2023թ. նոյեմբերի 11-ը Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում մեծ խորհուրդ ուներ:
Տնօրեն Ժաննա Ավետիսյանի, փոխտնօրեններ Ռիտա Ալեքսանյանի, Վարդանուշ Հովհաննիսյանի նախաձետնությամբ հնագույն օրրանում կազմակերպվել էր ավանդական «Ոսկե աշուն» տոնակատարություն:
Ուսուցիչների, ծնողների, աշակերտների մասնակցությամբ օրն իմաստավորվեց բերք ու բարիքի ցուցադրմամբ, որն աշխատասեր կարբեցիների խոնջանքի արդյունքն է: Այն նրանց ջանքերի շնորհիվ դարձել էր ճոխ սեղաններ եւ զարդարում էր դպրոցի բակը:
Վահան Թեքեյանի արձանի ներկայությամբ կրտսեր, միջին եւ ավագ դասարանի աշակերտներն իրենց ծնողների հետ սիրով հյուրասիրում էին ներկաներին` Կարբիի բարեբեր հողն ու ջուրն օրհնելով ու փառաբանելով:
Արցախից տեղափոխված եւ գյուղում բնակություն հաստատած դպրոցականներն ու նրանց ծնողները նույնպես մասնակցում էին միջոցառմանը` իրենց հետ բերելով կավե ամանով մասունքացած Արցախի հող, արցախյան խոհանոցին հատուկ ուտեստներ, այդ թվում նաեւ` ավանդական ժինգյալով հաց:
Արցախցի դպրոցականները հանդես եկան իրենց տարազով, բառուբանով, երգ ու պարով:
Փոքրիկ տղան ձեռքին պահել էր խորհրդանշական կավե ամանը` Արցախից բերված հողով:
Դպրոցականները հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, զվարթ նվագածությամբ, գեղեցիկ ասմունքով, բարձր տրամադրությամբ` հաստատելով հայի կենսունակ լինելը:
Աշնան բարիքներով հյուրասիրելն ու նման հանդիսավոր միջոցառում անցկացնելը Կարբի գյուղում ավանդույթ էր դարձել դեռեւս նախապատերազմյան շրջանում: Այն յուրաքանչյուր տարի նոյեմբեր ամսին նշվում էր մեծ հանդիսավորությամբ:
Ողբերգական դեպքերի հետեւանքով ավանդույթը շուրջ երեք տարի Կարբիում խախտվեց` վեց զոհ ունենալու պատճառով: Սակայն հայ մարդուն հատուկ կամքի եւ ստեղծարար ոգու արդյունքում կարբեցին նորից վերագտավ ապրելու եւ արարելու կենսախնդությունը, սեփական աշխատանքի պտուղներով երջանկանալու իրավունքը:
Թող խաղաղություն տիրի Հայաստանում, եւ հայոց ոգին, վերստին վերածնվելով, վեր հառնի փյունիկ թռչունի պես:
Միջոցառման ավարտին դպրոցականները ծաղիկներ խոնարհեցին Վ. Թեքեյանի արձանին` հաղորդակցվելով մեծ բանաստեղծի մտքին, լսելով նրա շշունջը.
Ի՜նչ է հոգին, հայո՛ւ հոգին…
ԳԱՅԱՆԵ ՕՀԱՆՅԱՆ
Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջն. դպրոցի տնօրենություն
Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ