Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվերը միայն գրպանի պարունակությունն ու կանանց տարիքը հաշվարկելու համար չեն, ոչ էլ՝ պաշտոնյաների կամ պոտենցիալ հանցագործների հայտարարագրված ունեցվածքը ճշտելու համար: Թվեը նաեւ գունեղ պատկերներով տնտեսական աճը ցուցադրելու համար չեն: Թվերի գործառույթը բնավ էլ պյուտագորասյան մեթոդաբանությամբ մարդկության ապագան գուշակելը չէ: Քանակի մասին պատկերացում տվող այս հասկացողությունը ոչ էլ ռեստորաններում հաշիվ ներկայացնելիս, կրակելու համար է հորինված:

Թվերն ունեն կիրառության այլ ոլորտներ եւս, որոնք հայկական հարուստ կենցաղում բովանդակային հագեցվածության հետ միասին, օժտված են նաեւ իմաստաբանական հարուստ լիցքով՝

-(50+50)

Այս առեղծվածային թիվը կոռուպցիայի սխեման ու փայ մտնելու բանաձեւն է, ինչպես նաեւ՝ ծաղկուն բիզնեսի համար հուսալի «կռիշա» ուենալու մեխանիզմը:

-(6-6)

Խոսքը ոչինչ չարտահայտող 6 թվի կրկնության՝ ճոխ ճաշկերույթի սպասող հայի ստամոքսի նվնվոցի մասին է, որն արտահայտվում է «փորս վեց, վեց է անում» բացականչությամբ:

-(8)

«Ուտել-խմելու» մշակույթին հավատարիմ գինովցած հայի ութաձեւ քայլվածքի եզրագծումը:

(2-1)

Հայկական հացկերույթի համեստագույն ճաշատեսակներից մեկը, որն արտասանվում է թուրքերեն հորջորջմամբ՝ «գառան իքիբիր» ու «խոզի իքիբիր» բառակապակցություններով:

(14)

Աշխարհի ամենաանտաղանդ ոտանավորի համար օգտագործված թիվը, որը հայկական ճոխ խնջույքների ժամանակ, իբրեւ պարեղանակ, հնչում է՝ «մեկ, երկու, երեք, չորս — Ես կպարեմ տասնչորս» հանգավորումով:

(4-5)

Խոսքը վերաբերում է թուրքերեն «դորդուբեշ» բառի մեջ օգտագործված չորս ու հինգ թվերին, որի օգնությամբ պոռոտախոս հայն արտահայտում է իր գերագնահատված հնարավորությունները:

(3)

Կիրառելի է անցողիկ, բայց դժվարությամբ հաղթահարված միավորներ նշանակելու ժամանակ: Իբրեւ թարմ օրինակ, կարելի է հիշել երեւանյան տրամվայի չգոյության պայմաններում, Երեւանի ավագանու ընտրություններից հետո, վարկանիշն արտահայտող «տրամվայի տակ մնացած երեք» գնահատականը:

Երկնքից տրամվայի տակ մնացած 3 խնձոր ընկավու ավարտվեց իմ «թվայնացված» ասելիքը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ