«Ազգի» նախորդ՝ սեպտեմբերի 5-ի համարում գրել էինք, որ սեպտեմբերի 1-ին Գերմանիայի Հյուսիս Հռենոս Վեստֆալիայի Գելզենքիրհենի դատարանը, փաստաբանի հրատապ միջնորդությունն ընդունելով, առժամյա կանխել է Գերմանիայի ներգաղթի եւ փախստականների գերատեսչության (BAMF)՝ ԼՂ-ից բռնագաղթած՝ Գերմանիայում ապաստանի հայցը մերժած հայուհու Ադրբեջան հարկադրյալ արտաքսումը:
Վերոհիշյալ գործով փաստաբանի՝ Խաչատուր (Քրիստիան) Մխիթարյանի հետ առաջին անգամ ենք զրուցում «Ազգում»: Գերմանահայ իրավաբանների միության վարչության անդամ Մխիթարյանի հետ մեր ծավալուն զրույցը հայերեն էր: Թեեւ երիտասարդ փաստաբանի մասնագիտական եւ աշխատանքային լեզուն գերմաներեն է, բայց չնկատել չենք կարող, որ մեր զրույցի ընթացքում նա իր խոսքն օտար բառերով չաղավաղեց:
–Պարոն Մխիթարյան, 2024-ի սեպտեմբերի 16-ի որոշմամբ Գերմանիայի Կասել քաղաքի դատարանը պարտավորեցրել էր Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությանը Արցախից (ԼՂ-ից) բռնի արտաքսված հայցվորներին փախստականի կարգավիճակ շնորհել՝ ԳԴՀ «Ապաստանի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն: Արդեն նախադեպը կա, ինչու՞ այն չի կիրառվում մնացած՝ Գերմանիայում ապաստան հայցող արցախցիների պարագայում: Ձեր հայցվորին՝ 58-ամյա կնոջը մերժել են փախստականի կարգավիճակ տրամադրել, եւ նրան, որքան էլ տարօրինակ է, կարող էին Ադրբեջան արտաքսել: Ձեր հրատապ միջնորդության շնորհիվ նա դեռ Գերմանիայում է:
-Նախ եւ առաջ պետք է նշել, որ 2024 թ. սեպտեմբերի 16-ի Կասելի վարչական դատարանի երկու վճիռներն (խոսքը վերաբերում է նույն ընտանիքի անդամներին, պարզապես մայրն առանձին վարույթ ուներ, տղան եւ ընտանիքն՝ առանձին: Նույն դատական նիստի ժամանակ որոշումը կայացվեց, նույն օրը հրապարակվեց՝ ստացան փախստականի կարգավիճակ) արդեն եղել են մի շարք վարչական դատական գործընթացների առարկա, օրինակ՝ Վյուրցբուրգի եւ Գիսենի վարչական դատարաններում, ինչպես նաեւ ձեր կողմից մեջբերված Գելզենկիրհենի վարչական դատարանի վարույթում, եւ համապատասխանաբար գնահատվել են՝ թե՛ հայցվորի քաղաքացիության հարցի, թե՛ հայերի նկատմամբ խտրականության հարցի առումով: Դրա արդյունքում ես ավելի քան 10 վարչական գործերում՝ օգտագործելով նաեւ Կասելի վարչական դատարանի որոշումները, որոնք հիմնված էին Հայաստանի իրավական իրավիճակի վերաբերյալ իմ ներկայացրած տեղեկությունների վրա, հաջողության եմ հասել բոլոր հրատապ վարույթների շրջանակներում: Սակայն սա չի նշանակում, որ Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությունը (ՆՓԴԳ, այսուհետ՝ գերատեսչությունը- Ան.Հ.) դրական իմաստով դասեր է քաղել այդ որոշումներից: Մինչ այդ, գերատեսչությունը ՀՀ-ն դիտարկել էր՝ որպես հայցադիմողների ծագման երկիր: Երբ տվյալ գործերում ներկայացրի հավաստագրեր ՀՀ քաղաքացիություն չունենալու մասին, դա հանգեցրեց գործերի վերջնական կամ ժամանակավոր հաջողության, քանի որ գերատեսչությունը մեծ մասամբ իրավասու չէր վերադարձը Հայաստան ստուգելու, այլ պարտավոր էր ուսումնասիրելու Ադրբեջան վերադարձի հնարավորությունը, քանի որ Արցախը (ԼՂ) 2023 թ. էթնիկ զտումից հետո փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ է: Սա է պատճառը, որ ձեր նշած գործում գերատեսչությունը փորձեց ստուգել Ստեփանակերտից 58-ամյա հայցվորի վերադարձը Ադրբեջան: Հակառակ դեպքում գերատեսչությունը կրկին դատական գործընթացում պարտվելու էր: Սակայն փոխանակ ընդունելու, որ Ադրբեջանում առկա է խտրականություն, Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությունը հայցվորին սպառնաց Ադրբեջան արտաքսմամբ՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, որոնց համաձայն նա կարող էր ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն եւ խաղաղ ապրել այնտեղ: Սա չէր կարող անառարկելի մնալ: Ես ներկայացրի շտապ դիմում, եւ դատարանը ընդունեց, որ հայցվորը՝ Ստեփանակերտում ծնված 58- ամյա հայուհին Ադրբեջանում կարող է ենթարկվել խտրականության եւ ֆիզիկական բռնության, ուստի արտաքսումը դադարեցվեց: Փախստականի կարգավիճակի հարցը դեռեւս հստակ չէ:
– Ձեր կարծիքով, ինչպե՞ս պիտի լուծվի ձեր հայցվորի(ների) ճակատագիրը:
-Իմ վստահորդների գործը պետք է լուծվի այնպես, որ նախ հաստատվի, թե նրանք չունեն որեւէ երկրի քաղաքացիություն, իսկ ապա նրանք ճանաչվեն որպես փախստականներ Գերմանիայի Ապաստանի մասին օրենքի (AsylG) «3 հոդվածի հիմքով, քանի որ վերադարձի դեպքում նրանք Արցախում ենթարկվելու են Ադրբեջանի կողմից համակարգային խտրականության:
–Նրանց անձնագրերում եղել է միայն 070 նշումը, Ադրբեջան նշված չէ, ճի՞շտ է:
-Գրված է միայն՝ ՀՀ, Republic of Armenia, կոնկրետ ծննդավայր նշված չէ: Դա իհարկե չի համապատասխանում իրավական դասակարգմանը Արցախի՝ որպես Հայաստանից դուրս միավորի, եւ դժվարություն է ներկայացնում թե՛ Հայաստանում, թե՛ Գերմանիայում պետական մարմիններում հաշվառման ժամանակ: Բայց հիմա նյութեր եմ տեսել, որ այն մարդիկ, որ Արցախից են եւ ՀՀ քաղաքացիություն եւ անձնագիր են ստանում, նշվում է Ադրբեջան՝ որպես ծագման երկիր կամ՝ որպես ծննդավայր:
-1991 թվականից հետո ծնվածների անձնագրում ինչպե՞ս պիտի գրվի Ադրբեջան:
– Բացատրությունը հետեւյալն է. Քանի որ ՀՀ-ն ԼՂ-ն որպես պետական միավոր չի ճանաչում եւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունից հետո պաշտոնական քաղաքականությունը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս:
–Ունեցե՞լ եք այնպիսի հայցվորներ, որ 1991-ից հետո են ծնվել եւ նրանց անձնագրում գրված է ՀՀ, ուրիշ տեղավայր նշված չէ:
-Կասելի վարչական դատարանի վճռում գրված է Մարտունի (Հայաստան): Նկատի ունեին ԼՂ-ի Մարտունին: Իրենք շատ հաճախ սխալներ են թույլ տալիս: Եղել է վճիռ, որում նշված է՝ Ստեփանակերտ, Ադրբեջան կամ՝ Խանքենդի, Հայաստան: Իրենք գիտելիքի կամ իրազեկվածության պակասի պատճառով սխալ նշումներ են անում, որը պիտի ուղղել: Վերաձեւակերպել եմ՝ գրելով, թե նշումները չեն համապատասխանում առկա իրավական վիճակին:
–Արցախի բռնագաղթից հետո քանի՞ հոգի է ԳԴՀ-ում փախստականի կարգավիճակ ստացել:
-Չեմ տիրապետում նման վիճակագրության, քանի որ այն հասանելի է միայն Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությանը: Նույնիսկ նրանք չեն կարող դա հստակ իմանալ, քանի որ հաճախ շփոթում կամ դասակարգում են Արցախից տեղահանված անձանց՝ որպես ՀՀ քաղաքացի: Հետեւաբար չեն կարող տիրապետել տեղեկատվության, թե ով է արցախցի:
– Ձեր արցախցի հայցվորների մեջ քանի՞սն են փախստականի կարգավիճակ ստացել:
-Ունեմ 15-ից ավել դատական գործընթաց, որ վերաբերում են Արցախից բռնագաղթած անձանց, նրանց ընտանիքներին: Մինչեւ հիմա վերջանական որոշում, վճիռ կայացրել է Կասելի վարչական դատարանը: Ունեցել եմ 3 տարբեր ընտանիքների վերաբերյալ որոշումներ, երբ դաշնային գերատեսչությունը նրանց կարգավիճակի մասին փաստերը հաշվի առնելով հետ է վերցրել իր որոշումը, բայց նույն ժամանակ չի տրամադրել դրական որոշում՝ այն վերապահելով հետագայի համար:
–Իսկ հետագան ո՞ր մարմինը պիտի որոշի:
-Դարձյալ Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությունը:
–Եթե դեռ որոշված չէ, ի՞նչ կարգավիճակով են այդ մարդիկ բնակվում Գերմանիայում:
-Նրանք ԳԴՀ-ում բնակվում են որպես ապաստանի համար հայց ներկայացրածներ: Նրանց Գերմանիայում գտնվելը համարվում է օրինական այնքան ժամանակ, քանի դեռ գերատեսչությունը որոշում չի կայացրել: Սեպտեմբերի 10-ին ստացա Գիսենի վարչական դատարանում գտնվող մի գործ, որ կես տարուց ավել գերատեսչությանն ուզում էին համոզել, որ իրենց որոշումը սխալ է: Փաստերը հաշվի առնելով` այլ տարբերակ չունեին: Դատարանն իրենց ճնշում էր՝ուզում էր, որ գերատեսչությունը ներկայացնի իր հետեւությունը՝ առկա փաստերից ելնելով: Այդ պարագայում գերատեսչությունը նորից պիտի որոշում կայացնի: Ունեցել եմ նաեւ դատավարություններ, որ ապաստանի առաջին գործընթացն արդեն ավարտված է եղել եւ դրանից հետո մարդիկ եկել են ինձ մոտ, ես օրենսդրական փոփոխությունները կարգավիճակի մասին փաստերը ներկայացնելով կարողացել եմ ապաստանի երկրորդ գործընթացը բացել, որտեղ առաջին որոշումը վերանայվել է եւ արտոնել են, որ գործը նորից մտնի դատարան, քննության առարկա դառնա:
(շարունակելի)
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա