ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ ստացվել է «էլեկտրամագնիսականորեն-հարուցված թափանցիկության» (ԷՀԹ) ռեզոնանս՝ օգտագործելով գերնեղ օպտիկական բջջում պարփակված ալկալի ատոմների մագնիսականորեն-հարուցված (զրոյական մագնիսական դաշտում արգելված) անցումները:
Երկալիք լազերային դաշտերի ազդեցությամբ ատոմական գոլորշիներում տեղի ունեցող ԷՀԹ երեւույթը հայտնաբերվել է դեռեւս 30 տարի առաջ:Ներկայում այն կիրառվում է լույսի արագության դանդաղեցման, օպտիկական ինֆորմացիայի գրանցման եւ պահպանման համար: Այդ կիրառությունների հիմքում ատոմական անցումների վրա գերնեղ օպտիկական ռեզոնանսի ձեւավորումն է: Հայտնի է, որ յուրաքանչյուր տեսակի ատոմում այդ անցումները տեղի են ունենում որոշակի ֆիքսված հաճախությունների վրա: Կիրառական հետաքրքրությունն էլ ավելի կմեծանար, եթե հնարավոր լիներ փոփոխել անցումների հաճախությունը կամ «ստեղծել» նոր անցումներ: Եվ պարզվում է, որ դա հնարավոր է՝ օգտագործելով մագնիսական դաշտը:
Ինստիտուտում մշակվել են աշխարհում եզակի օպտիկական նանո-բջիջներ, որոնք թույլ են տվել առաջին անգամ ատոմական գոլորշիներում գրանցել եւ համապարփակ հետազոտել մագնիսականորեն-հարուցված անցումները:
Նանո-բջիջներում ալկալի ատոմների մագնիսականորեն-հարուցված անցումների վրա Էլեկտրամագնիսականորեն-հարուցված թափանցիկության ռեզոնանսների ձեւավորումն առաջին հերթին հեռանկարային է 50-5000 Գս տիրույթի համասեռ եւ խիստ անհամասեռ մագնիսական դաշտերի չափման համար: Հետազոտությունները կատարվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ