ստեղծելուց զատ տրոլեյբուսը խնդիր է ստեղծում նաեւ իր շարժի համար, քանզի խաչմերուկից անմիջապես հետո պետք է կանգառ իրականացնի Թամանյանի հուշակոթողի դիմաց, մոտ 30 մետրն անցնի դեպի աջ կողմնորոշվելով: Այս ամենը զգալու համար հարկավոր է գեթ մեկ անգամ անցնել այն, որից խուսափելու լավագույն տարբերակը նախորդ կանգառը շրջանցելն է, տրոլեյբուսի ընթացքը կանոնակարգելը: Սակայն պարզվում է, Երեւանի քաղաքապետարանում այլ կարծիք ունեն, որը թե ինչքանով կնպաստի ողջ քաղաքով մեկ ծագող խցանումների նվազմանը, ցույց կտա ժամանակը: Լավատեսությունն այստեղ անելիք չունի, քանզի ոլորտի ղեկավարումն է խնդրահարույց. չես լուծում հարցերը, դրանք խնդիրների են վերածվում, մեր գեղեցկագույն քաղաքի տրանսպորտային երթեւեկը դժոխակերպ ինչ-որ միջավայր դարձնում:
Ո՜ւր է թե այս երեւույթը միայն տրոլեյբուսային երթեւեկությանը վերաբերվեր: Հաճախ են կարծիքներ հնչում, որ մայրաքաղաքային երթուղիներում կանգառները սպասվածից շատ են, որոնց վերջին տարիներին ավելացան միջանկյալ կանգառները, որոնց աշխատանքները կանոնակարգում են իրենք հետիոտն քաղաքացիները: Դրանք շատ դեպքերում տեղադրվել են լուսացույցերով կարգավորվող խաչմերուկներից մի քանի տասնյակ մետր հեռավորությունների վրա, այն հիմնավորումներով, որ այդ հատվածներում պատահարներ են արձանագրվել, երբեմն` անդառնալի հետեւանքներով: Ավա՜ղ, դրանք հիմա էլ են շարունակվում, քանզի լրացուցիչ կանգառները վրդովեցնում են վարորդներին: Նաեւ` ավտոբուսների վարորդներին, որոնք ստիպված են տեսանելի մետրեր անց կանգառ իրականացնել: Երբեմն դրանք 50-100 մետր, երբեմն 150-250 մետր հեռավորություններում են իրականացվում, խաչմերուկներին շատ մոտ տարածքներում, որոնք խցանումների են հանգեցնում, նաեւ ավտովթարների: Մեզանից յուրաքանչյուրն է օրվա ընթացքում նման տեսարանների ականատես դառնում, որտեղ մեղավորն ու անմեղը դժվար է առանձնացնել: Աստված իմ` ինչքան շատ են մեր խնդիրները, որոնց վերջը այդպես էլ չի երեւում, ինչ է թե դրանց ղեկավարումը ցանկալի մակարդակով չի իրականացվում:
Ապացո՞ւյց եք ուզում, խնդրեմ: Երկրի շուրջ 600.000 կենսաթոշակառուներն ու նպաստառուները ինչ-որ պահանջի համաձայն՝ տարվա ընթացքում մեկ անգամ պետք է հավաստեն իրենց ներկայությունը, այլապես զրկվում են հաջորդ ամսվա գումարից: Մի պահ ընդունենք, որ այդ անպաշտպան խավի 1 տոկոսը, չէ` 0.1 տոկոսը տարվա 12 ամիսներից յուրաքանչյուրում հայտնվում է այդ վիճակում: Ամսվա ընթացքում չվճարված ընդհանուր գումարը կազմում է 24.000.000 դրամ, տարվա հաշվարկով` 300.000.000 դրամ: Մարդիկ զրկվում են գումարից, պետությունը` այդ գումարից կանխատեսվող հարկերից, մոտ 70.000.000 դրամից: Թե ինչու չի կարելի այս յուրօրինակ պատիժը ամսվա 30 օրերի դիմաց 15 օր սահմանել, ոչ մեկը հիմնավոր բացատրություն չունի: Մարդիկ մնացյալ այդ օրերի ընթացքում ֆինանսական գործարքներ կիրականացնեն եւ հարկերի տեսքով 70 մլն դրամի մուծումը կանեն: ՀՀ վարչապետն էլ չի ասի. պետական ապարատը խոչընդոտում է բարեփոխումներին:
Որտե՞ղ է թաղված շան գլուխը:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ