Հայաստանի ողնաշարը հանդիսացող Սյունիքի մարզում ԻԻՀ գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումն արդարացիորեն բարձր գնահատվեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից:
Այս պատմական միջոցառումը տեղի է ունենում Իրանի համար չափազանց բարդ քաղաքական զարգացումների պայմաններում, երբ երկիրը բախվում է ներքին եւ արտաքին բազմաթիվ մարտահրավերների:
Կանանց իրավունքների հավասարության համար Իրանում շարունակվող բողոքի ցույցերն ու դրանց տարածումը թույլ չտալու նպատակով ԻԻՀ իշխանությունների «կանխարգելիչ» միջոցառումների խորապատկերի վրա Իրանի շուրջ ծավալվող վտանգավոր իրադարձությունները լրջորեն մտահոգում են երկրի ղեկավարությանը: Արձագանքելով Իրանի ներքաղաքական կյանքում նկատվող զարգացումներին, Արեւմուտքը պատրաստվում է նոր պատժամիջոցների օգնությամբ թույլ չտալ Իրանում հանրահավաքների միջոցով խոսքի ազատ արտահայտման իրավունքի սահմանափակումն ու «խռովությունները» ճնշելու նպատակով կիրառվող ոստիկանական բիրտ ուժը:
Այդ պատճառաբանությամբ անորոշ ժամանակով ընդհատվել են միջուկային ծրագրի վերագործարկումը պաշտոնականացնելու համար Իրանի ու աշխարհի գերհզոր պետությությունների միջեւ Վիեննայում ընթացող բանակցությունները:
Եվ վերջապես, Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու համար ծայր առած հակաիրանական արշավանքի պատճառով, Իրանն ակամայից ներքաշվել է ուկրաինական ճգնաժամի մեջ:
Այս իրավիճակում նկատելիորեն փոխվել է նաեւ ԱՄՆ իշխանությունների հռետորաբանությունն Իրանի միջուկային ծրագրի իրագործմանը միտված բանակցությունների նկատմամբ: ԱՄՆ պետքարտուղարությունն անթաքույց խոսում է այն մասին, որ իրանական ուղղությամբ Վաշինգտոնի ներկայիս առաջնահերթությունն Իրանի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, այլ ոչ թե միջուկային ծրագրի վերագործարկումը:
Իսկ Իրանի միջուկային ծրագիրը երկրորդ պլան մղելու մասին Վաշինգտոնի հավաստիացումներին զուգընթաց, պաշտոնական Թեհրանն էլ խոսում է միջուկային փաթեթին նոր շունչ հաղորդելու համար Վաշինգտոնի ցուցաբերած շտապողականության եւ այդ կապակցությամբ ԱՄՆ հղած «ուղերձի» մասին, ինչը կտրականապես հերքվում է Վաշինգտոնի կողմից:
Մյուս կողմից, Ուրկրաինայի պատերազմական գործողություններում, ի վնաս Իրանի, տեղի են ունենում փոփոխություններ: Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հանդես է գալիս Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու առաջարկով: Եվրոմիությունը պատժամիջոցներ է կիրառում Իրանի որոշ պաշտոնատար անձանց ու մի շարք կառույցների նկատմամբ: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իր դռնփակ նիստերից մեկում քննարկման է դնում ուկրաինական պատերազմում Ռուսաստանին վաճառված իրանական ԱԹՍ-ների օգտագործման հարցը, ինչը 2231 բանաձեւի մեջ ԱԹՍ-ների վաճառքի ու ռազմական գործողություններում ներգրավված մասնակիցներից մեկի կողմից դրանց օգտագործումը միջազգային ոլորտում խիստ մտահոգիչ է համարվում Իրանի համար: Սա գնահատվում է որպես «ռազմական գործողություններում Իրանի ուղղակի ներգրավման» փորձ, որի մյուս ճամբարում, թեեւ անուղղակի, դիրքավորված է ՆԱՏՕ-ն՝ աշխարհի խոշորագույն ռազմական կոալիցիան:
Սակայն, ներկայումս միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Իրանի ներքաղաքական իրավիճակն է, ինչպես նաեւ՝ իրանցիների արտահայտած դժգոհություններն ու դրանց կանխարգելման նպատակով Իրանի իշխանությունների կողմից գործադրվող մեթոդները:
Այդ զանգվածային միջոցառումներում շրջանառվող խորհրդանիշերն ու կարգախոսները կայծակնային արագությամբ տարածվում եւ կիրառվում են աշխարհի տարեր երկրների մայրաքաղաքներում ու խոշոր բնակավայրերում անցկացվող զանգվածային ցույցերի ժամանակ: Նման միջոցառումների զանգվածայնության պատճառով էլ, ի վնաս Իրանի իշխանությունների, փոխվում են միջազգային հանրության ու տարածման լայն ոլորտ ունեցող մեդիաների տրամադրությունները:
Վերը նշված իրադարձություններին զուգընթաց թյուրքական աշխարհից Իրանի հյուսիսային սահմաններին սպառնացող վտանգներից բացի, ներկայումս Թեհրանի ուշադրությունը կենտրոնացած է նաեւ երկրի արեւելյան սահմաններում թալիբների առաջադրած մարտահրավերների, Իրաքին ու Սիրիային բնորոշ քաղաքական զարգացումների, Եմենի ճգնաժամի առնչությամբ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հստակեցման եւ այլ մարտահրավերների վրա:
Այսպիսով, Իրանի համար նման խառնակ իրավիճակում Ադրբեջանին սահմանակից տարածքներում լայնածավալ զորավարժությունների անցկացումն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ Կապան քաղաքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնադումը կարելի է գնահատել որպես հարեւան երկրի անգերագնահատելի ու դրվատելի քայլ, որն անշուշտ բխում է թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրանի շահերից:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Դիվանագետ