«Հայա թ Թահրիր ալ-Շամ» (ՀԹՇ-HTS) անվանումով ապստամբների արագընթաց առաջխաղացումը Հալեպից Համա, ապա Հոմս ու Դամասկոս, Թուրքիայի զորակցությամբ, ընդամենը 12 օրվա ընթացքում տապալեց Ասադի գերդաստանի երկաթյա բռունցքի տիրապետությունը Սիրիայում, որն սկիզբ էր առել 1970-ին:
Սիրիայի քաղաքական բնապատկերը շնչակտուր արագութամբ է փոփոխվում: Մինչ պատմական ընդդիմադիրների խմբավորումները եւ անթիվ-անհամար փախստականները ողջունում են ներկա զարգացումները, սիրիական պատերազմը դեռ շատ հեռու է ավարտված համարվելուց: Ալավիների, քրիստոնյաների, իսմաիլիների եւ ավելի փոքր չափսերով՝ դրուզների փոքրամասնությունները մեծ զգուշավորությամբ են հետեւում իրադարձություններին:
Ռուսաստանի եւ Իրանի իր դաշնակիցներից լքված Բաշար ալ-Ասադը զոհ դարձավ ուկրաինական պատերազմի եւ 2023-ի հոկտեմբերի 7-ի Իսրայելի նախաձեռնած հակամարտության հեռահար հետեւանքներին: 13 տարիների քաղաքացիական պատերազմի եւ կոռուպցիոն դրսեւորումների պատճառով հյուծված նրա բանակը անկարող դարձավ դիմադրելու առանց Հըզբալլահի, Շիա մարտիկների եւ Ռուսաստանի վճռորոշ զորակցության:
Տասնամյա միջազգային տնտեսական ճնշումներն ու դրանց հետեւանքում թմրադեղերի արտադրության հանցագործ ձեռնարկությունների գոյառումը չթողեցին դիմադրության Շիա խմբավորման ամենաթույլ օղակին՝ ալավիներին, վերակազմավորվել եւ պատշաճ գործողություններ ծավալել:
Բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու Անկարայի կոչերը մերժելով՝ Բաշար ալ-Ասադը կանգնեց անսպասելի իրականության առաջ, որն էր իր երկրի մասնատումը ֆեդերալ հիմունքներով: 2017-ին Ռուսաստանը սահմանադրական փոփոխության առաջարկ էր ներկայացրել, համաձայն որի` Հյուսիսում պետք է ստեղծվեին ինքնավար շրջաններ Անկարայի հովանավորած խմբավորումների եւ քրդական ուժերի համար, եւ հատուկ կարգավիճակ շնորհվեր ալավիների ռեժիմի առափնյա կառույցներին:
Այսօր, մեր աչքերի առաջ գործադրվում է հնարավոր սցենարներից վատթարագույնը, որն հիշեցնում է հետ-Քադդաֆիի Լիբիայի զարգացումները: Պետությունը (Սիրիան) մասնատվում է մի քանի ինքնավար շրջանների, որոնք ընդմիջվող պատերազմներ են մղելու իրար դեմ ոչ միայն ընդերքի հարստություններից օգտվելու նպատակով, այլեւ սուննի մեծամասնության եւ ալավի, քուրդ եւ դրուզ փոքրամասնությունների միջեւ գոյություն ունեցող սոցիալ-կրոնական անխուսափելի հակամարտությունների պատճառով:
Բացահայտելով Թուրքիայի դերը
Ապստամբների հարձակումների հետ կապ չունենալու իր նախնական հռետորաբանությունից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ի վերջո ընդունեց իր երկրի ներգրավվածությունը իրադարձություններին: Ստատուս քվոն ի նպաստ իրեն շրջելու հնարավորություն ընձեռեցին 2023-ի հոկտեմբերի 7-ի դեպքերը. Ռուսաստանը գերզբաղված էր Ուկրաինայի հարցով, Իրանի համախոհները Միջին Արեւելքում ենթարկվում էին զանգվածային ոչնչացման Իսրայելի կողմից, իսկ Մ. Նահանգները գոհ էր, որ Թուրքիան առաջնային դերակատարություն էր ստանձնում Սիրիայում:
Արեւելյան եւ Կենտրոնական Սիրիայում ռազմական ներկայություն պահպանող ամերիկացիների համար ռեժիմի փոփոխությունը ենթադրաբար նշանակում էր, որ նոր կառավարությունը առնվազն ոչ մի սպառնալիք չէր ներկայացնելու Իսրայելին: Իսրայելն իր հերթին ռեժիմի տապալումը օգտագործեց անմիջապես վերահսկողություն սահմանելով Գոլանի բարձունքների վրա եւ դրանով բուֆերային անվտանգ գոտի ստեղծելով իր համար:
Հալեպն ու իր շրջանները տնտեսապես եւ քաղաքականապես հավանաբար կենթարկվեն Թուրքիային, ստեղծելով հիբրիդային մի կարգավիճակ Հյուսիսային Կիպրոսի օրինակով: Նման ձեւաչափը արդյունավետ կերպով գործում էր արդեն Սիրիայի այն տարածքներում, որոնք գտնվում էին Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության ներքո:
Թուրքիան միաժամանակ երկու նպատակ է հետապնդում. պանթյուրքիզմը (պաշտպանելով Սիրիայի թյուրքմեն մարտիկներին) եւ պանիսլամիզմը (թիկունք կանգնելով Դամասկոսի ներկա կառավարությանը, որն առաջնորդվում է Սիրիայի «Մահմեդական եղբայրության» սկզբունքներով):
Այս զարգացումները մտահոգություններ են պատճառում Հալեպի հետզհետե նվազող քրիստոնյա ազգաբնակչության եւ մյուս փոքրամասնությունների շրջանում, որոնք մեծապես գնահատում էին Ասադի հանդուրժողական մոտեցումները իրենց հանդեպ:
Ինչո՞ւ է վատթարագույնը դեռ առջեւում
Հյուսիսային եւ հարավային ճակատներում լքված լինելով իր դաշնակից Ռուսաստանի կողմից, Ասադի ռեժիմը փաստորեն ռուս-թուրքական համաձայնության զոհը դարձավ, հիշեցնելով Արցախի պարագան, որտեղ Ռուսաստանը հայերին զոհաբերեց հանուն աշխարհաքաղաքական շահերի: Մինչ Ռուսաստանը գուցե փորձի պահպանել իր հենակետերը Ալավիների առափնյա շրջաններում, միեւնույն է, նա միայնակ այլեւս չի կարողանալու ապահովել կայունությունը Սիրիայում: Դեպի Դամասկոս առաջացող ապստամբների խմբավորումները մեկ ընդհանուր նպատակ էին հետապնդում. տապալել Բաշար ալ-Ասադին:
«Հայա թ Թահրիր ալ-Շամը», որ «Ալ-Ղաիդայի» սիրիական մասնաճյուղի նորագույն մարմնավորումն է, եւ իր ջիհադիստները անխուսափելիորեն բախվելու են արեւելյան Սիրիայում վերակազմավորվող ԻՊ-ի մարտիկների հետ: Մինչդեռ առավելապես քուրդերի ղեկավարության տակ գտնվող «Սիրիայի ժողովրդավարական (դեմոկրատական) ուժերը» աչալուրջ հետեւում են իրադարձություններին` պատրաստ հակահարված տալու: Ակնկալվող քաոսը հիշեցնում է 2003 թվի Իրաքի եւ Սադդամ Հուսեյնի տապալումը: Փոքրամասնությունների կյանքն ու ունեցվածքը անապահով վիճակում են: Մինչ ՀԹՇ-ի մարտիկները ներկայիս վստահեցնող խոսքերով հանգստացնում են Հալեպի հայերին եւ ընդհանրապես քրիստոնյաներին, վերջիններս անորոշության մթնոլորտում են, որովհետեւ հանկարծակիի են եկել ինչպես գործողությունների չափազանց արագընթաց զարգացումից, այնպես էլ հավատարիմ ուժերի անսպասելի տապալումից:
Սիրիահայերը, որոնցից շատերը Հայաստանի քաղաքացիներ են, շփոթված են Սիրիայի հայկական համայնքների հետ պատշաճ համագործակցություն ծավալելու Հայաստանի կառավարության անկարողության պատճառով, հատկապես Դամասկոսում գործող ՀՀ դեսպանատան անձնակազմի հապճեպ էվակուացման որոշումից հետո: Սակայն, Ասադի ռեժիմը պաշտպանող Իրանի եւ Ռուսաստանի հետ մոտիկ հարաբերություններ ունեցող մի երկրի համար գուցե նման դիրքորոշումը հասկանալի թվա:
Սիրիահայերի մտահոգությունները առավել սաստկանում են, երբ վերհիշում են, որ ներկայիս Հալեպում գտնվող ջիհադիստներից ոմանք ոչ վաղ անցյալում որպես վարձկաններ Ադրբեջանում «հայերին էին որսում»: Մինչ 2020-ին հայերի դեմ վայրագություններ իրականացնող այդ վարձկանները ՀԹՇ-ի մրցակից «Սիրիայի Ազգային բանակ» հորջորջված թուրքամետ կազմակերպության շարքերից էին դուրս եկել, ներկայիս Հալեպում գտնվող թյուրքմեն մարտիկները, իրենց պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, իրավական լուրջ վտանգ են ներկայացնում:
Ի պատասխան ստեղծված ճգնաժամի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը փողերի արժեզրկման հետեւանքում իրենց կենսունակությունը կորցրած ընտանիքներին սննդի շտապ առաքումների ծախսերն է հոգացել, ինչը անհրաժեշտ նախաձեռնություն լինելով հանդերձ՝ բավարար օգնություն չէ:
Ի՞նչ է սպասում Հալեպի հակական համայնքներին (որոնք այնտեղ հատնվել էին 1915-ի իրադարձություններից անմիջապես հետո) իրենց անգնահատելի կառույցների, մշակութային օջախների, եկեղեցիների, վարժարանների եւ գրադարանների հարուստ ժառանգություններով: Եթե ստիպված լինեն դիմագրավելու Օսմանյան իշխանությունների ներքո կատարված իրավիճակը: Ի՞նչ է լինելու հայրենիքից դուրս գտնվող ամենահին հայկական ավանի` Քեսաբի հայերի ճակատագիրը:
Հակառակ Հալեպի եւ Դամասկոսի քրիստոնյաներին տրված նոր իշխանությունների հավաստիացումներին, ինչքերի թալանն ու կողոպուտը արդեն իսկ սկսվել է: Դամասկոսում, օրինակ, որոշակի թաղամասեր կողոպուտի էին ենթարկվել դեկտեմբերի 7-ին եւ 8-ին, երբ ռեժիմի տապալման լուրն սկսել էր շրջանառվել: Անվտանգությունն ու կայունությունը լուրջ քննության են ենթարկվելու, երբ հակամարտող խմբավորումները սկսեն բախվել իրար հետ` իշխանությունը վերցնելու մոլուցքով տարված: Նման սցենարը վախ է ներշնչում բնակչությանը, որ հետ-սադդամյան դեպքերը կկրկնվեն, եւ քրիստոնյաները կդառնան ահաբեկիչների հարձակումների, առեւանգումների, սպանությունների եւ կանանց դեմ ոտնձգությունների թիրախը:
Սիրիան դատապարտված է դառնալու «ջիհադի էպիկենտրոնը», դեպի իրեն ձգելով հազարավոր «նորակոչիկների», աշխարհի տարբեր կողմերից, որոնք պատրաստվում են իրականացնել իրենց «հիջրան» (արաբերեն), այսինքն` գաղթը: Երեւանից ակնկալվում է կազմակերպել մեր հայրենակիցների տարհանումը (էվակուացիան)` հենվելով ՄԱԿ-ի եւ Սիրիայում գործող դիվանագիտական ներկայացուցիչների զորակցման վրա:
ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ
Արեւելագետ, Փարիզ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ