Գերմանալեզու https://taz.de/ հարթակում taz Panter հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի նախագծերի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հրատարակել է «110 տարի անց. Հայկական ալեգորիաներ Բեռլինում» հոդվածը: Իր անդրադարձը նա սկսել է Ցեղասպանության մասին տեղեկությամբ՝ չմոռանալով նշել, որ «Լեռնային Ղարաբաղի 2020 թ. պատերազմի եւ դրան հաջորդած սովի ու տեղահանությունների խորապատկերին հայերի տրավմատիկ հիշողություններն ավելի են սրվել: Հայոց ցեղասպանության թեման կարեւոր է նաեւ Գերմանիայի համար, քանի որ Առաջին աշխարհամարտի ժամանակ նա դաշնակից էր Օսմանյան կայսրության հետ: Ցեղասպանության ապացույցները նույնքան հաստատված են, որքան Գերմանիայի մասնակցությունն այս հանցագործությանը»:
Հոդվածում տեղեկացված է, որ Բեռլինի «Մաքսիմ Գորկի» թատրոնն ապրիլի 24-ից մայիսի 30-ը անցկացնում է «100+10. Հայկական այլաբանություններ» փառատոնը, որտեղ տարբեր երկրների հայ արվեստագետներ ներկայացնում են Ցեղասպանության թեման՝ կերպարվեստի, գրականության, կինոյի, թատրոնի եւ երաժշտության միջոցով:
Ծրագրում ընդգրկված են գրական եւ կինոյի երեկոներ, ավելի քան 40 աշխատանքների ցուցահանդես, համերգներ եւ հյուրախաղեր՝ Երեւանից, Ստամբուլից, Ամստերդամից ու Գյոթեբորգից: «Թեեւ պատմվում է անցյալի մութ պատմությունը, արվեստագետները նայում են նաեւ դեպի ապագա՝ հետազոտելով հետխորհրդային Հայաստանի աղքատության, սոցիալական ճգնաժամերի եւ ներքին պայքարի թեմաները»,- նշված է հոդվածում:
«Հոգիս աքսորյալ» գրական շարքի շրջանակում հայ եւ գերմանացի գրողները քննարկելու են պատերազմական իրավիճակում ստեղծագործելու մարտահրավերները: «Այն, որ արվեստը կարող է ծաղկել ավերիչ իրադարձությունների միջից, արդեն հրաշք է»,- ասել է փառատոնի նախաձեռնող, Բեռլինի «Մաքսիմ Գորկի» թատրոնի բեմադրիչ Շերմին Լանգհոֆը (ծնունդով Թուրքիայից, ունի չերքեզա-հունական ծագում): Նա համադրող Անահիտ Բագրատյանի հետ taz lab հարթակում քննարկելու է, թե ինչպես է հնարավոր ցավի եւ զայրույթի պայմաններում պահպանել ստեղծագործելու կարողությունը: Թատրոնն ու գրականությունը կարող են դառնալ կամուրջներ՝ նույնիսկ երբ քաղաքական բաժանումները խորն են: «Հուսալքվելը հեշտ է,- նշել է Լանգհոֆը,- բայց իրական հույսը մեր պայքարի ուժն է, ոչ թե դրանից հրաժարվելը»:
Ա. Բ.
Նկարում՝ «Հայրապետյանների ընտանեկան դիմանկարը» նույնպես ցուցադրվելու է փառատոնում (լոուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի):