ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 21-ին Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին նվիրված քննարկումների ամփոփիչ նիստից հետո հանդես է եկել եզրափակիչ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է.
«Ցավոք, վերջին ամիսներին որոշ իրադարձություններ այս զգայուն տարածաշրջանում անվտանգային ու քաղաքական խնդիրների խախտմանը նպաստող միտումներ են արձանագրում: Միջազգայնորեն ճանաչված սահմանների ու տարածքային ամբողջականության պահպանման խնդիրն անխուսափելի իրողություն է, որից շեղումը անընդունելի է, եւ հակասում է միջազգային օրենքի սկզբունքներին:
Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի երկրներին կոչ է անում չխախտել բարիդրացիության նորմերը: Անկասկած է, որ աշխարհաքաղաքական դավադիր նախագծերի փաթեթավորմամբ միջազգային սիոնիզմի ու ՆԱՏՕ-ի կողմից տարածաշրջանում հետապնդվող սադրիչ գործողություններին հակադարձելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը կդիմի համարժեք, վճռական ու անհապաղ քայլերի: Իրանը տեւական խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող ցնորական ու բարձրասլաց երազանքներին հետամուտ լինելը համարում է այս տարածաշրջանի պատմական իրողություններին չհամապատասխանող եւ աշխարհաքաղաքական պահանջներին հակասող վարվելակերպ»:
Գ.Ա.