Մի քանի օր առաջ մայրաղաքի հնաբնակ ծառերը հրաժեշտ տվեցին Երեւանին: Ալեք Մանուկյան եւ Թումանյան փողոցների՝մի քանի տասնամյակ ապրած, քաղաքի օդը մաքրած, թթվածին արտադրած թեղիներին փոխարինելու են եկել լենքորանյան ալբիցիաներն ու օճառածառերը: Որ թեղիներից շատերը դարն ապրել էին, փաստում են նաեւ մասնագտենրը: Նրանք սակայն ընդգծում են՝ առանց համալիր փորձաքննության ու պարզելու ծառերի կենսունակությունը, չէր կարելի բոլորին մի «կացնի տակ գցել»:
Երեւանի «Ազգային առաջընթաց խմբակցության» ավագանու անդամ, Բժշկական համալսարանի հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանն անձամբ է ուսումնասիրել հատված ծառերի բներն ու պարզել՝ դրանցում փտախտի նշույլ անգամ չկար: Ըստ նրա՝ կատարվել է ծառերի սպանդ: «Վանդալիզմ է… Կիսաանապատային քաղաքում, որտեղ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ ունենք, երբեմն էլ անգամ տասն օրով ջրանջատումներ են լինում, պետք է մեքենաներով կամ ձեռքով՝ դույլերով, ոռոգենք նորատունկ ծառերը: Բայց չմոռանանք, որ գրեթե ջրող էլ չունենք. Երեւանում բանվորական ռեսուրսի ակնհայտ սակավություն կա: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվելու ամռանը: Սաղարթախիտ ծառերը, որ ամռանը պաշտպանում էին տապից, ջերմային ֆոնից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից, էլ չեն լինելու: Դրանք հացենեիները, կեչիները, կաղինիները, թխկիները, սոսիներն ու այլ տեսակներ են, որ մայրաքաղաքում տնկվել են խորհրդային տարիներին»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է Վարդանյանը:
Երեւանում, շարունակում է մեր զրուցակիցը, չվերահսկվող, սանիտարական նորմերին չհամապատասխան շինարարություն է ընթանոմ, 30-ից ավելի բաց հանքեր կան, տրանսպորտի քանակը հասել է պատմական մաքսիմումի, խցանումները, որոնց պարագայում արտանետումների մակարդակն ավելի բարձր է, մեր առօրյայի մի մասն են: Եվ ունենալով այսպիսի խնդիրներ՝ քաղաքային իշխանությունը որոշել է՝ մայրաքաղաքի հենց սրտում, կենտրոնական յոթ փողոցներում իրականացնել զանգվածային ծառտունկ, այն էլ՝ ի հաշիվ հին ծառերը հատելու. «Տնկվող եւ արդեն տնկված ծառերը բացարձակապես չեն համապատասխանում Երեւանի կլիմայական շատ ծանր պայմաններին: Այդ ծառատեսակները շատ պահանջկոտ են միկրոկլիմայի նկատմամբ: Այդ ծառերը Երեւանի պայմաններում պետք է այգի-պուրակային տարածքներում ու պաշտպանվող տարածքներում օգտագործել եւ հատուկենտ, այլ ոչ թե զանգվածներով:
ԽՍՀՄ ժամանակ մեր հմուտ դենդրոլոգները արել էին գրագետ լուծումներ եւ այս բոլոր ծառատեսակները հանդիպում են Երեւանի այգի-պուրակների տարածքներում, մետրո «Երիտասարդականի» հարակից պուրակում, Օղակաձեւ զբոսայգում, այսինքն՝ այս ծառատեսակները հատուկ են դրված դեկորատիվ էֆեկտի ապահովման համար, իսկ փողոցի ճակատագիրը լուծելու համար տնկում էին սոսի, կաղնի, հացենի, թեղի, որոնք ունեն գործառույթ իրականացնելու, քանի որ բարձր հարթակի ծառեր են, իսկ ստվերը համապատասխանում է ծառի բարձրությանը եւ սաղարթի լայնությանը: Դրանք ամբողջովին ծածկում էին ասֆալտի մակերեսը: Իսկ սրանք ամենակարեւոր խնդիրներն են, որոնք պետք է հարավային քաղաքում լուծի կանաչապատումը՝ պաշտպանել բնակչությանը ջերմային սթրեսից, որովհետեւ դա հանգեցնում է արյան մակարդակի բարձրացման, ինչը հանգեցնում է ինֆարկտների, ինսուլտների, իսկ հավելյալ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանում է ծառերի սաղարթը, քանի որ դրանք քաղցկեղածին բնույթ ունեցող ճառագայթներ են: Այս խնդրին համարժեք լուծում պետք է առաջարկվի, որովհետեւ կանաչապատումն առողջապահության մասին է, կանաչապատումը գեղեցկության մասին չէ. գեղեցիկ է, երբ գրագետ է»:
«Ազգ»-ի հետ զրույցում Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամը նշեց նաեւ, որ Երեւանի ծառատունկ եւ ծառահատում իրականացնող գիտատեխնիկական խմբի 13 մասնագետներից 7 քաղաքապետարանի ՀՈԱԿ-ի աշխատակիցներ են եւ չունեն լիազորություն նման եզրակացություն կազմելու համար, որովհետեւ ծառաբան չեն. «Նման ռեֆորմն իրականացվում է առանց որեւէ ինստիտուցիոնալ մոտեցման: Չկա փոխհարաբերություն քաղաքապետարան- բուսաբանության, կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի, առողջապահության ազգային ինստիտուտի միջեւ՝ այն գիտական կենտրոնների, որոնք ուղղակի փոխկապակցված են այս խնդրի հետ: Պետական ինստիտուտները որեւէ ձեւով ներգրավված չեն այս ծրագրի մեջ: Շրջանցել են ՇՄԱԳ հետազոտությունը՝ հատելով ծառերը, չունենք գնահատական, թե ինչ է լինելու շրջակա միջավայրի հետ»:
«Ծառերն արագ-արագ հատելու եւ «լենքորանյան» ծառատեսակներ բերելու մեջ կոռուպցիոն ռիսկեր կա՞ն», հարցրեցինք: Ի պատասխան տիկին Վարդանյանն ասաց. «Չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել: Համենայնդեպս, դիմում եմ գրել վերահսկողական ծառայությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչքանո՞վ են նպատակին ծառայել քաղաքապետարանի ծախսած գումարները»:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ