Եվրոմիությունը, ԱՄՆ ամեն օր նույն՝ «խաղաղություն», «այլեւս երբեք» բառերի ծամոնն են ծամում, իսկ մենք ականջ ենք կախում ակնկալելով, թե հիմա, գուցե վաղը պատժեն պատերազմ ցանողին, ցեղասպանող դահճին: Ադրբեջանի նավթուգազը դեռ չեն բոյկոտել (թեեւ դրա ակնարկն արեցին գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ), դեռ ձկնկիթը շոյում է քիմքը, իսկ անչափելի փողասիրությունը …դարձել է հանցակիցներին միավորող հանգամանք՝ աշխարհի, նաեւ Արցախի, Հայաստանի երրորդ հանրապետության պետական այրերի բոլոր թերություններից տեսանելին…Անտեսանելին, անշոշափելին թերեւս ողբերգության ահռելի չափն է, դրա թվային ճշգրիտ փաստագրումը սեպտեմբերի 19-ին, 20-ին, 21-ին կատարված եւ դեռ շարունակվող ոճրագործության, որ զգում ենք մենք եւ որքան անսպասելի…նաեւ 2022-ի սեպտեմբերին ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ խուլուհամր, դեկտեմբերի 12-ից շրջափակված Արցախի մասին կեսբերան հիշատակող ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքը, որի զգայարանների կենսականությունը միշտ ցցուն է եղել, երբ խոսքը ուկրաինացիներին է վերաբերվել:
Սեպտեմբերի 21-ին Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ հրավիրած Ֆրանսիայի հետ սուր ելույթի մրցակցությունը, մեր կարծիքով շահեց Գերմանիան, քանզի Բերբոքի չափ Ռուսաստանի հանդեպ ատելություն դժվար թե ունենա ուրիշ մեկը: Բայց ո՛չ Բերբոքը, ո՛չ նրա հետ միասին Ադրբեջանի քարոզչությանը զսպաշապիկ հագցնող Ֆրանսիան, ԵՄ-ն, ԱՄՆ-ն բառազինանոցից չհանեցին իրավական սուրը՝ չգործածեցին «ցեղասպանության դանդաղ ձեւից՝ սովամահությունից արագ՝ հրետակոծությամբ ցեղասպանություն» իրագործելու, «էթնիկ զտում» որակումները, բավարարվելով միայն «բնօրրանից բռնի արտաքսում» «կանխամտածված գործողություն» (եւ նմանատիպ՝ բիրտ ուժ, տեղահանություն եւ այլն)… բառեր, որ «մեղմ» գուժում են դահիճի ցեղասպան վարքագծի մասին:
Առիթ է Բերբոքին հիշեցնել, որ իրենց պատվիրակության կազմում է նաեւ կառավարության խոսնակ Հեբեշթրայթը, որ, ինչպես գրել ենք շաբաթներ առաջ, իր ցինիզմի համար քննադատության արժանացել է, իսկ ներում դեռ չի հայցել: ՄԱԿ-ի արդարադատության դատարանի նախկին գլխավոր դատախազ Մորենո Օքամփոյին հղում տալով գերմանացի լրագրողը Արցախում կատարվողը ցեղասպանություն էր որակել, որ «պրոպագանդա» էր անվանել խոսնակը, իսկ հարցի մասին լսել էր ակնհայտ հեգնանքով, կողքինի հետ ժպիտ փոխանակելով: Հայ ժողովուրդը հիշաչար չէ, բայց նրա շնորհներից մեկը հիշողություն ունենալն է, ուստի սպասում ենք ապաշխարության:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան պահանջեց Ադրբեջանից անհապաղ երաշխիքներ տալ արցախահայության՝ իր բնօրրանում խաղաղ ապրելու հավաստմամբ: Նրա ելույթը բովանդակային տեսակետից լեցուն էր: ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի՝ Յոզեփ Բորելի ելույթն ավելի վաղ արված գրառման մեղմասացությունը վերաձեւակերպել էր՝ կոշտացնելով շեշտը, եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի տեսքից ակնհայտ էր, որ դժվարություն ուներ հանդուրժելու իր երկրին ուղղված՝ ԵՄ-ի այն զգուշացումը, թե «պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ իրավիճակի վատթարացման դեպքում», որի տողատակում պատժամիջոցների մասին անուղղակի հիշատակումն է:
ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն էլ պնդեց , որ ռազմական գործողությունները պիտի դադարեցվեն անհապաղ, մարդասիրական օգնությունը պիտի տեղ հասնի:
Թեեւ նույն սրահում էին գտնվում երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի ներկայացուցիչները, որոնք մի քանի տարի առաջ իրենց բանագնացներին էին ուղարկում Երեւան- Ստեփանակերտ- Բաքու, արծարծում Արցախի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի հարցեր, այժմ դրանք էլ չեն շրջանառում: Հայաստանը ի դեմս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերաշարադրում է՝ «այլեւս չկան հակամարտող կողմեր, կան զոհեր եւ ոճրագործներ»: Վերջին որակումը ենթադրում է, որ ծանրագույն հանցագործություն է եղել, ՄԱԿ-ի նիստերի դահլիճում ո՞ր երկրի ներկայացուցիչը չգիտի, որ հայ ժողովրդի դեմ նման ծանր ոճիրն անընդհատ եւ շարունակաբար է իրականացվում՝ թուրք- ադրբեջանական հորդայի անթաքույց պետական ատելությամբ:
Գերմանական առցանց լրատվականները, հեռուստատեսության, ռադիոյի տարբեր ալիքներ օպերատիվ լուսաբանում են, սակայն դրանց մեջ արդեն վաղուց գերակա է ոճրագործի շրջանառած կաղապարային պատմությունը՝ «ԼՂ-ն միջազգային իրավունքի տեսակետից պատկանում է Ադրբեջանին»: Վերջին ամիսներին այս նախադասությանը հաջորդում է, թե Հայաստանն էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սակայն, ինչպես նշել ենք մեր նախորդ հոդվածներում, Ադրբեջանի՝ Արցախը 9-ամսյա շրջափակելու ժամանակ գերմանագիր հոդվածներում ոչ մի անգամ չկարդացինք Ստեփանակերտի անվան ադրբեջանական հորինովի՝ Խանքենդին, որ ՄԱԿ-ի ամբիոնից սեպտեմբերի 21-ի նիստին հնչեցրին ՌԴ-ի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները: Ռուսաստանն իհարկե Ստեփանակերտն էլ գործածեց: Եւ՝ «Ղարաբաղի շրջան» ադրբեջանական ձեւակերպումը չի գրվել գերմանագիր հոդվածներում, այդ լեզվով գրավոր եւ բանավոր տիրույթում առավելաբար շեշտվել է ԼՂ դե ֆակտո պետական միավորում լինելու հանգամանքը, կիրառվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հայերեն՝ Արցախ ձեւերը: Սեպտեմբերի 20-ին առցանց «Ազգ»ում նկատել ենք, որ Գերմանական «Դոյչե վելլեն» (DW) Արցախին վերաբերող անընդհատ թարմացվող լրահոսը մատուցում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» թեմատիկ վերնագրի տակ: (Մինչեւ սեպտեմբերի 22-ը՝ այս հոդվածը տպարան գնալն այդպես է): Եթե այս խորագիրը չի փոխվել ՄԱԿ-ի ԱԽ նիստից հետո էլ, համարձակվում ենք ենթադրել, որ Գերմանիան հիշում է կանցլեր Շոլցի՝ Արցախի ինքնորոշման մասին մարտի 2-ին Բեռլինում Փաշինյանի հետ ասուլիսին հնչեցրածը եւ Բաքվի գազից չհրաժարվելով Ալիեւի առջեւ այս պատժամիջոցն է փորձում կիրառել: Նույն աղբյուրը երեկ «ԼՂ Հանրապետություն» թեմայի առաջին հոդվածը վերնագրել է «Հայաստանը Ադրբեջանին մեղադրեց «էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ», իսկ հոդվածի նախաբանում հատու ձեւակերպել՝ «ԳԴՀ ԱԳ նախարար Բերբոքը Հայաստանի քննադությանն ավելացրեց իրենը»: Հայաստանն այս դեպքում արտգործնախարար Միրզոյանն է, որը ԱԽ-ում չի պահանջում իր ծննդյան օրից Արցախից, հայ մարդուց լսած ինքնորոշման պահանջը, վարանում է «ցեղասպանություն» եզրը գործածել, բայց Արցախում ցույց է տալիս վտանգի չափը «էթնիկ զտում» արդի բառեզրով: ՄԱԿ-ի նիստից առաջ Հայաստանի վարչապետի՝ արցախահայերի ներկան եւ ապագան բնօրրանում «արժանապատիվ» բնորոշմամբ ձեւակերպումն իր համար խաղաքարտ չի դարձնում Գերմանիան, դուրս է գալիս հարմարավետ «չեզոք» գոտուց, եւ ո՞վ կասի, ի՞նչ կանի, երբ առաջիկա հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում հանդիպեն Փաշինյան-Միշել-Ալիեւ-Մակրոն-Շոլց ձեւաչափով: Ինչո՞ւ ենք շեշտադրում հենց «Դոյչե վելլեի» վերաբերմունքը: Պարզ պատճառով՝ այն ԳԴՀ ներքին լսարանի համար չի ստեղծում իր մեդիաարտադրանքը, հիմնադրվել է արտերկրում Գերմանիայի տեսակետն ու շահը ներկայացնելու նպատակով:
Ստուգենք ներքին լսարանի վերաբերմունքն էլ: Ինձ համար դրա միջոցներից մեկը գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի՝ ARD-ի լրատվական «Օրվա համայնապատկեր», «Օրվա թեմաներ» հաղորդման արձագանքներին սոցիալական մեդիայում հետեւելն է: Շատ հակիրճ՝ Բերբոքի ՄԱԿ ԱԽ Արցախի հարցով հատուկ նիստի ելույթին մեծ մասը հակադարձում է՝ այս (իմա՝ Արցախի) դեպքում ռազմական օգնության մասին չեք խոսում, ուրեմն Ուկրաինայի համար էլ պնդեք դիվանագիտական՝ բանակցային խաղաղ ուղին: Աշխարհի խաղաղության պատվերը միշտ դեմոսն է իջեցնում, ոչ թե դեմոսի՝ ժողովրդի ընտրյալ իշխանավորը:
Գերմանացիների համար տպագիր թերթերը դեռ օրվա՝ նախաճաշի կամ ընթրիքի ծիսակարգի մաս են, հաճախ թերթի հոդվածները առցանց անվճար չեն մատուցվում: Մայիսի 21-ին գերմանական «Թագեսշպիգելը» տպագիր տարբերակին զուգահեռ առցանց տարբերակում Էվա Ֆիշերի (Eva Fischer) հրաշալի համադրություններով հոդվածն է տեղադրել՝ Արցախի՝ ադրբեջանական վրեժից հիմնավորված վախը նկարագրելով: Մի հատված այդ հոդվածից՝ «Դուք մեր քաղաքացիներն եք», ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ ը: Անցյալ հոկտեմբերին նա ԼՂ-ի հայերին որակեց «շներ», որոնք «պետք է դուրս քշվեն Լեռնային Ղարաբաղից»: Այս հինգշաբթի Ադրբեջանի Եվլախում կայացել է ԼՂ-ի հայության եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: «Սա ավելի շատ թելադրանք է»,- ասում է Գերմանական արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Շտեֆան Մայսթերը: «Բաքվի պահանջած բոլոր պայմանները կընդունվեն: Հարցը հետեւյալն է՝ կա՞ն բնակչության անվտանգության երաշխիքներ, դրանք չեմ տեսնում»: Իսկ «Թագեսշպիգելի» տպագիր տարբերակում սեպտեմբերի 21-ին հրապարակված հոդվածը հետեւյալ վերնագիրն ունի՝ «ԼՂ հակամարտությունը. Ով ինչ շահ է հետապնդում»: Ով դերանունը հոգնակի դարձնենք, այդժամ պարզ կդառնա, որ խոսքը Փաշինյանի, Ալիեւի, Էրդողանի, Պուտինի, Շառլ Միշելի մասին է, հոդվածում հայ ընթերցողի համար նոր անկյուն կարող են լինել հետեւյալ ձեւակերպումները՝ «Թուրքիան տոնում է հաղթանակը՝ Ադրբեջանը հասել է նպատակին: Էրդողանը տարիներ ի վեր Ադրբեջանին սատարում է իր կողմնակիցների ազգայնական եւ ռեւանշիստական տրամադրություններով: ՄԱԿ-ում «եղբորը» ցուցադրական պաշտպանությամբ, թե Անկարան տեղյակ է եղել Բաքվի հարձակման մասին, Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը 10 օր առաջ Թուրքիա է այցելել»: «Պուտինը դեռ անձամբ որեւէ արտահայտություն չի արել. Մոսկվայի ղեկավարությունը սահմանափակել է իր կոչերը, որ նշանակում է, թե հակամարտության առաջին ջութակի դերը այլեւս ստանձնել է Բաքուն, ոչ Մոսկվան: Միեւնույն ժամանակ Պուտինը չի կարող իրեն արտոնել, որ Հայաստանին «բաց թողնի», քանզի երկիրը նրա աշխարհաքաղաքական գաղափարական կառույցի կարեւոր քարն է, որտեղ ռազմական ներկայություն ունի: Հայաստանում ռուսական ռազմակայանը էական կարեւորություն ունի Մոսկվայի համար, եւ քանի դեռ Ալիեւը դրան չի սպառնում, Պուտինի համար միեւնույն է, թե ինչ է նա անում»: «Ալիեւը շահարկում է այն հանգամանքը, որ ԵՄ-ն զգուշացումներից զատ պատժամիջոց չի կիրառի: Հիմնավորումը ԵՄ-ի հետ 2022-ի հուլիսին կնքած գազային պայմանագիրն է: Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին Բրյուսելից պատասխանել են, թե ԵՄ ուշիուշով հետեւում է (ԼՂ-ում կատարվողին) եւ հաջորդ քայլերն՝ ըստ դրա»:
Դառնանք կարեւոր մի քանի թերթի առաջին էջերին: «Զյուդդոյչե ցայթունգն» առաջին էջում տեղադրել է Ալիեւի «հակաահաբեկչական» գործողության ավարտի ՝ ԼՂ պարտության մասին սեղմ լուրը, իսկ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» (FAZ) առաջին էջի, երկրորդ էջի գլխավոր նյութն է դարձրել Արցախում կատարվողը: FAZ-ի այս համարը արժանի է, որ մեր արխիվում պահվի: Առաջին էջում նախ գերակա է լուսանկարը, որ պատկերում է Երեւանի սրտում՝ Հանրապետության հրապարակում կառավարության նստավայրի առջեւ հայ հավաքականության վրդովված ընդվզումը, դրա ներքեւում տեղադրված հոդվածը շնչահեղձ անող վերնագիր ունի՝ «Ղարաբաղի հայերը կողմ են իրենց զինաթափմանը»: Եւ ենթավերնագիր՝ «Ադրբեջանը մեկ օրում հասավ պատերազմի նպատակներին: Ռուսաստանը միջնորդեց զինադադար հաստատել»: Առաջին էջի աջ կողմի սյունակում «Ալիեւը փաստեր է ստեղծում» վերլուծականում Ալեքսանդր Հանեքեն (Alexander Haneke) գրում է՝ «երբ անգամ Ղարաբաղի հայերը իրենց զենքը վայր դնեն, հակամարտությունը դրանից հետո էլ չի լուծվելու: Տասնամյակներով ատելության եւ հրահրման պատճառով մարդիկ Ադրբեջան պետությանը չեն ինտեգրվել: Էթնիկ մաքրազտման վերաբերյալ մտահոգությունը բացարձակապես հիմնավորված է, լինի տեղահանությամբ կամ հայերի բնակվելն իրենց հայրենիքում անկարելի դարձնելու միջոցով: Միջազգային հանրությունը ամեն ինչ պիտի անի Ալիեւի վրա ազդելու համար, որ նա այս «զինադադարը» հաջորդ ոճրագործությամբ չավարտի»: Քանզի ի վերջո այդ դեպքում միայն նախկինում սատարող Ռուսաստանը չէ, որ անատամ վագրի նման կլինի, այլ մարդու իրավունքների պաշտպան ողջ Արեւմուտքը»:
Երկրորդ էջում Ֆրիդրիհ Շմիդի հեղինակած (Friedrich Schmidt) «Նրանք արդեն կապիտուլացիան ընդունել են» հոդվածի ներքեւում տպագրվել է «Էրդողանի սատարումը» «Ինչու է Թուրքիայի նախագահը Բաքվին սատարում» վերնագիր – ենթավերնագրով Անկարայից ուղարկված հոդվածը, կից « Վհատված եվրոպացիներ», «ԼՂ հակամարտությունը եւ եվրոպական դիվանագիտության սահմանները» Բրյուսել-Բեռլինից առաքված վերլուծությունը: Այստեղ շարադրվածը մասամբ ծանոթ է հայ ընթերցողին, քանի որ ներկայացնում է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշայել Ռոթի (Michael Roth) այն խոստովանությունն ու զղջումը, թե հարուստ եւ ավտորիտար Ադրբեջանի եւ աղքատ դեմոկրատ Հայաստանի հետ նույն կերպ հարաբերվելը սխալ է եղել, որ «մատնացույց է անում, թե Եվրոպայի արեւելյան հատվածի՝ մեր խաղաղության, կայունության մեջ ունեցած նշանակությունը ստորադասել ենք», գործել այն ժամանակ, երբ գրեթե ուշ է եղել: Այս հոդվածում էլ շեշտվում է ԵՄ այն մտադրությունը, թե հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի դեմ: Ռոթն այսպես է ձեւակերպում՝ «այն տպավորությունը չպետք է լինի, թե մենք ճնշումների ենթարկվող ենք, էներգակամատակարար կարեւոր գործընկերոջ վարքագիծը չտեսնելու կտանք, միայն թե էժան գազ ստանանք: Բաքվին հստակ ազդանշան պիտի հասցնենք, որ սառնասիրտ այս ագրեսիան հանգիստ չենք ընդունելու»:
«Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն» երկրորդ էջը եզրել է շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» սեպտեմբերի 20-ի համարում տպագրված մի հոդվածից մեջբերմամբ: «Ադրբեջանի այս հարձակողական պատերազմի ավարտին 32 ամյա միջազգայնորեն չճանաչված փոքրիկ պետությունը՝ Nagorni Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը) հավանական է աշխարհի քարտեզից վերանա: Լեռնային այս շրջանում 2000- ամյա պատմություն ունեցող հայկական բնակավայրի պետականության էջը երեւի այս բռնության պատճառով կգոցվի: Բայց այս սարսափելի սցենարը դեռ հստակ չէ, բոլոր պատերազմների ժամանակ անակնկալները հնարավոր են: Սակայն ադրբեջանական դիկտատուրան հետապնդում է առիթ ու միջոց՝ իրականացնելու վերջնական լուծումը»:
Գերմանացիները, եվրոպացիները գուժում են, որ Ալիեւը արցախահայերի սպանդը, եղեռնը չի դադարեցնի, մինչեւ իր նպատակին չհասնի: ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ֆրանսիան ու Գերմանիան կկանխե՞ն, կզսպե՞ն Ալիեւին, թե՞ ոչ, մենք հիշենք, որ ամեն հայ ոսկի է, փրկենք մեր միակ հարստությունը, գրկաբաց ընդունենք մեր հայրենակիցներին:
Ապաշխարելը առաջին հեթին զղջմամբ եւ մեծ սիրով է լինում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա