Մեր այս բարդ ու հակասական ժամանակներում, երբ մարդասիրական արժեքները հաճախ մղվում են երկրորդ պլան, իսկական հայի եւ լավ մարդու կերպարը առավել քան անհրաժեշտ է մեր հասարակությանն ու Հայրենիքին: Պետերբուրգաբնակ մեր ճանաչված հայրենակից, հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանն իր անձնվեր բարեգործությամբ վաղուց դարձել է օրինակ եւ հայտնի անուն թե՛ Ռուսաստանում, որտեղ նա ապրում եւ աշխատում է թե՛ իր Հայրենիք Հայաստանում եւ թե՛ աշխարհի բազմաթիվ անկյուններում:
Նրա գործունեությունը ոչ միայն նյութական աջակցություն է, այլեւ հույսի, բարության, համախմբման խորհուրդ եւ մարդասիրության կամուրջ՝ սերունդների միջեւ:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին մեր հայրենակից, Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար Հրաչյա Պողոսյանն ընդգրկվել է «Ռուսաստանի ոսկե անունների» ռեգիստրում:
Ավելի քան 25 տարիների բարեգործական գործունեության ընթացքում Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով աշխարհի 14 երկրներում իրականացվել է պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության ավելի քան 500 ծրագիր: Դրանք նոր կամ վերականգնված հուշարձաններ են, անվանի ու մոռացված հերոսների կիսանդրիներ ու հուշատախտակներ:
Բարեգործական ծրագրերի կեսը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի իրադարձություններին եւ հերոսներին: Հրատարակվել են տասնյակ գրքեր ու ամսագրեր, ինչպես նաեւ վավերագրական ֆիլմեր տարբեր թեմաներով:
Հրաչյա Պողոսյանի անցած ուղին հայրենասիրության, աշխատասիրության եւ պարտաճանաչության փայլուն օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդին, նա ամենուր իրեն դրսեւորում է որպես բանիմաց եւ պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումներն ուղղված են մեկ նպատակի՝ հանուն մարդու եւ մարդկության:
Մեկ տարի առաջ ճանաչված բարերարի կողմից Սանկտ Պետերբուրգում կյանքի կոչված «Պահպանելով հիշողությունը» թանգարանը օրերս նշեց իր առաջին տարեդարձը:
Կարծես երեկ լիներ՝ 2023-ի ոկտեմբերի 31-ին՝ Ազգային միասնության տոնին ընդառաջ, Սանկտ Պետերբուրգի հենց սրտում՝ Տավրիչեսկայա 45 տան բակում, շուրջ 200 հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ բացվեց պատմության նոր թանգարան:
«Պահպանելով հիշողությունը» անունը կրող թանգարանի հանդիսավոր բացմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի վարչակազմի, վետերանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտության եւ մշակույթի գործիչներ, կրթական կազմակերպությունների ղեկավարներ, ռուս Ուղղափառ եւ հայ Առաքելական եկեղեցիների սպասավորներ:
Վերջին 12 ամիսների ընթացքում շատ բան է տեղի ունեցել թանգարանի կյանքում. այստեղ ավելացել են քաղաքի ու երկրի պատմության համար նշանակալի նոր ցուցանմուշներ, թանգարանի կոլեկտիվն իր հարկի տակ հյուրընկալել է ավելի քան մեկուկես հազար հյուրեր՝ քաղաքի բնակիչներ, դպրոցականներ, վետերաններ, պետական եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու գործիչներ: Եվ սա դեռ սկիզբն է:
Այս տարվա հոկտեմբերի 31-ին թանգարանի հարկի տակ կրկին մեծ տոն էր՝ ինչպես եւ սպասվում էր՝ փուչիկներ, կենդանի երաժշտություն, հյուրասիրություն: Բազմաթիվ հյուրեր էին եկել շնորհավորելու Հրաչյա Պողոսյանին: Հրավիրվածների մեջ, ի դեպ, շատ կարեւոր, ճանաչված ու անվանի մարդիկ կային:
Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով այցելուներին՝ թանկ ժամանակը թանգարանին տրամադրելու համար՝ Հրաչյա Պողոսյանը մեկ անգամ եւս իր երախտիքի խոսքերը հղեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովին, ում հրամանով հատկացվել է թանգարանի տարածքը: Անվանի բարեգործը խոստովանեց, որ այսօր այդ տարածքում ամփոփված է իր ամբողջ կյանքն ու գործունեությունը:
– Այսօր ես շատ ուրախ եւ հպարտ եմ, որ գոյություն ունի մեր թանգարանը, մի վայր, որտեղ ներկայացված են իմ բարեգործության 25 տարիների բոլոր նախագծերը,- ասաց Հրաչյա Պողոսյանը:
– Ես գիտեմ, որ դուք գրանցել եք ձեր հիմնադրամը մեզ մոտ: Նրա գոյության տարիների ընթացքում շատ բան է արվել: Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում այն փաստին, որ ձեր բարի գործերով դուք պահպանում եւ ամրապնդում եք ավանդական արժեքները՝ դրանով իսկ օգնելով պետությանը: Կարծում եմ՝ մեր բոլոր պետական ծառայողները պետք է այցելեն այս հրաշալի վայրը: Հիանալի է, որ ոչ միայն ներդնում ես քո ֆինանսներն ու հոգին, այլեւ ներգրավում ես մարդկանց, երիտասարդներին,- ճանաչված բարեգործին դիմեց Ռուսաստանի արդարադատության նախարարության Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի գլխավոր տնօրենության պետի տեղակալ Գրիգորի Գալիչը:
Այդ տոնական եւ հանդիսավոր օրը Հրաչյա Պողոսյանը ամենատարբեր կազմակերպություններից եւ անհատներից բազմաթիվ շնորհավորանքներ եւ ուղերձներ ստացավ: Բոլորի խոսքերում սրտանց ուրախություն, ջերմություն եւ անկեղծություն կար: Միջոցառմանը ներկա հյուրերից մեկն էլ՝ Սանկտ Պետերբուրգում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը նշեց, որ «Պահպանելով հիշողությունը» ցուցահանդեսը շատ ժամանակակից եւ իր ոճային լուծումների մեջ ինքնատիպ թանգարան է:
Հաղորդավարն ընթերցեց նաեւ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու շնորհավորանքը, որում մասնավորապես ասվում էր. «Հրաչյա Պողոսյան» հիմնադրամի շնորհիվ մենք կարող ենք շոշափել պատմությունը, զգալ կապը ժամանակների եւ սերունդների միջեւ, դիտել մարդկության զարգացման տարբեր դարաշրջանների ցուցանմուշներ:
Հրաչյա Պողոսյանը շնորհավորանքներ է ստացել նաեւ Միխայլովսկու անվան ռազմական հրետանային ակադեմիայի ղեկավարությունից, Սանկտ Պետերբուրգի Սոցիալական քաղաքականության կոմիտեից, Տիխվինի եւ Լոդեյնոպոլի եպիսկոպոս Մստիսլավից:
Պաշտոնական մասից հետո հյուրերն այցելեցին թանգարան, որտեղ ներկայացված են մարդկության պատմությունն արտացոլող ավելի քան 70 ցուցանմուշ՝ սկսած մ.թ.ա. 4-րդ դարից առ այսօր:
Ցուցահանդեսն սկսվում է Կիրովսկում կանգնեցված կայսր Պետրոս Առաջինի հուշարձանի պատճենով: Հրաչյա Պողոսյանը վերստեղծել է հուշահամալիրը՝ ի նշան երախտագիտության հայ ժողովրդի նկատմամբ կայսեր ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի: Նրա տասից ավելի հրամանագրերը վերաբերում էին հայերի բարեկեցությանը:
Թանգարանում կարելի է տեսնել Նիկոլայ Գումիլյովի խորաքանդակը, Ֆյոդոր Դոստոեւսկու եւ մեծ իշխան Նիկոլայ Միխայլովիչի կիսանդրին:
Ցուցահանդեսի կենտրոնական մասը զբաղեցնում են Հայրենական մեծ պատերազմին նվիրված նախագծերը: Դրանց թվում է «Լենինգրադցիների արիության» հուշարձանը՝ խճանկարային վահանակ, նվիրված 1941 թ. հոկտեմբերի 14-ին Տիխվինի երկաթուղային կայարանում զոհված Լենինգրադի երեխաներին: Խորհրդային զինվորների հուշարձանը, ի դեպ, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայրենական մեծ պատերազմի զինվորների հիշատակի առաջին հուշահամալիրն է:
Թանգարանի նույն հատվածում կա Ամուրի մարտիկների, ինչպես նաեւ Սուհո կղզու հերոս պաշտպանների հուշարձանը: Թանգարանում ցուցադրված են նաեւ իրական մասունքներ, ինչպիսիք են Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովի աշխատանքային գրքույկը եւ 1941-1942 թվականներին օգտագործած նրա զինվորական պայուսակը՝ պլանշետը:
Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում «Լենինգրադի պաշտպանության համար» բնօրինակ մեդալը եւ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի անձնական իրը՝ տանկի ժամացույցը: Թանգարանն ունի նաեւ նեկրոպոլիսների քարտեզ, որի վերականգնումն ու ստեղծումը ֆինանսավորել է Հրաչյա Պողոսյանը:
– Շնորհավորում ենք թանգարանի հիմնադրման մեկամյակի առթիվ: Դուք մեծ աշխատանք եք կատարել: Հիշողությունը մեզ համար ամեն ինչ է: Պահպանելով այն՝ դուք օգնում եք կրթել մատաղ սերնդին, ինչի համար մենք ձեզ շատ շնորհակալ ենք,- ասաց Սանկտ Պետերբուրգի Կենտրոնական շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Վեկսլերը:
Միջոցառումն ավարտվեց տոնական հյուրասիրությամբ: Հյուրերը ջերմ խոսքեր ուղղեցին Հրաչյա Պողոսյանին, հանձնեցին նվերներ ու պատվոգրեր, իսկ պատվավոր բարերարն էլ իր հերթին գրքեր նվիրեց նրանց:
Ի դեպ, թանգարանում հյուրընկալվել էր նաեւ 2001 թ. աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, Հրաչյա Պողոսյանի վաղեմի բարեկամ Վաղինակ Գալուստյանը:
Նրանց ծանոթությունը սկսվում է 2021 թվականից, երբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը Հրաչյա Պողոսյանին դիմեց մի առաջարկ-խնդրանքով՝ ֆինանսավորել Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բակում կրթօջախի 26 սաների հիշատակը հավերժացնող հուշակոթողի շինարարությունը:
Արցախյան 44-օրյա պատերազմը հազարավոր ծաղկուն կյանքեր խլեց: Հանուն Հայրենյաց նահատակների թվում էին նաեւ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 26 սաները: Եվ Հրաչյա Պողոսյանը ստանձնեց ու ավարտին հասցրեց հուշակոթողի շինարարությունը:
«Պահպանելով հիշողությունը» թանգարանում շրջայց կատարելուց հետո Վաղինակ Գալուստյանը նշեց.
– Բառերով չեմ կարող արտահայտել այն հույզերը, որոնք ես այսօր ապրեցի թանգարանում: Ես ցնցված եմ՝ տեսնելով, թե ինչպիսի ահռելի ծրագրեր է կյանքի կոչել պարոն Պողոսյանը. Այն դերը, որը նա ստանձնել է, շատ կարեւոր է մեր հասարակության համար:
Այդ օրը աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը Հրաչյա Պողոսյանին նվիրեց «Արարատ» ֆուտբոլային թիմի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանի 11 համարի մարզաշապիկի պատճենը:
Հայկական ֆուտբոլային ակումբը, որի կազմում Նիկոլայ Ղազարյանը հանդես է եկել, 1973 թվականին նվաճել է ԽՍՀՄ առաջնության գավաթը: Ի պատիվ այդ հիշարժան հաղթանակի 40-ամյակի՝ Հրաչյա Պողոսյանը 2013 թվականին հուշարձան է կանգնեցրել Հայաստանում:
Տոնն ավարտվեց, սակայն հիմնադրամի եւ թանգարանի աշխատանքները շարունակվում են: Անելիքները շատ են:
Այո, Հրաչյա Պողոսյանի գործունեությունը ոչ միայն նյութական աջակցություն է, այլեւ հույսի, բարության, համախմբման խորհուրդ եւ մարդասիրության կամուրջ՝ սերունդների միջեւ:
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից