Ակնթարթը բավական է տեսնելու համար մեր նյութի երկու հերոսուհիների դիմանկարների ֆանտաստիկ նմանությունը. ընդհանրությունը միայն արտաքինի մեջ չէ… Երկուսն էլ՝ երաժշտական աշխարհից, երկուսն էլ՝ օպերային արվեստում իրենց ձայնի ու նվագի թանձր երանգով, երկուսն էլ՝ գեղեցիկի ու վարպետության ներդաշնակություն. մեկը՝ համաշխարհային ճանաչումով, մյուսը՝ հայրենական արվեստի ծառայությամբ:
2023 թվականին հունվարին օպերային ժամանակակից արվեստի պրիմա Հիբլա Գերզմավայի վոկալիստների եւ կոնցերտմայստերների առաջին միջազգային մրցույթում երրորդ մրցանակին է արժանացել Ելենա Վարդազարյանը, որը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության ամբիոնի պրոֆեսոր Նունե Մուրադյանի մասնագիտական դասարանի դաշնակահարն է: Մրցույթին նա ներկայանում էր որպես Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոնցերտմայստեր:
Հիբլա Գերզմավայի հետ Ելենա Վարդազարյանն առիթ էր ունեցել ծանոթանալու դեռ Երեւանում, մրցույթի մեկնարկից մի քանի օր առաջ՝ նվագակցելով «Տոսկա» օպերայի համերգային կատարման փորձերին: Հազվադեպ գաղափարով այդ մրցույթի մասին առաջին անգամ իմացել էր անվանի թատերական ռեժիսոր Իրինա Լիչագինայից. 2018 թվականին նա մասնակցում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Անդրիս Ժագարսի բեմադրությամբ Ժ. Մասսնեի «Մանոն» օպերայի աշխատանքներին:
Ելենա Վարդազարյանին միանգամից գերեցին մրցույթի անթերի կազմված ծրագիրը, կառուցվածքը, տրվող առաջադրանքները: Նախընտրական փուլին մասնակից-կոնցերտմայստերը տեսաձայնագրության ձեւով պետք է ներկայացնեին տեսարան օպերայից՝ առանց մեներգչի եւ օպերային հատված՝ մենակատարի հետ: Այստեղ Ելենա Վարդազարյանը ընտրել էր «Տոսկա» օպերայի երկրորդ գործողությունը, ընդունված կարգով կատարելով նաեւ վոկալ համարները: Առաջին փուլ անցնելու էին 16 մասնակից, որտեղ պահանջվում էր նվագակցել մեկական արիա Մոցարտի եւ 19-րդ ու 20-րդ դարերի հեղինակների օպերաներից: Երկրորդ փուլում, երաժշտագիտական արտահայտությամբ՝ թերթից ընթերցումն էր (ընտրությունը կատարվում էր վիճակահանությամբ), առաջարկված ցանկի օպերաներից տեսարան, վոկալիստի հետ աշխատանք՝ մեկ արիայի շուրջ, ընդ որում հնարավորություն էր տրվում աշխատել օպերային խմբի արտիստներից մեկի հետ: Սրանք կոնցերտմայստերների համար ամենօրյա սովորական պահանջներն են, բայց, երբ քո աշխատանքը ցուցադրվելու է ուղիղ հեռարձակումով, փորձառու յուրաքանչյուր դաշնակահար լարվում է:
Մենակատար ու նվագակցող Ելենա Վարդազարյանը մրցույթներին մանկուց է մասնակցում՝ ընդունելով դրանք որպես ինքնաարտահայտվելու հնարավորություն: Այս անգամ նրան ընձեռնված էր աշխատել Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու եւ Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնի բեմում եւ տեղի մեներգչի հետ: Բացի մրցանակային տեղից, նա արժանացավ Ռուսաստանի կոնցերտմայստերների միության հատուկ մրցանակին, որը թույլ է տալիս ցանկացած տարվա հունվար ամսին մեկ անգամ մասնակցել տեղի ունեցող մեկշաբաթյա վարպետության դասերին ու դասախոսություններին:
Ինժեներների երաժշտասեր ընտանիքում ծնված Ելենա Վարդազարյանը 9 տարեկանից երգում էր հատվածներ Վերդիի «Աիդա», «Նաբուկո» օպերաներից: Դաշնակահարի, կոնցերտմայստերի, անսամբլիստի կենսագրության ձեւավորման ճանապարհին նա անպայման նշում է կոնսերվատորիական տարիների դասախոսներին՝ պրոֆեսորներ Անահիտ Բոգդանյանին, Գոհար Թորոյանին եւ Ջուլիետա Խաչատրյանին: Մինչեւ հիմա վառ են մնացել մասնագիտական դասարանի ղեկավար Անահիտ Բոգդանյանի մանկավարժական հուշումները. այսպես՝ եթե որեւէ հատված չէր ստացվում, գրականությունից հենց այդ դրվագին շատ պատշաճ մի երկու օրինակ էր բերում, եւ խոչընդոտը հաղթահարվում էր: Ելենա Վարդազարյան-նվագակցողի համար այս արվեստում կա եւս մեկ ուսուցիչ, որին նա առանձնացնում է՝ 20-րդ դարի խորհրդային կոնցերտմայստերական գործի մեծերից մեկին՝ Վաժա Չաչավային:
Մեր դափնեկիր գործընկերը կոնսերվատորիայում սկսել է աշխատել 2013 թվականից, համագործակցել է պրոֆեսորներ Սուսաննա Մարտիրոսյանի, Գայանե Գեղամյանի, Քրիստինե Սահակյանի, Աննա Մայիլյանի մեներգեցողության մասնագիտական դասարաններում: Կարելի է ասել, որ կոնցերտմայստերները մեներգիչների, մենակատարների ամբողջ կյանքի դասատուներն են: Միայն ուսուցչի օժտվածությամբ դաշնակահարների մոտ է ներդաշնակ դառնում այս մասնագիտությունը: Արմավիրի պետական քոլեջում դաշնամուրի մասնագիտական դասարանի եւ գործիքային կատարողական բաժնի վարիչի պարտականությունների համադրումը խոսում է Ելենա Վարդազարյանի դիմանկարում մանկավարժական հաջողված գործունեության մասին:
Վերոհիշյալ մրցույթը Ելենա Վարդազարյանին տվեց նոր ծանոթություններ, մարդկային կարեւոր շփումներ, ապրեց ուրախության զգացում հայազգի արվեստագետների մասին արձագանքներից, հասցրեց ներկա գտնվել Տրետյակովյան պատկերասրահ եւ «Բոլշոյ» թատրոնում Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» ներկայացմանը, որտեղ երգում էր համաշխարհային օպերային արվեստում արդեն ճանաչված բարիտոն, ԵՊԿ ակադեմիական երգեցողության ամբիոնի դոցենտ Գեւորգ Հակոբյանը:
Ամեն մրցույթ նորը դառնալու աստիճան է բացում… Ելենա Վարդազարյանը ստացել է Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնում աշխատելու առաջարկ: Սակայն նրա համար ավելի գնահատելի է աշխատանքը Մայր հայրենիքում՝ օպերային կատարողական արվեստի հայ ներկայացուցիչների համագործակցությամբ:
ԵՊԿ հանրային կապերի բաժին