Խելամիտ մարդն ի՞նչ մտածի, երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ չի կարողացել զենք գնել, չի զինել բանակը: Իսկ եթե չի զինել, ուրեմն մի ամբողջ ժողովրդի անվտանգությունն է ռիսկի տակ դրել, պետությունը թիրախավորել, բանակում ծառայող ժամկետայիններին ու կամավորներին թողել բախտի քմահաճույքին, որովհետեւ սահմանին կանգնած զինվորն առանց զենքի, բազկամարտի՞ է բռնվելու թշնամու անօդաչուների ու հրետանու հետ:
Թշնամին Ջերմուկը գրոհում է, իսկ երկրի ղեկավարը ամբիոնից դեռ նախկիններին է մեղադրում, Ադրբեջանը էլի է ավելացրել իր ռազմական բյուջեն, իսկ Հայաստանի իշխանությունները էլի են ավելացնում պարգեւավճարների ֆոնդը, աստղագիտությունը հանել են դպրոցական ծրագրից, ֆիզիկան ու բնական գիտությունները հասցրել քարանձավային մակարդակի, բայց աստղաբաշխական գումարներ են ծախսում «Սթարմուս» փառատոն կազմակերպելու: Մեկ միլիարդ դոլարանոց ուսանողական քաղաք են ուզում կառուցել, երբ թշնամին մեր ծաղկուն, հինավուրց քաղաքներն է գետնին հավասարցենում:
Մի բռաչափ երկրում պատերազմ է, իսկ ժողովուրդը տեղյակ չէ, թե թշնամին իրականում ո՞ւր է հասել, ո՞ր գյուղերն ու քաղաքներն են հրետակոծվում, ո՞ւմ՝ ի՞նչ օգնություն է պետք, ո՞ր ճանապարհով, ի՞նչ միջոցներով է հնարավոր ադրբեջանական զինուժի դեմ մարտնչող մեր 18-20 տարեկան զինվորին օգնություն հասցնել, կամ ինչի՞ կարիք ունի նա: Իսկ պարզվում է՝ զինվորն ամեն ինչի կարիք ունի, այդ թվում՝ փամփուշտի:
Իշխանությունները պատ են շարել իրենց ու ժողովրդի միջեւ: Երկրին ու ժողովրդին նայում են միայն իրենց ծառայողական ավտոմեքենաների դիմապակուց եւ աշխատասենյակների պատուհանից: Իսկ այդպես նրանք տեսնում են միայն իրենց պաշտպանելու համար կլորիկ աշխատավարձ ստացող ոստիկանական բազմաշերտ պարիսպներ ու ոչ երբեք դժնդակ, ողբերգական իրականությունը, որի մեջ տապակվում է մոլորյալ ժողովուրդը:
Իրական, ճշգրիտ ինֆորմացիայի փնտրտուքը, իրական վտանգները հասկանալու կարիքը ժողովրդին ստիպում է Դոգ լսել:
Երբ երկրիդ ղեկավարի ամեն բառը մանիպուլյացիա է ու իշխանությունը պահելու խաբկանք, երբ իշխանություններն իրենց պահվածքով ապացուցում են, որ զուգահեռ իրականության մեջ են ապրում, ու նրանց համար հայաստանյան այսօրվա կյանքը շարունակում է մնալ վայելք, երբ ընդդիմությունը վահան է Նիկոլի ու ժողովրդի միջեւ ու նրա իշխանությունը երկարաձգելու լավ մշակված պրոյեկտ, ժողովրդին մնում է Դոգ լսել: Իսկ ժողովրդի մի ստվար հատվածի մտքով չի էլ անցնում, որ Դոգն էլ է Նիկոլի իշխանությունը երկարաձգելու ու Նիկոլի ձեռքով Հայաստանն ու Արցախը կործանող սցենարն իրականացնելու լավ մշակված պրոյեկտ:
Ամեն ինչ խաղի վերածած, երկրի ճակատագիրը խաղասեղանին դրած իշխանություն-ընդդիմություն, արտաքին-ներքին թշնամի, ռազմական «դաշնակից»-խորամանկ արեւմուտք խելագար ու կործանարար փոխհարաբերություններում ժողովուրդը մի բան լավ գիտի՝ «կատվի խաղ՝ մկան մահ». Հայաստանն աջուձախ բաշխվելու է՝ որպես մանրադրամ: Իշխանությունն ասելու է՝ ժողովրդի մանդատ էինք ստացել, այդպես ենք հարմար գտել, այդպես ենք արել, ընդդիմությունն ասելու է՝ Նիկոլը չգնաց, ի՞նչ կարող էինք անել:
Իսկ մինչ այդ՝ պատերազմը չի ավարտվել, տասնյակ հազարավոր մարդիկ՝ ինքնաբուխ, անկուսակցական, ազնիվ մղումներից ելնելով պատրաստ են փողոց դուրս գալ, ու իրենք էլ չգիտեն՝ ինչու: Թշնամու դեմ մեր բանակն է կանգնած: Շատերը չեն կողմնորոշվում՝ փողոց դուրս գալը, անգամ Նիկոլի հրաժարականի պահանջով, այս պահին ճի՞շտ է, թե ավելի շատ կվնասի մեզ:
Բայց սեպտեմբերի 15-ի գիշերը դուրս եկան փողոց. պարզվեց՝ Դոգն էր հրահանգել: Բայց դուրս եկան, ու չգիտես ինչպես, պաշտոնական տեղեկություն՝ հրադադար է, Նիկոլն ու իր թիմը խուճապի մեջ ընկան՝ ոչ մի փաստաթուղթ չկա, չի ստորագրվելու: Ըստ նախնական տվյալների՝ մինչեւ 100 հազար մարդ էր հավաքվել, շատերը պատրաստ էին Բաղրամյան պողոտայում լուսացնել, կոշտ պայմաններ դնել Նիկոլի առաջ՝ կա՛մ հրաժարական տուր, կա՛մ գործողությունների կդիմենք: Ընդդիմությունը, ավանդույթի համաձայն, համաժողովրդական ցասումը «ջրեց», մտավ ԱԺ, թե՝ այստեղ սպասում ենք քպ-ական պատգամավորներին, եկեք ու Նիկոլին անվստահություն հայտնեք՝ քաջ իմանալով, որ նրանցից ոչ ոք խորհրդարան չի գալու:
Այդ ընթացքում նույն ՔՊ-ականները հասցրին փողոց դուրս եկած ժողովրդին ձեռք առնել, ծանակել, սպառնալ, թե բոլորիդ կքշենք առաջնագիծ: Առաջանագիծը, որտեղ հենց հիմա 18-20 տարեկան զինվորներն են կռվում: Ընդդիմադիրներին առաջնագիծ քշելու սպառնալիքը ՔՊ-ականները պարբերաբար են հնչեցնում ու իրականացնում: Եռամսյա հավաքների տարած տղամարդկանց մեծ մասն ամիսներ շարունակ անհնազանդության ակցիաներին մասնակցած հայեր են:
Ալիեւն ասաց՝ Հայաստանում քաոս կստեղծեմ, ու ստեղծեց: Քաոս, որը կառավարելու լարերը գտնվում են աներեւույթ ու երեւութական թվացող, թշնամի ու բարեկամ թվացող ուժերի ձեռքում:
ՆԱԻՐ ՅԱՆ