-Ո՞վ էր Շառլի Խուբեսերյանը,-հարցրեք ֆրանսիացիներին, եւ նրանք կպատասխանեն.
-Օ, Շառլի Խուբեսերյանը կերպարանփոխության մեծ վարպետ էր:
Եվ այդպես էլ կար: Ֆրանսիայում ծնված այս հայի փորձառու ձեռքերը կես դարից ավել հրաշքներ են գործել: Դարձնել անճանաչելի, վերացնել դեմքին դաջված հոգնությունը, թարմություն ներարկել, գեղեցկացնել եւ վերջապես՝ տգեղացնել: Մի խոսքով՝ փոխել արտաքինը: Սա էր Շառլի Խուբեսերյանի մասնագիտությունը:
Ժան Գաբեն, Ջինա Լոլոբրիջիդա, Ֆեռնանդել, Լուի դը Ֆյունես, Ալեն Դելոն, Ժան Մարե, Շառլ Ազնավուր, Մոնիկա Վիտտի, Նատալի Վուդ, Մորիս Շեւալիե, Էնթնի Քուին, Բեթ Դեյվիս, Ժան Պոլ Բելմոնդո….Եվ էլի շատեր, որոնց Խուբեսերյանը օգնել է մտնել դերի մեջ, նրանց ներքին էության համար ստեղծել է համադրելի արտաքին կերպար՝ ձեռքի տակ ունենալով շպար, վրձին, սնգույր, բեղեր ու մորուսներ: Եվ, անշուշտ, գործի է դրել իր բացառիկ պրոֆեսիոնալիզմը, մնացածը թողել է դերասանի վարպետությանը:
Դը Գոլն ու Ֆրանսիայի այլ նախագահներ իրենց դեմքերը վստահել են ցեղասպանությունից մազապուրծ Խուբեսերյան ընտանիքի շառավղին: Նրանք իրավունք չունեին իրենց ժողովրդին, բայց, առավել եւս, աշխարհի մյուս տիրակալներին հոգնած կամ դժգույն երեւալու: Եվ նրանց առույգ եւ թարմ տեսքն ապահովում էր Շառլին:
Շառլին ինքն էլ էր զարմացած, թե ինչպես այդչափ առաջ գնաց իր գործի մեջ: Չէր հասկանում, թե ո՞նց ստացվեց իր հաջողությունը, ո՞նց կարողացավ ճեղքել պատնեշը՝ չլինելով հրեա, միասեռական, ֆրանկմասոն , փոխարենը լինելով գաղթական ընտանիքի զավակ: է, Շառլի, չհասկանալու ի՞նչ կար: Դու տաղանդավոր, ազնիվ, աշխատասեր հայ էիր, դրա դիմաց ի՞նչ ֆրանկմասոն, ի՞նչ բան…
Երբ 18 տարեկան էր, Իդեք պետական դպրոցում վաթսուն ուսանողներից ընտրվեց երկուսը:Շառլին նրանցից մեկն էր: Ընտրեց կինովիզաժը, իսկ մյուս ուսանողը՝ հեռուստատեսայինը:
Հիմա արդեն Աշո Շահխաթունին՝ Փարիզում արդեն հայտնի մեկ այլ հայ դիմահարդար, որն առաջին հանրապետության տարիներին Երեւանի զինվորական պարետը լինելու պատիվն էր ունեցել, բացեց կերպարանափոխության կախարդական աշխարհի գաղտնիքները ջահել Շառլիի առջեւ:
Առաջին ֆիլմը, որի ստեղծմանը մասնակցել է Շառլին, նկարահանվեց 1949-ին: Դրան հաջորդեցին 100-ից ավել ֆիլմեր:Բազում հերոսներ, ամենատարբեր տիպաժներ՝ Էնթնի Քուինի Քվազիմոդոյից մինչեւ Բելմոնդոյի Սիրանո դը Բերժրակը:
Բելմոնդոն նստած էր հայելու առջեւ, իսկ Շառլին զբաղված էր կախարդանքով. Նա Ժան Պոլից դը Բերժերակ էր կերտում: Շատ նուրբ եւ բավական բարդ աշխատանք էր: Այդ ժամանակ մահանում է Դը Գոլի դիմահարդարը, եւ նախագահական պալատից հրահանգում են «բերման ենթարկել» Շառլի Խուբեսերյանին: Այսպիսով՝ նա դառնում է իշխանական վիզաժիստ՝ Դը Գոլից հետո իր տաղանդը բանեցնելով Պոմպիդուի, ապա Միտերանի դեմքերին:
Լավագույն դիմահարդարումը անտեսանելի, առավելագույն բնական դիմահարդարումն է: Հենց այս սկզբունքն էր իր աշխատանքի հիմքում: Թե՛ իբրեւ դիմահարդար, թե՛ դիմահարդարման նյութերի ստեղծիչ, որոնք նախատեսված էին ոչ միայն կինոյի, թատրոնի եւ հեռուստատեսության, այլեւ առօրյա կյանքի համար:
«Ո՞րն է առավել դյուրին՝ տգեղացնել, թե՞ գեղեցկացնել մարդուն, եւ ո՞րն է դեմքի ամենաբարդ հատվածը դիմահարդարման ընթացքում» հարցին Շառլին ուներ իր պատասխանը. «Անշուշտ` տգեղացնել, ճիշտ այնպես, ինչպես առավել դյուրին է մարդուն ծերացնել, քան ջահելացնել: Իսկ ամենից բարդ հատվածը մարդու աչքերն են»:
Առնվազն 45 րոպե լույսի ու ստվերի մեջ, դիմահարդարման նյութերով եւ գործիքներով, ինչպես նկարիչը կտավի առջեւ, Շառլի Խուբեսերյանը վրձնահարվածներ էր անում դերասանի դեմքի վրա, փոխում նրան անճանաչելիության աստիճան: Իսկ ինքը միշտ ճանաչելի էր. ամենուր հաստ սիգարը ատամնաշարի արանքում՝ թեկուզ եւ հանգած. տանը կամ նկարահանման հրապարակում, փողոցում, կամ Շանզ Էլիզեից ոչ հեռու Պոնթյո նեղլիկ փողոցի համար 8 շենքում գտնվող իր խանութ- լաբորատորիայում:
Անգամ, եթե նա այնտեղ չէր, իր անտեսանելի ներկայության մասին մատնում էր մոխրամանում մնացած սիգարի կտորը:
ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ