Հայաստանը գուցե կարող է դժվարությամբ հաղթահարել մեկ դժբախտություն, բայց երբ ողբերգական իրադարձությունները իրար են հաջորդում՝ ամբողջ երկիրն է հիմնահատակ ցնցվում:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը եւ դրա պատճառով առաջացած հումանիտար աղետը ցնցել էր ամբողջ հայ ազգին` Երեւանից մինչեւ սփյուռքի ամենահեռավոր անկյունները: Մենք սկսել էինք քննարկել, թե ինչպես ելք գտնենք շրջափակումից եւ օգնենք Լեռնային Ղարաբաղի (Արցախի) 120 հազար բնակչությանը, որպեսզի շարունակի գոյատեւել: Բայց նախքան ճգնաժամի լուծումը մեկ այլ աղետ տեղի ունեցավ: Գեղարքունիքի մարզում գտնվող Ազատ գյուղի ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ բռնկվեց հունվարի 19-ին: Մանրամասնությունները բացահայտվում են օր-օրի, եւ նույնիսկ ժամ առ ժամ: Դրանց հետ մեկտեղ ուժգնանում են մեղավորներ որոնելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու ջանքերը: Տասնհինգ զինծառայող մահացավ եւ երեք հոգի էլ հոսպիտալացվեց: Կարծիք կա, որ ընդհանուր 21 զինվոր է եղել այնտեղ եւ երեքը կարողացել են ապաստան գտնել ապահով մի վայրում: Այնպես որ, կենդանի վկաներ կան, որոնք իրենց տեղեկություններով կարող են օգնել հետաքննությանը:
Այս ողբերգական պահին փոխանակ իրար ձեռք ձեռքի տալու եւ միասնաբար սգալու մեր զավակների կորուստը, Հայաստանում ժողովրդի մեծ մասը շտապում է կողմնակալ դատողություններ անել: Աղետը դժբախտաբար պատճառ է դարձել շատ շատերի համար իրենց կարծիքն արտահայտելու ըստ կանխակալ հակվածությունների: Ընդդիմության համար կատարվածը հրաշալի առիթ է մեղադրելու իշխանություններին եւ պահանջելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը, կարծես դա լուծելու է խնդիրը, երբ թշնամին աչալուրջ հսկում է սահմանին եւ օրեցօր փորձում է խախտել Հայաստանի ինքնիշխան տարածքը` անուշադրության ենթարկելով միջազգային բազմաթիվ մայրաքաղաքներից հնչող քննադատություններն ու զսպվածության կոչերը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով պաշտպանության նախարարի հրաժարականի հարցին՝ նշել է. «Քաղաքական սակարկումները սին եմ համարում եւ անտեղի: Պաշտպանության նախարարը որեւիցե ձեւով չի կարող այս ամեն ինչի հետ կապ ունենալ, որովհետեւ իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքը ամբողջովին արել է»:
Գեղարքունիքում տեղակայված երկրորդ բանակի հրամանատար Վահրամ Գրիգորյանն ու մի տասնյակ այլ բարձրաստիճան զինվորականներ արդեն իսկ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: Կառավարության բազմաթիվ անդամներ, ներառյալ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եթերում հանդես են եկել` փորձելով մեղմել իրավիճակը եւ հերքել ընդդիմության մեղադրանքները: Բանավեճերն ու քննարկումները փոխանակ միավորելու ազգային ողբերգությունը հաղթահարելու հարցի շուրջ, է՛լ ավելի են իրարից հեռացրել կուսակցություններին:
Ներկա պահին 15 զինծառայողի կորուստը ավելի խոր ցավ է պատճառել, քան նախկինում ավելի մեծ թվով զինվորների կորուստը, որովհետեւ վերջիններս տեղի էին ունեցել Ադրբեջանի դեմ հայրենիքը պաշտպանելու կռիվների ժամանակ, որոնց ընթացքում նրանք շատ լավ էին դրսեւորել իրենց` մեծաթիվ կորուստներ պատճառելով թշնամուն, ինչը Բաքվի առաջնորդներին հասկացնում էր, որ թանկ են վճարելու իրենց արկածախնդրությունների համար:
Զինվորական պատմաբան Արծրուն Հովհաննիսյանի հավաստմամբ՝ Ազատում տեղակայված զինվորական կացարանը հուսալի դերակատարություն էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ: Նման գնահատականը պաշտպանում է ենթադրյալ այն թեզը, որ այդ խմբավորումը կարող էր գլխավոր թիրախը դառնալ Ադրբեջանի վրիժառուների համար:
Ընդդիմադիր առաջնորդներից` Երեւանի պետհամալսարանի դասախոս եւ «5165 Շարժման» հիմնադիր Մենուա Սողոմոնյանը վճռականորեն մեղավոր է ճանաչում վարչապետ Փաշինյանին եւ պաշտպանության նախարար Պապիկյանին, մեջ բերելով սահմանադրության 155 հոդվածը:
Փաշինյանն իր հերթին փորձելով սիրաշահել ներկաներին, Արագածոտնում ելույթ ունենալով ասել է. «Արձագանքներից որոշները ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ եւ հասկանալ պրոբլեմները իրենց խորության մեջ: Այդ պրոբլեմները շատ հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով»:
Քննարկումները հիմք են ծառայում անդրադառնալու բանակի բարեփոխումների սկզբունքային հարցին: Առաջին հարցը, որ առաջանում է այն է, թե ինչու վերոնշյալ կարեւոր վաշտը տեղակայված էր ջեռուցման տարրական պայմաններից զուրկ պրիմիտիվ մի կացարանում: Բանակի բարեփոխումների մասին երկար խոսակցություններից հետո նման կացությունը շառաչուն ապտակ էր իշխանությունների երեսին, որոնք ներկայիս ուրվականների որսով են զբաղված: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախկին նախարար, իսկ ներկայիս խորհրդարանի պատգամավոր Սեյրան Օհանյանի եւ մեկ այլ պատգամավորի` բժիշկ Արմեն Չարչյանի դեմ դատական հայց է ներկայացված անօրինական գույք ձեռք բերելու եւ այլ մեղադրանքների հիման վրա:
Ընդդիմությունը կառուցողական դեր չի կատարում, եւ կառավարությունը իջնելով նրա մակարդակին՝ փողոցային կռիվ է մղում, փոխանակ հմտորեն կառավարելու երկիրը, որն անհաշվելի դժվարին մարտահրավերներ է ստիպված դիմակայել:
Չնայած ճիշտ է, որ Ադրբեջանի 2020 թվականի սանձազերծած պատերազմը խանգարեց իրականացնել բազմաթիվ բարեփոխումային ծրագրեր, այդուհանդերձ դրանից առաջ բավական ժամանակ կար դրանք կյանքի կոչելու համար: Մոտ հինգ տարի է, ինչ Փաշինյանի վարչակազմը «նախկիններին» է մեղադրում երկիրը սխալ կառավարելու մեջ, բայց ինքն էլ նույն բանն է կատարում:
Եթե նույնիսկ բարեփոխումները սկսեն տեղի ունենալ այսօր, նախ պետք է կարգավորվեն մի շարք ներքին եւ արտաքին խնդիրներ: Դրանցից մեկը Ադրբեջանն է, որ զգուշացրել է, որ խոչընդոտելու է ամեն ջանք, որ Հայաստանը ձեռնարկի արդիականացնելու համար իր բանակը: Ռուսաստանը մերժում է զենք տրամադրել, չնայած Հայաստանը արդեն վճարել է դրա համար: Մոսկվան բազմաթիվ զարտուղի միջոցներ կարող է օգտագործել թույլ չտալու համար բանակի բարեփոխումների որեւէ ծրագիր, մանավանդ հիմա, երբ Երեւանը միջազգային այլ շուկաների դուռն է բախում այդ նպատակով: Հնդկաստանի հետ կնքված համաձայնությունը լավ սկիզբ էր, սակայն Իրանից ԱԹՍ-եր ձեռք բերելու պայմանագիրը կարող է քաղաքականապես թունոտ լինել, քանի որ ազդելու է ԱՄՆ-ի եւ Իսրայելի նուրբ ջղերի վրա: Կարճ ասած` Հայաստանը հայտնվել է երկու քարի արանքում: Արեւմուտքը զենք չի վաճառելու կամ տրամադրելու այնքան ժամանակ, որ Հայաստանը անդամակցում է ՀԱՊԿ-ին, իսկ ՀԱՊԿ-ն մերժում է աջակցել իր անդամ պետությանը նույնիսկ հարձակումների ենթարկվելու պարագայում:
Լավագույն սցենարի դեպքում անգամ, եթե զինամթերք տրամադրվի այնուամենայնիվ, Հայաստանը պարտավոր է իր ուրույն ռազմական դոկտրինան մշակել: Ռուսական զենքն ու զինվորական կազմավորումները 2020-ի պատերազմի օրերին ապացուցեցին, որ անարդյունավետ են: Հայաստանը ոչ ոքի առաջ ներողություն խնդրելու կարիք չունի այն բանի համար, որ անվտանգությունը պահպանելու համար ցանկանում է վերազինել իր բանակը:
Թող մեր զինվորները իզուր մահացած չլինեն: Հրդեհը, որ 15 հայ զինվորի կյանքը խլեց, թող ցավոտ` բայց օգտակար դաս հանդիսանա սկսելու համար խոստացված բարեփոխումները բանակում եւ դրանք հասցնելու այն մակարդակին, որի կարիքը ունի երկիրը:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)