Սույն թվականի հուլիսի 9-ից սեպտեմբերի 4-ը Իտալիայի Ատրի եւ Պեսկարա քաղաքներում կայանալու է «Խաղաղության դրվագներ. Իտալիա եւ Հայաստան» միջազգային ստուգատեսը: Այն կազմակերպվում է Ատրիի եւ Պեսկարայի քաղաքապետարանների եւ Իտալիայում Հայաստանի դեսպանության համագործակցությամբ: Հայաստանն է լինելու նաեւ «Խաղաղություն եւ առօրյա կյանքի դրվագներ» ցուցահանդեսի IX թողարկման գլխավոր հերոսը: Այն կազմակերպում է ժամանակակից արվեստի եւ մշակույթի «Արիա» հիմնադրամը, որն ամեն տարի ներկայացնում է մի նոր երկրի մշակույթ: Մարտի 15-ին Պեսկարայում Հայաստանի ու Իտալիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակի կապակցությամբ ներկայացվել է 2022 թվականի միջոցառումների ծրագիրը՝ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի ներկայությամբ: Հանդիպմանը տեղի է ունեցել նաեւ 1921-ին իտալերեն լույս տեսած Արշակ Չոպանյանի «Հայ ժողովրդական երգեր» ժողովածուի (թարգմանիչ՝ Դոմենիկո Չամպոլի) վերահրատարակության շնորհանդեսը: Հարյուր տարի անց գիրքը վերահրատարակել է «Արիա» հիմնադրամը՝ հայազգի իտալացի գրող, թարգմանիչ Անտոնիա Արսլանի նախաբանով: Շնորհանդեսի ժամանակ սոպրանո Ջուզեպինա Պիունտին կարդացել է նմուշներ բանաստեղծություններից:
Ա. Բ.