Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Նախընտրական քառակողմ հանդիպում Մոսկվայում

Հանդիպում են Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի ու Թուրքիայի պաշտպանական ու անվտանգային գերատեսչությունների ղեկավարները

Այս օրերին, բանակցային որեւէ գործընթաց, անկախ դրա ձեւաչափից եւ օրակարգի առանձնահատկությունից,  գնահատվում է որպես խաղաղությանը միտված կարեւոր քայլ: Այդ առումով Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի ու Թուրքիայի պաշտպանական ու անվտանգային գերատեսչությունների ղեկավարների՝ ապրիլի 25-ին Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպումը գնահատվեց որպես վերջին շրջանի դիվանագիտական նշանակալի իրադարձություն:

Քառակողմ հանդիպումը կարեւորվում է նաեւ նրանով, որ Թուրքիան, հանդիսանալով սիրիական ճգնաժամը հրահրող հիմնական կողմերից  մեկը, այժմ իր դիրքերից  նահանջ է արձանագրում,  եւ հանդես գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Բաշար Ասադի իշխանության    օրինականությունը ճանաչելու  օգտին:
Դրանով հանդերձ, Էրդողանի կառավարության մոտ սիրիական հարցի նկատմամբ դժվար է նկատել  բարյացակամություն ու դրական մոտեցումներ հիշեցնող որեւէ քայլ: Օրինակ, դեռեւս շարունակվում է սիրիական իշխանությունների նկատմամբ հակամարտ դիրքորոշում ունեցող ուժերին Թուրքիայի կառավարության օժանդակությունը:

Անցնող մի քանի տարիների ընթացքում, նոր աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, Անկարան որոշել է վերակարգավորել իր հարաբերությունները տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների, Եգիպտոսի, Իսրայելի, Հունաստանի ու Հայաստանի հետ: Սակայն, որոշ երկրների, հատկապես՝ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, առկա են որոշակի բարդություններ: Հարաբերությունների կարգավորման համար Սիրիայից թուրքական զինված ուժերի  դուրս բերման ու ահաբեկիչներին չհովանավորելու Դամասկոսի նախապայմանների նկատմամբ  Անկարան վերապահ մոտեցում ունի: Սիրիայի տարածքում, անգամ Դամասկոսի մասնակցությամբ, 30 կիլոմետրանոց անվտանգային գոտի ստեղծելու Թուրքիայի պահանջը, թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող հիմնական պատճառներից է: 

Թուրքիայի նախագահը, գերագնահատելով ռուս-ուկրաինական ճգնաժամի ընձեռած հնարավորորթյունների շնորհիվ տարածաշրջանում իր  նոր կարգավիճակը,  կարծում է, որ ներկա ժամանակահատվածը լավագույնն է սեփական պայմանների առաջադրմամբ լուծելու սիրիական հարցը, համոզված լինելով, որ ո՛չ Իրանը լուրջ հակազդեցություն կցուցաբերի, եւ ոչ էլ՝  ուկրաինական ճգնաժամի մեջ խճճված Ռուսաստանը:

Ավելի հավանական է ենթադրել, որ Էրդողանը, Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար, ստիպված է շահելու Սիրիայում թուրքական ներկայությանը դեմ արտահայտվող   զանգվածների համակրանքը, որից ելնելով էլ նախընտրական այս ժամանակահատվածում պատրաստակամություն է հայտնել Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչների հետ քառակողմ ձեւաչափով շարունակելու բանակցությունները:

Անկարան կարեւորում է նաեւ Թեհրանի դերն այս գործընթացում՝ թե՛ Աստանայի, եւ թե՛ ներկայիս քառակողմի ձեւաչափում:  Թեհրանի դերն այս գործընթացում կարեւորվում  է նաեւ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ընթացքում Սիրիայից ռուսական զինված ուժերի հեռացմամբ պայմանավորված Դամասկոսում  ազդեցության նժարը հօգուտ Իրանի փոխվելու շնորհիվ: Այդ պատճառով էլ որոշ քաղաքական մեկնաբաններ ու լրատվամիջոցներ համոզված են, որ Ռուսաստանն ու Թուրքիան, տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ սիրիական հարցի առնչությամբ սեփական ծրագրերն իրականացնելու համար, Թեհրանի աջակցության կարիքը կունենան:

Այսպիոսով, ապրիլի 25-ին Մոսկվայում կայացավ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի ու Սիրիայի պաշտպանական ու անվտանգային գերատեսչությունների ղեկավարների քառակողմ հանդիպումը, որն Իրանի ու Ռուսաստանի միջնորդությամբ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացի  մաս է կազմում:

Սիրիայում տիրող ներկայիս հարաբերական կայունության պայմաններում, երբ  երկրում ընթանում է քաղաքացիական պատերազմի հետեւանքների վերացման գործընթացը, Դամասկոսն իր առջեւ խնդիր է դրել կարգավորել հարաբերությունները հարեւան Թուրքիայի հետ: Իսկ Թուրքիան, Բաշար Ասադի կառավարության հետ ունեցած բացահայտ ու քողարկված բախումներից հետո, օրակարգ է մտցրել Սիրիայի օրինական իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորման հարցը:  

Իրանի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, քառակողմ հանդիպմանը քննարկվել է Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունների կանոնակարգմանը վերաբերող մի շարք հարցեր, ուշադրության կենտրոնում պահելով Սիրիայում ահաբեկչական խմբավորումների՝ դաիշականների ու ծայրահեղական այլ ուժերի դեմ պայքարը: Բանակցությունների արդյունքում կողմերն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաեւ կարճ ժամկետներում փախստականների Սիրիա վերադարձի անհրաժեշտությանը:  

Հանդիպմանը մասնակցող չորս երկրների պաշտպանական ու անվտանգային գերատեսչությունների ղեկավարներն  ընդգծել են, որ անհրաժեշտ է ներկա հնարավորությունն օգտագործել Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված  կառուցողական երկխոսությունն ապահովելու համար:  

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նույնպես քառակողմ հանդիպման մասին մանրամասներ է հաղորդել: Ըստ «Ռոյթըրզ» գործակալության, Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ  քառակողմ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:   

Նշենք, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցություններն առաջին անգամ, առանց Իրանի մասնակցության,  տեղի են ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 28-ին, որի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ձեւավորելու եռակողմ հանձնախումբ: Բանակցող կողմերը համաձայնվել էին նաեւ հանդիպում անցկացնել արտաքին գործերի նախարարների մակարդակով, որին պետք է հետեւեր նաեւ նախագահներ Էրդողանի ու Ասադի հանդիպումը: Հանդիպումների օրակարգը ճշգրտելու նպատակով, ապրիլի 4-ին, Մոսկվայում բանակցել  են չորս երկրների ԱԳ նախարարների տեղակալները եւ համաձայնեցրել մայիսի սզզբներին ԱԳ նախարարների հանդիպման օրակարգը:

Այնուամենայնիվ, մայիսի 14-ին նախատեսված ընտրություններին ընդառաջ, Թուրքիայի կառավարության բոլոր ձեռնարկումներում կարելի է նկատել Էրդողանի վարկանիշի բարձրացմանն ուղղված քայլեր:  Միանգամայն տրամաբանական է համարվում քաղաքական վերլուծաբանների գերակշռող մասի այն գնահատականը, որ սիրիական հարցի կարգավորման համար Թուրքիայի նախաձեռնած գործընթացը  Էրդողանի նախընտրական հնարքների շարքին է դասվում:

Սակայն, քաղաքական վերլուծաբանները նաեւ հավատացած են, որ Թուրքիայի ընտրություններին ընդառաջ, նախագահի թեկնածու Էրդողանի համար արժեքավոր նվեր մատուցելու հարցում Սիրիայի իշխանություններն այդքան առատաձեռն չեն գտնվի:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիվանագետ