Փետրվարի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովին, տարբեր երկրների գործընկերների հետ շփումների շրջանակում հանդիպել է նաեւ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր–Աբդոլլահիանի հետ:
ՀՀ արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախարարները գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջեւ պատմական կապերի եւ փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների դրական դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով որակական նոր մակարդակի հասցնելու հայ-իրանական համագործակցությունն անվտանգային, առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակույթի եւ այլ ոլորտներում:
Հայաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են «Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի վերջնականացման եւ ստորագրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարեւորելով փորձագետների՝ 6-րդ հանդիպման կազմակերպման նպատակով միասնական ջանքերի ներդրումը:
Բնականաբար, բոլորովին պարտադիր չէր, որ իրանական կողմը նույնպես իր տարածած հաղորդագրության մեջ զետեղեր նախարար Ամիր-Ադբոլլահիանի բարձրաձայնած բոլոր թեմաները, այդ թվում՝ Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման կարեւորության մասին հայտարարությունը: Սակայն, միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող թեմայի բացակայությունը ԻԻՀ ԱԳ նախարարին վերագրված հայտարարություններում, նշանակում է հայ-իրանական փոխգործակցության մասով Իրանի օրակարգում այդ խնդրի երկրորդական նշանակության մասին:
Նաեւ Իրանի ԱԳ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ ԻԻՀ արտգործնախարարը Երեւանի ու Թեհրանի միջեւ երկկողմ հարաբերությունները գնահատել է որպես զարգացման փուլում գտնվող հարաբերություններ: Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ամենակարճ ժամանակահատվածում տարանցիկ ճանապարհի գործարկման փաստը, որպես դրացիության կայուն հարաբերությունների պահպանմանն ուղղված քայլ, համարել է դրա առհավատչյան:
Անշուշտ, ցանկալի կլիներ, որ 30-ամյա դիվանագիտական կապերի պատմություն ունեցող մայրաքաղաքների միջեւ հարաբերություններն իրանական կողմից չգնահատվեին ընդամենը որպես զարգացման փուլում գտնվող հարաբերություններ, այլ դրանք դիտարկվեին իբրեւ զարգացման դժվարին փուլը հաղթահարած՝ նոր որակի հարաբերություններ, որի համար առկա են բավարար հիմքեր, եւ հայկական կողմը դրա մասին բարձրաձայնել է միշտ՝ թե՛ նախկինում, եւ թե՛ այսօր:
Իրանական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրությունը նաեւ տեղեկացնում է, որ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը «կրկին անգամ» իր պաշտոնակցին հրավիրել է այցելելու Հայաստան, բայց չի պարզաբանում, թե ինչու Իրանի արտգործնախարարը չի արձագանքել իր հայ գործընկերոջ առաջին հրավերին, ինչը կհավասարակշռեր ԻԻՀ ԱԳ նախարարի՝ դեկտեմբերին Բաքու կատարած այցելությունը, եւ կհամապատասխաներ Թեհրանի նախկինում հռչակած քաղաքականությանը: Չէ՞ որ ժամանակին Թեհրանը խստորեն հետեւում էր այդ սկզբունքին:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ, Իրանում ՀՀ նախկին դեսպան