Լույս տեսավ Վահան Թեքեյանի հոդվածների ժողովածուն

Վահան Թեքեյանի «Յօդուածների ժողովածու»-ն, որն ընթերցողին է ներկայացվում բանասիրական գիտությունների թեկնածու Վարդուհի Դավթյանի աշխատասիրությամբ, բացառիկ է եւ կարեւոր: Գիրքը, որն առաջինն է նախատեսված երեք հատորներից, ընդգրկում է 1901-1910թ.թ. հանճարեղ գրողի կողմից գրված եւ մամուլում տպագրված հոդվածները:

Վ. Թեքեյանի հրապարակախոսական ժառանգությունը բազմաբովանդակ է, լայնահուն եւ բազմաճյուղ: Հոդվածների միասնական հրատարակությունը  հնարավորություն կտա ընթերցողներին եւ հետազոտողներին խորապես ճանաչել եւ հասկանալ 20-րդ դարասկզբի հայ եւ համաշխարհային կյանքի զարգացումները, բացահայտել հայ հասարակական-քաղաքական, գրական եւ եկեղեցական, պատմամշակութային եւ լրագրողական կյանքի հետաքրքրական, ուշագրավ ծալքերը:

Վ. Թեքեյանը մեծ ժամանակագրող է: Նրա՝ գրեթե ամեն օր գրած հոդվածները արձագանքում են հայ ազգային կյանքի բազմաբեւեռ իրադարձություններին՝ սթափ գնահատություններով:

Ժողվածուում ներկայացված են ժամանակի հայ եւ օտար երեւելի մարդկանց համահավաք դիմանկարները, որոնք կընդլայնեն ընթերցողների ճանաչողության սահմանները:

Գիրքն ունի գիտական բարձր արժեք: Այն ուսումնասիրման անսպառ նյութ կարող է տալ պատմաբանին եւ քաղաքագետին, լրագրողին եւ գրականագետին, մշակութաբանին եւ հոգեւոր գործչին:

Վ. Թեքեյանի հոդվածների մեծածավալ ժողովածուն լույս է տեսել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ եւ հայ ընթերցողին ներկայացվում է առաջին անգամ: