Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

«Տնտեսական բումին» զուգահեռ

«Տնտեսական կատաստրոֆա է, ոչ թե բում»:

ՀՀ քաղաքացի

Օրեցօր սրվող սոցիալական խնդիրներին ու չնահանջող գնաճին զուգահեռ կառավարությունը «տնտեսական բումի» մասին է հաղորդում:

Հայաստանի տնտեսության մեջ այս տարվա առաջին կիսամյակում գրանցված աճի հետ մեկտեղ դրամատիկ կերպով աճում է նաեւ աղքատության ցուցանիշը: Ավելի շատ ապրանք ներմուծող, քան արտահանող Հայաստանում  առաջին հիմնական սպառման ապրանքների գների նվազում այդպես էլ չարձանագրվեց:  Սա հանգեցրեց գնողունակության՝  երկնիշ ցուցանիշով նվազման, ինչի ֆոնին  տնտեսագետները  աղքատության մակարդակի ավելացում են կանխատեսում:

Համաշխարհային բանկը, օրինակ, չի բացառում, որ  Հայաստանում աղքատության մակարդակը կարող է հասնել  39,6%-ի, ինչը նշանակում է, որ ազգաբնակչության գրեթե ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է լինելու:

«Էլ ի՞նչ պետք է անեմ, որ աղքատ չլինեմ, մի օրվա մեջ  2-3 տեղ եմ աշխատում: Եթե այն ժամանակ մի փոքր էլի մատչելի էր, կարող էիր մի բան առնեիր ու հացի հետ տայիր երեխեքին, հիմա էդ էլ չես կարում »,- մեզ հետ զրույցում ասում է  3 անչափահաս երեխաների մայր Արմինեն:

Տնտեսագետ Պարսյանի խոսքով` սննդամթերքի միջազգային գների բարձրացումն, իհարկե, ազդել է հայաստանյան գների վրա, սակայն երկրում շարունակվող թանկացումների պատճառը նաեւ գյուղոլորտում կառավարության ձախողված քաղաքականությունն է: Նշենք, որ գյուղոլորտն այս տարի 9 ամիսների հաշվարկով գրանցել է 1.5% անկում, եւ այս անկումն էական ազդեցություն է թողել նաեւ սննդամթերքի գների վրա:

«Միս ընդհանրապես չեմ առնում, որ առնեմ հետո մեր դեղերին էլ փող չի մնա»,- ասում է 78-ամյա տիկին Մանուշակը, որը ամսական շուրջ 40 հազար դրամ թոշակ է ստանում:

Տարեց կինը սրտնեղում է ասելով. «Այսպիսի բարձր գնաճի պայմաններում 3 հազար դրամով բարձրացրին թոշակն ու նպաստը: Իսկ թե թանկացումների հետեւանքով քանի՞ այդպիսի 3 հազար դրամով է ավելացել թոշակառուի ու նպաստառուի ծախսը, մնաց ստվերում, ոչ մեկը դրա մասին չի խոսում»:

Հայաստանցիների գրպանին շարունակաբար հարվածող գնաճը պաշտոնական կանխատեսումներով առաջիկայում չի նահանջելու: Իշխանությունների հայտարարած «տնտեսական բումը» քաղաքացիների կողքով է անցնում միայն:

Երկու տարվա ընթացքում ոչ պարենային ապրանքների համախառն գնաճը հասնում է 18 %, ինչը պարենային ապրանքների շուկայի ավելի քան 29% թանկացումների հետ միասին իր ուղղակի ազդեցությունն է թողնում մարդկանց սոցիալական վիճակի վրա:

Այսպիսի թանկացումներից հետո կառավարությունը թոշակներն ու նպաստները 3 հազար, իսկ նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով ավելացնելով փորձում է ցույց տալ, թե սոցիալական խնդիր է լուծում, մինչդեռ դրանով նույնիսկ գնաճի կեսի ազդեցությունը չի ծածկվում:

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ