ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը եւ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը Շվեյցարիայի Ժնեւի համալսարանի հետ համատեղ մշակում են արբանյակային լուսանկարների հավաքման եւ մշակման բազմաչափ տեղեկատվական համակարգ Հայաստանում լանդշաֆտների էկոլոգիական մոնիթորինգի հեռազննման համակարգի ստեղծման համար:
Երկամյա աշխատանքները հնարավորություն ստեղծեցին հավաքել արբանյակային լուսանկարներ ազգային շտեմարանում, որը ներառում է Landsat եւ Sentinel-2 արբանյակային լուսանկարների ամբողջական արխիվը, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերից ստացված լուսանկարներ: Համակարգում մշակվել է ջրային օբյեկտների տարբերակման եւ սահմանագծման ալգորիթմ:
Արբանյակային լուսանկարները հանդիսանում են շրջակա միջավայրի վերաբերյալ հավաստի տեղեկատվության կարեւորագույն աղբյուրներից մեկը:
Հավաքված տվյալները մեծածավալ են եւ դրանց մշակման համար պահանջվում են համակարգչային հաշվողական ռեսուրսներ: Գիտահեն որոշումների կայացման ազգային մակարդակում նման համակարգերի գոյությունը տարեցտարի դառնում է առավել կարեւոր:
2022 թվականին Հայաստանը թեւակոխեց տիեզերական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների զարգացման նոր փուլ պայմանավորված սեփական արբանյակի գոյությամբ:
Աշխատանքն իրականացվել է «Հայաստանյան տվյալների խորանարդ հանուն կայուն զարգացման – ADC4SD» նախագծի շրջանակներում: Այն ֆինանսավորվել է Շվեյցարիայի գիտության կրթության եւ նորարարության պետական քարտուղարության կողմից նախնական ներդրումային դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ