Իրանի հետ պատերազմը մոտենո՞ւմ է ավարտին
Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ այս պահին հայտարարված է ռազմական գործողությունների ժամանակավոր դադար: Ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես «անկայուն հավասարակշռություն», որը մեծապես կախված է պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներից եւ հնարավոր զարգացումներից:
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ տեղի ունեցած 21-ժամյա բանակցություններն ավարտվել են առանց շոշափելի արդյունքների: Այդ պատճառով միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնում բանակցությունների համար նախատեսված երկշաբաթյա հրադադարի խոցելիության վերաբերյալ:
Միեւնույն ժամանակ շրջանառվում են նաեւ հուսադրող կանխատեսումներ բանակցությունների վերսկսման մասին: Այս մասին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ Պակիստանում առաջիկա երկու օրերին բանակցությունների վերսկսումը բացառել չի կարելի:
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին: Այլ լրատվական գործակալություններ եւս չեն բացառել բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունը:
«Reuters»-ը, հղում անելով պակիստանցի երկու աղբյուրների, նաեւ նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետների շուրջ համաձայնություն ձեռք բերելու հարցում Իսլամաբադը մշտական կապի մեջ է Վաշինգտոնի եւ Թեհրանի հետ:
Թեեւ իրանական կողմը դեռ չի հաստատել բանակցությունները վերսկսելու իր դիրքորոշումը, պակիստանցի մի պաշտոնյա հավաստիացրել է, որ Իսլամաբադը ստացել է Թեհրանի համաձայնությունը:
Միաժամանակ ամերիկյան պաշտոնյաները «Associated Press» գործակալությանը հայտնել են, որ որպես ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների հնարավոր հարթակ, Իսլամաբադից բացի դիտարկվում է նաեւ Ժնեւը: Շվեյցարիայի կառավարությունն իր հերթին հայտարարել է միջնորդելու պատրաստակամության մասին:
Ըստ «Al Monitor»-ի, Անկարան նույնպես ներգրավված է միջնորդական գործընթացում: Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի հետախուզական ծառայությունը եղել է հրադադարի հաստատման հիմնական միջնորդներից մեկը՝ օգտագործելով ԱՄՆ-ի, Իրանի եւ Պակիստանի հետ ունեցած հարաբերությունները եւ միաժամանակ առաջնորդվելով իր անվտանգության շահերով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւս ընդգծել է հրադադարի պահպանման կարեւորությունը եւ կոչ արել շարունակել բանակցությունները: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Անտոնիո Գուտերեշը ապրիլի 13-ին հայտարարել է. «Մի քանի շաբաթ տեւած ավերածություններից եւ տառապանքներից հետո պարզ է, որ Մերձավոր Արեւելքում ընթացիկ հակամարտությունը ռազմական լուծում չունի»:
Նա նաեւ ընդգծել է. «Կոչ եմ անում վերսկսել բանակցությունները՝ համաձայնության հասնելու համար: Հրադադարը պետք է լիովին պահպանվի, եւ բոլոր խախտումները պետք է դադարեցվեն»:
Գուտերեշը հավելել է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է միջազգային իրավունքի համաձայն հարգեն նավարկության ազատությունը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մոտենում է ավարտին, եւ որ Իրանը շահագրգռված է համաձայնության հասնելու հարցում:
Ապրիլի 13-ին նույն հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը, անդրադառնալով պատերազմի պատճառներին, նշել է. «Ես ստիպված էի փոխել ուղղությունը, որովհետեւ հակառակ դեպքում Իրանը հիմա կունենար միջուկային զենք»:
Պատերազմի ավարտի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Կարծում եմ՝ մոտ է ավարտին, այո: Ես դա այդպես եմ տեսնում»:
Թրամփը նաեւ հավելել է. «Եթե հենց հիմա հետ քաշվեմ, Իրանի վերակառուցումը կտեւի 20 տարի, եւ մեր գործը դեռ ավարտված չէ: Կտեսնենք, թե ինչ կլինի»:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ապրիլի 14-ին Ջորջիա նահանգում հայտարարել է, որ աշխատում է Թրամփի «մեծ գործարքը» Իրանի հետ կյանքի կոչելու ուղղությամբ:
Վենսը, որը ղեկավարել է Իսլամաբադում անցկացված բանակցությունները, նշել է, որ Թրամփը չի ձգտում «փոքր համաձայնության», այլ ցանկանում է այնպիսի պայմանավորվածություն, որի դեպքում Իրանը չի ունենա միջուկային զենք, իսկ իրանցի ժողովուրդը կկարողանա բարգավաճել եւ զարգացնել տնտեսությունը:
Նրա խոսքով, համաձայնության չհասնելու հիմնական պատճառը հենց Թրամփի պահանջների մեծ ծավալն է: «Մենք շարունակելու ենք բանակցությունները եւ փորձելու ենք հասնել այդ նպատակին»,- ասել է նա:
CNN-ի հաղորդմամբ, Թրամփի վարչակազմը քննարկում է հրադադարի ժամկետի ավարտից առաջ Իրանի հետ երկրորդ բանակցային հանդիպման հնարավորությունը: Քննարկվում են նաեւ հանդիպման հնարավոր ամսաթվերն ու հարթակները, այդ թվում Ժնեւը եւ Իսլամաբադը:
Պաշտոնյաները նշում են, որ դիվանագիտական լուծման հնարավորությունները դեռ սպառված չեն, եւ անհրաժեշտության դեպքում կարող է քննարկվել հրադադարի երկարաձգումը՝ բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ ապահովելու նպատակով:
Պակիստանցի դիվանագիտական աղբյուրը, անդրադառնալով 21-ժամյա բանակցություններին, նշել է, որ չնայած համաձայնության բացակայությանը՝ այդ հանդիպումը դիվանագիտական գործընթացի ընդամենը մի փուլ էր:
Այսպիսով, եթե բանակցությունները ձախողվեն, երկշաբաթյա հրադադարը կողմերի համար կլինի ոչ ավելին, քան ժամանակ շահելու, դիրքերը վերագնահատելու եւ ռազմական գործողությունների հնարավոր հաջորդ փուլին նախապատրաստվելու միջոց:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ









