Հանդիպում են Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի ու Թուրքիայի պաշտպանական ու անվտանգային գերատեսչությունների ղեկավարները
Այս օրերին, բանակցային որեւէ գործընթաց, անկախ դրա ձեւաչափից եւ օրակարգի առանձնահատկությունից, գնահատվում է որպես խաղաղությանը միտված կարեւոր քայլ: Այդ առումով Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի ու Թուրքիայի պաշտպանական ու անվտանգային գերատեսչությունների ղեկավարների՝ ապրիլի 25-ին Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպումը գնահատվեց որպես վերջին շրջանի դիվանագիտական նշանակալի իրադարձություն:
Քառակողմ հանդիպումը կարեւորվում է նաեւ նրանով, որ Թուրքիան, հանդիսանալով սիրիական ճգնաժամը հրահրող հիմնական կողմերից մեկը, այժմ իր դիրքերից նահանջ է արձանագրում, եւ հանդես գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Բաշար Ասադի իշխանության օրինականությունը ճանաչելու օգտին:
Դրանով հանդերձ, Էրդողանի կառավարության մոտ սիրիական հարցի նկատմամբ դժվար է նկատել բարյացակամություն ու դրական մոտեցումներ հիշեցնող որեւէ քայլ: Օրինակ, դեռեւս շարունակվում է սիրիական իշխանությունների նկատմամբ հակամարտ դիրքորոշում ունեցող ուժերին Թուրքիայի կառավարության օժանդակությունը:
Անցնող մի քանի տարիների ընթացքում, նոր աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, Անկարան որոշել է վերակարգավորել իր հարաբերությունները տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների, Եգիպտոսի, Իսրայելի, Հունաստանի ու Հայաստանի հետ: Սակայն, որոշ երկրների, հատկապես՝ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, առկա են որոշակի բարդություններ: Հարաբերությունների կարգավորման համար Սիրիայից թուրքական զինված ուժերի դուրս բերման ու ահաբեկիչներին չհովանավորելու Դամասկոսի նախապայմանների նկատմամբ Անկարան վերապահ մոտեցում ունի: Սիրիայի տարածքում, անգամ Դամասկոսի մասնակցությամբ, 30 կիլոմետրանոց անվտանգային գոտի ստեղծելու Թուրքիայի պահանջը, թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող հիմնական պատճառներից է:
Թուրքիայի նախագահը, գերագնահատելով ռուս-ուկրաինական ճգնաժամի ընձեռած հնարավորորթյունների շնորհիվ տարածաշրջանում իր նոր կարգավիճակը, կարծում է, որ ներկա ժամանակահատվածը լավագույնն է սեփական պայմանների առաջադրմամբ լուծելու սիրիական հարցը, համոզված լինելով, որ ո՛չ Իրանը լուրջ հակազդեցություն կցուցաբերի, եւ ոչ էլ՝ ուկրաինական ճգնաժամի մեջ խճճված Ռուսաստանը:
Ավելի հավանական է ենթադրել, որ Էրդողանը, Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար, ստիպված է շահելու Սիրիայում թուրքական ներկայությանը դեմ արտահայտվող զանգվածների համակրանքը, որից ելնելով էլ նախընտրական այս ժամանակահատվածում պատրաստակամություն է հայտնել Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչների հետ քառակողմ ձեւաչափով շարունակելու բանակցությունները:
Անկարան կարեւորում է նաեւ Թեհրանի դերն այս գործընթացում՝ թե՛ Աստանայի, եւ թե՛ ներկայիս քառակողմի ձեւաչափում: Թեհրանի դերն այս գործընթացում կարեւորվում է նաեւ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ընթացքում Սիրիայից ռուսական զինված ուժերի հեռացմամբ պայմանավորված Դամասկոսում ազդեցության նժարը հօգուտ Իրանի փոխվելու շնորհիվ: Այդ պատճառով էլ որոշ քաղաքական մեկնաբաններ ու լրատվամիջոցներ համոզված են, որ Ռուսաստանն ու Թուրքիան, տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ սիրիական հարցի առնչությամբ սեփական ծրագրերն իրականացնելու համար, Թեհրանի աջակցության կարիքը կունենան:
Այսպիոսով, ապրիլի 25-ին Մոսկվայում կայացավ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի ու Սիրիայի պաշտպանական ու անվտանգային գերատեսչությունների ղեկավարների քառակողմ հանդիպումը, որն Իրանի ու Ռուսաստանի միջնորդությամբ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս է կազմում:
Սիրիայում տիրող ներկայիս հարաբերական կայունության պայմաններում, երբ երկրում ընթանում է քաղաքացիական պատերազմի հետեւանքների վերացման գործընթացը, Դամասկոսն իր առջեւ խնդիր է դրել կարգավորել հարաբերությունները հարեւան Թուրքիայի հետ: Իսկ Թուրքիան, Բաշար Ասադի կառավարության հետ ունեցած բացահայտ ու քողարկված բախումներից հետո, օրակարգ է մտցրել Սիրիայի օրինական իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորման հարցը:
Իրանի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, քառակողմ հանդիպմանը քննարկվել է Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունների կանոնակարգմանը վերաբերող մի շարք հարցեր, ուշադրության կենտրոնում պահելով Սիրիայում ահաբեկչական խմբավորումների՝ դաիշականների ու ծայրահեղական այլ ուժերի դեմ պայքարը: Բանակցությունների արդյունքում կողմերն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաեւ կարճ ժամկետներում փախստականների Սիրիա վերադարձի անհրաժեշտությանը:
Հանդիպմանը մասնակցող չորս երկրների պաշտպանական ու անվտանգային գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են, որ անհրաժեշտ է ներկա հնարավորությունն օգտագործել Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված կառուցողական երկխոսությունն ապահովելու համար:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նույնպես քառակողմ հանդիպման մասին մանրամասներ է հաղորդել: Ըստ «Ռոյթըրզ» գործակալության, Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ քառակողմ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:
Նշենք, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցություններն առաջին անգամ, առանց Իրանի մասնակցության, տեղի են ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 28-ին, որի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ձեւավորելու եռակողմ հանձնախումբ: Բանակցող կողմերը համաձայնվել էին նաեւ հանդիպում անցկացնել արտաքին գործերի նախարարների մակարդակով, որին պետք է հետեւեր նաեւ նախագահներ Էրդողանի ու Ասադի հանդիպումը: Հանդիպումների օրակարգը ճշգրտելու նպատակով, ապրիլի 4-ին, Մոսկվայում բանակցել են չորս երկրների ԱԳ նախարարների տեղակալները եւ համաձայնեցրել մայիսի սզզբներին ԱԳ նախարարների հանդիպման օրակարգը:
Այնուամենայնիվ, մայիսի 14-ին նախատեսված ընտրություններին ընդառաջ, Թուրքիայի կառավարության բոլոր ձեռնարկումներում կարելի է նկատել Էրդողանի վարկանիշի բարձրացմանն ուղղված քայլեր: Միանգամայն տրամաբանական է համարվում քաղաքական վերլուծաբանների գերակշռող մասի այն գնահատականը, որ սիրիական հարցի կարգավորման համար Թուրքիայի նախաձեռնած գործընթացը Էրդողանի նախընտրական հնարքների շարքին է դասվում:
Սակայն, քաղաքական վերլուծաբանները նաեւ հավատացած են, որ Թուրքիայի ընտրություններին ընդառաջ, նախագահի թեկնածու Էրդողանի համար արժեքավոր նվեր մատուցելու հարցում Սիրիայի իշխանություններն այդքան առատաձեռն չեն գտնվի:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Դիվանագետ