Շատերին է հետաքրքրում, թե հնարավոր ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենալու Մ. Նահանգների արտաքին քաղաքականության ոլորտում, կախված այն բանից, թե ո՛վ կընտրվի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում. Քամալա Հարրի՞սը, թե՞ Դոնալդ Թրամփը: Որոշ քաղաքագետներ համոզված են, որ Հարրիսի քաղաքականությունը արտացոլելու է Ջո Բայդենի որդեգրած ուղին` կենտրոնանալով հիմնականում այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են` Ուկրաինային մինչեւ վերջ պաշտպանելը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարաբերությունների սերտացումը եւ Ռուսաստանի ու Չինաստանի վրա ճնշումների պահպանումը:
Ի հակադրություն, Թրամփի նոր պաշտոնավարությունը նմանվելու է նախկինին, որի ընթացքում ճնշում է բանեցվելու ՆԱՏՕ-ի վրա, սահմանափակվելու է միջամտությունը միջազգային խնդիրներին (բացի որոշակի առաջնահերթ նշանակության դեպքերից), կայուն պաշտպանություն է տրամադրվելու Իսրայելին, պատժամիջոցներ են իրականացվելու Իրանի դեմ, իսկ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերություններում էական փոփոխություններ են նախատեսվելու:
Ներկա հոդվածում հիմնականում փորձելու ենք քննարկել, թե ինչպես է Հարրիսի կամ Թրամփի նախատեսած արտաքին քաղաքականությունը անդրադառնալու ընդհանրապես Հարավային Կովկասի եւ մասնավորապես` Հայաստանի վրա:
Հուլիսի 21-ին նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ հրաժարվում է երկրորդ ժամկետով վերընտրվելու մրցակցությունից եւ Քամալա Հարրիսին է նշանակում որպես դեմոկրատական կուսակցության կողմից նախագահական թեկնածու: Բայդենը դրանով դարձավ Մ. Նահանգների պատմության մեջ երրորդ նախագահը, որ նման քայլի է դիմում: Իրենից առաջ Մ.Ն. 33-րդ նախագահ Հարրի Ս. Թրումենն ու 36-րդ նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնն էին հրաժարվել երկրորդ ժամկետի վերընտրությունից:
Նախագահական ընտրությունները նշանակալի իրադարձություն են ԱՄՆ-ի հետագա քաղաքականությունը ձեւավորելու գործում: Այդ պատճառով էլ համայն աշխարհի ուշադրության կիզակետում են գտնվում, եւ այդ առումով Բայդենի որոշումը անկասկած մեծ դեր է կատարելու: Հարրիսից եւ Թրամփից բացի նախագահության մի երրորդ թեկնածու էլ կա, հանձին ճանաչված ակտիվիստ, իրավաբան Ռոբերտ Ֆ. Քենեդիի, որ կարող է խնդիրներ առաջացնել մյուս երկուսի համար` ձեռք բերելով որոշակի քանակության քվեներ տատանվող նահանգներում եւ այդ հազարավոր ձայներով փոխել նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները:
Բայց հիմնական պայքարն անշուշտ լինելու է երկուսի` Հարրիսի եւ Թրամփի միջեւ: Եվ նրանցից ով էլ որ ընտրվի, հստակ է մի բան, որ Մ. Նահանգների արտաքին քաղաքականությունը ընդհանուր առմամբ կրելու է որոշ փոփոխություններ եւ դդրա հետեւանքում անշուշտ փոփոխություններ կրելու է նաեւ Հարավային Կովկասի նկատմամբ Ամերիկայի դիրքորոշումը:
Բայդենի վարչակազմի օրոք Մ. Նահանգները ակտիվ միջնորդի դեր էր ստանձնել կարգավորելու համար հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները: Այդ քաղաքականությունը նոր չէր, քանի որ ԱՄՆ-ի վերջին շրջանի բոլոր նախագահներն էլ, սկսած Ջորջ Բուշ ավագից, հետամուտ են եղել կարգավորելու հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները: Ներկայիս, սակայն, նշանակալի տարբերությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է միակողմանի զիջումներ կատարել, մի բան, որ նախկինում չէր պատահել ՀՀ նախագահներից ոչ մեկի իշխանության օրոք: Այս փաստը հնարավորությունների նոր դուռ է բացել Մ. Նահանգների առջեւ, որպեսզի հակամարտությունների կարգավորմանը մասնակցելու միջոցով նվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում: Այդ պատճառով էլ առավել ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում ակնառու է:
Ինչ վերաբերում է Քամալա Հարրիսին, պետք է նշել, որ նա բավական ակտիվ կերպով համագործակցել է հայկական լոբբիստական խմբավորումների հետ սենատոր եղած ժամանակ եւ պաշտպանել է մի շարք հայամետ նախաձեռնություններ: 2019-ին եւ 2020-ին Հարրիսը ստորագրել է Արցախի ականազերծման աշխատանքների պահանջագիրը: 2020-ին նա ստորագրել է Կոնգրեսի գրադարանին ուղղված մի նամակ, որով աշխատակիցներից պահանջում է պատշաճորեն վերադասակարգել Հայոց ցեղասպանության հետ առնչվող նյութերն ու փաստաթղթերը: Նա նաեւ 2019-ին եւ 2020-ին ապրիլքսանչորսյան հայտարարությամբ է հանդես եկել: Սակայն նա չի ստորագրել այնպիսի բանաձեւերի տակ, որոնք դատապարտում են մարդու իրավունքների խախտումները Ադրբեջանում ու Թուրքիայում եւ արգելում զենքի վաճառքը այդ երկու երկրներին: Չի ստորագրել նաեւ (2020-ին) այն որոշման տակ, որ դատապարտում էր ադրբեջանա-թուրքական հարձակումները Արցախի եւ Հայաստանի վրա: Հակառակ Կալիֆոռնիան ներկայացնող սենատոր լինելուն, նա երբեք աչքի չի ընկել որպես հայամետ նախաձեռնությունների կամ որոշումների պաշտպան:
Հասկանալու համար, թե նախագահ ընտրվելու դեպքում ինչ քաղաքականություն կվարի Հարրիսը, պետք է ընդգծել, որ նա այնքան էլ մեծ փորձառություն չունի արտաքին քաղաքականության բնագավառում եւ հավանաբար հենվելու է հիմնականում խորհրդատու-փորձագետների կարծիքների վրա, ի հակասություն Բայդենի, որ խորագիտակ էր ինչպես Մ. Նահանգների արտաքին քաղաքականության, այնպես էլ միջազգային հարաբերությունների բնագավառներում:
Թրամփի հաղթանակի պարագայում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը ետին պլան են մղվելու եւ որոշակի պասսիվություն է նկատվելու: Մինչեւ 2021 թիվը, այսինքն` ղարաբաղյան 44-օրյա պատերազմը ներառյալ, մենք ականատես եղել ենք Թրամփի արտաքին քաղաքականությանը, որն առանձնանում էր բավականին պասսիվ դիրքորոշմամբ: Նա սահմանափակվեց ընդամենը մի քանի հայտարարություններով ու թվիթերյան գրառումներով եւ որոշակի քայլեր չձեռնարկեց հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Այդ պատերազմում Թրամփի վարչակազմի միակ նշանակալի քայլը հայկական համայնքի հետ Ազգային անվտանգության խորհրդատուի հանդիպումն էր: Նաեւ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 3-րդ հրադադարի կայացումը, որն այդպես էլ երկար կյանք չունեցավ: Ոչ մի ուրիշ հիմնարար ներգրավվածություն չի գրանցվել եւ հիմքեր չկան, որ նրա երկրորդ պաշտոնավարության ընթացքում իրավիճակը կփոխվի: Հնարավոր է, որ նա դարձյալ որդեգրի մեկուսացման քաղաքակաությունը: Պաշտոնավարության իր առաջին ժամանակահատվածի օրինակով նա հավանաբար առաջնահերթությունը տալու է` արձագանքելով Մ. Նահանգների կենսական շահերին վերաբերող հարցերին, ինչպիսիք են, օրինակ, Միջին Արեւելքի թնջուկը, Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությունը եւ Չինաստանի հետ հարաբերությունների պարզաբանումը:
Հաշվի առնելով, որ ամենայն հավանականությամբ Թրամփը փորձելու է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ վերջ է դնելու ռուս-ուկրաինական պատերազմին, Ռուսաստանը հնարավորություն է ունենալու ավելի ակտիվ քայլեր կատարելու Հարավային Կովկասում, ներառյալ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում` դառնալով գլխավոր միջնորդը:
Եզրափակելով նշենք, որ անկախ ընտրությունների արդյունքից, փոխնախագահ Հարրի՞սը կհաղթի, թե՞ նախկին նախագահ Թրամփը, Մ. Նահանգների ակտիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշ չափով անկում է ապրելու:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմ` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)