Օրերս կայացած Հայաստանի հանրապետության տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում երկրի գործադիրի ղեկավարի հնչեցրած` ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ թիվն իրոք ոգեւորող էր. երկրում 12,6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Նշվեց նաեւ, որ հիշյալ ցուցանիշը տարածաշրջանում ամենաբարձրն է, աշխարհում` 4-րդը: Էլի թվեր ասվեց, աշխատատեղերի թիվը 704 հազար է, գործազրկությունը 13 տոկոս, կենսաթոշակներն են ավելացել, ճիշտ է, առայժմ 3 հազար դրամով, այսուհանդերձ ավելացում է, մի խոսքով` ՀՀ տնտեսությունը վերելք է ապրում: Մեր հարյուր հազարավոր համերկրացիները տրվելով որոշակի ակնկալիքների, նաեւ տեղին հարցնում են. իսկ ե՞րբ են իրենք ու ընտանիքներից առանձնացած զավակներն զգալու աննախադեպ աճի արդյունքում առաջացող բարեփոխումների արդյունքները: Ասենք` գոնե երկսենյականոց բնակարանի սեփականատեր են դառնալու, պապի ժամանակներից մնացած կահույքն են փոխելու, սանհանգույցն են սալիկապատելու, լվացքի մեքենա են գնելու…
Ավա՜ղ, օրերը շաբաթներ են դառնում, շաբաթները ամիսներ ու տարիներ, իսկ հարյուր հազարավոր մեր հայրենակիցների այսօրինակ պարզ ու հասարակ սպասումները չեն արդարանում: Եթե անգամ մանկապարտեզ ու դպրոց, պոլիկլինիկա ու հիվանդանոց է կառուցվում, անգամ փողոց վերանորոգվում, դրանք նվազագույնս են առնչվում հանրության զգալի հատվածի հոգսերի հետ, որոնք առօրյա գնաճի պայմաններում այլ տրամադրությունների են տրվում: Նրանց համար այդպես էլ անհասկանալի է մնում գործադիրի ղեկավարի խոսքերը, ըստ որի ՀՀ տնտեսությունը պետք է ունենա բարդության ավելի բարձր աստիճան: Անվանումով հանրային Հ-1 հեռուստատեսության ստեղծագործական խումբն այս մոտեցումը յուրովի է հասկացել ու ՀՀ-ում գործող ամերիկյան շուրջ 200 տեղեկատվական ոլորտի աշխատակից ունեցող ընկերությունից հեռուստառեպորտաժ է պատրաստել… խաղային բիզնեսի բնագավառում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Տարօրինակորեն թե ցավալիորեն, լրագրության որեւէ ժանրի օգնությամբ դժվար է բացատրություն տալ նման գործելաձեւին: Թերեւս միակ տրամաբանված մոտեցումն այն է, որ մարդիկ գումար են ներդրել, բիզնես են հիմնել, խաղային նորամուծություններ են գտել ու դրանք վաճառելով գումարներ են շահում: Հարկահավաքություն իրականացնող պետական եկամուտների կոմիտեն իր լիազորությունների սահմաններում հարկերը գանձում է, տոկոսներն աճեցնում, որոնք նվազագույնս են առնչվում շարքային քաղաքացիների զգալի մասի առօրյա գործերի ու հոգսերի հետ:
Ինչպես խեցգետին կոչվողի պարագայում: ՀՀ քաղաքացուս շրջապատի մի քանի տասնյակ ընտանիքներում, որոնցից շատերը միջին եկամուտ ունեցողներ են, տասնամյակների ընթացքում չեմ հանդիպել գեթ մեկ դեպքի, անգամ հոբելյանական հանդիպումների պահերին, երբ մարդիկ սպասվածից առատաձեռն են, որ այդ խեցգետին կոչվողը առատ սեղաններին հայտնվի: Հավատացեք խոսքիս: Այս պարագայում չգիտես իշխանության ինչ մակարդակում, ում մտքով է անցել, խեցգետնագործության պետական աջակցության ծրագիր է կազմվել, ասել է թե` պետական օժանդակության խոստումներ, հարկային ու վարկային զիջումեր, բիզնեսի ծավալման արտոնություններ…
Թեման լուսաբանելու նպատակով որոշակի տեղեկատուներ թերթեցի, ջրային աշխարհի կենդանաբանությանը ծանոթացա, ավաղ` խեցգետին կոչվողի մասին ոչ մի հիշատակում: Միայն Հայկական սովետական հանրագիտարանի 5-րդ հատորում հաջողվեց այդ բառի հետ կապված նյութ գտնել: Էջ 49-ում կարդում ենք. Խեցգետին` կենդանաշրջանի համաստեղություն: Հաջորդ նյութը վերնագրված է` խեցգետիններ, հոդվածոտանիների տիպի ջրային կենդանիների դաս: Խեցգետին առանձին տեսակներ բազմացնում են ձկնաբուծարաններում` մատղաշ ձկներին կերակրելու համար: Մակաբույծ խեցգետինները մեծ վնաս են հասցնում ձկներին, վարակիչ հիվանդությունների տարածման միջնորդ տերեր են: Ոչ մի խոսք որպես սնունդ նշանակության մասին, թեեւ հայտնի է, որ մարդկանց առանձին խմբեր համտեսում են այն: Թող վայելեն, անուշ լինի, միայն թե` ինչո՞ւ ոչ հարուստ բյուջեից ֆինանսավորումների հաշվին: Միայն այն, որ ՀՀ բյուջեից մեկ բնակչի հաշվով տարեկան ծախսը կազմում է 1500-1700 ԱՄՆ դոլար, երբ շատ այլ երկրներում այդ գումարը 27000-37000 դոլար ու ավելին է, պարտադրում է խոսել նման ծրագրերի արդյունավետությունից, դրանց հանրային ու սոցիալական նպատակահարմարությունից: Չէ՞ որ արդեն ունենք արդյունաբերական կանեփի ծրագրի ձախողված օրինակը, տրանսպորտային առումով` լաստանավից օգտվելու անհեռանկարը, ինչո՞ւ ենք շարունակում յուրօրինակ տնտեսավերման փորձարարությունը: Սրանք հարցեր են, որոնք պետք է լրջագույնս քննարկի երկրի ՀՀ տնտեսական քաղաքականության խորհուրդը:
Հայաստանյան հանրությունն ակնկալում է, որ երկրի բյուջեն, ինչ մեծություն էլ այն ունենա, առաջնահերթը պետք է ծախսվի ռազմարդյունաբերության համալիրի կազմավորման, մարդկանց առաջին անհրաժեշտության սննդակարգի երաշխավորման, ՀՀ էներգետիկ հզորությունների ավելացման ուղղությամբ: Մեր մարդիկ պատրաստ են զիջումների ու զոհողությունների, եթե… նպատակն արդարացված է: Ավա՜ղ, ՀՀ տնտեսության ներկան նվազագույնս է հուսադրող: Հաճախ հիշելով երկրում առկա ներուժից, չենք բարձրաձայնում ՀՀ-ն ներկրումներով պահելու անորոշությունից, անգամ սեփական հացի հումք ցորենի արտադրության ծավալների աննախադեպ նվազումից: 2000-ականներին ունեինք մինչեւ 450 հազար տոննա ցորենի բերք, երբ 2022-ին այն կազմել է 97 հազար: Այս մասին պարզապես չի խոսվում, թերեւս արգելք է սահմանված: Դեպքից դեպք խոսվում է Վրաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումից, թուրքական բազմաբնույթ ներմուծումների կախվածությունից:
Թե դեպի ուր է տանում երկրի գործադիրը ՀՀ տնտեսությունը, կտեսնենք ու կզգանք թերեւս առաջիկա ամիսներին: Ապրենք հույսով, որն ըստ ժողովրդական իմաստության՝ վերջինն է… ասենք` հուսալքվում:
ՀՀ կառավարության 2022-ի ծրագրի կատարման զեկույցի ավարտին վարչապետը հաստատեց, որ մեզանում, այսուհանդերձ, պրոբլեմները (հայերեն` հիմնախնդիրը) խորանում են: Ապացույցը` ՀԲ-ից հերթական 100 մլն դոլարի, դրամով` 40.000.000.000 դրամի վարկ վերցնելն է, արտաքին պարտքի ահագնացումը, հենց 2023-ին դրա մարման ռիսկայնությունը:
Իսկ հիմա ամուր բռնվեք. հայերիս խոհանոցներում օգտագործվող գլուխ սոխի կգ-ի գինը կազմել է… 800 դրամ: Անակնկալի չգաք, երբ հանրային սննդի վայրում ձեզնից նոր գին պահանջեն:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ