Տպավորությունն այնպիսին է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է ավարտին հասցնել Իրանի հետ հակամարտությունը, եւ, կարծես, հակամարտող կողմերի միջեւ Հորմուզի նեղուցի վերաբացմանը միտված պայմանավորվածությունները բավական իրատեսական են:
Դոնալդ Թրամփը մայիսի 25-ին հայտարարել է, որ բանակցությունները «լավ են ընթանում», սակայն, իրեն բնորոշ խոսելաոճով, միաժամանակ զգուշացրել է, որ եթե համաձայնություն ձեռք չբերվի, բախումներն անխուսափելի կլինեն:
Միեւնույն ժամանակ, Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ իրանական պատվիրակությունը երկուշաբթի այցելել է Քաթար: Պատվիրակության կազմում է նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Սակայն դեռ պարզ չէ, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպումների ընթացքում:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ընդամենը հայտարարել է, որ թեեւ «հարցերի մեծ մասի» շուրջ փոխըմբռնում է ձեռք բերվել, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու:
Ինչպես հայտնի է, Ղալիբաֆն անցյալ ամիս Պակիստանում ուղիղ բանակցություններ էր վարել նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ: Այս պահին, կարծես, ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական պատասխանատվությունը վստահված է հենց Ղալիբաֆին:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հնդկաստան այցի ավարտին տեղեկացրել է, որ առաջիկա ժամերին հնարավոր է հրապարակվի հայտարարություն, որով պաշտոնապես վերջ կդրվի Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմին:
Հնդկաստանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուբիոն, առանց մանրամասներ ներկայացնելու, նշել է, որ հնարավոր համաձայնագիրը «մեծապես» կվերացնի Միացյալ Նահանգների մտահոգությունները Հորմուզի նեղուցի վերաբերյալ եւ թույլ չի տա, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք:
Պաշտոնական Թեհրանը դեռեւս չի խոսել հնարավոր համաձայնագրի բովանդակության մասին, թեեւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը օրեր առաջ հայտարարել էր. «Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շրջանակներից դուրս եւ առանց ԻԻՀ գերագույն առաջնորդի համաձայնության ու թույլտվության ոչ մի որոշում չի ընդունվի»:
Միեւնույն ժամանակ, հրապարակվել են Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ ոչ պաշտոնական եւ դեռեւս չհաստատված տեղեկություններ:
Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը մոտ են համաձայնագրի ստորագրմանը, որի շրջանակում կերկարաձգվի 60-օրյա հրադադարը, կվերաբացվի Հորմուզի նեղուցը, Իրանին թույլ կտրվի շարունակել նավթի արտահանումը, կանցկացվեն բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ, ինչպես նաեւ կդադարեցվի Լիբանանում ընթացող պատերազմը:
Իրանական Tasnim եւ Fars լրատվական գործակալությունները, որոնք մոտ են Իրանի ռազմական եւ անվտանգության կառույցներին, ներկայացրել են իրենց ոչ պաշտոնական վարկածները հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, որոնց ընդհանուր բովանդակությունը նման է Axios-ի հրապարակած տեղեկություններին:
Իրանի եւ ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի մանրամասները՝ ըստ Axios-ի
Axios-ը, հղում կատարելով ամերիկացի պաշտոնյայի, նշել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրվելիք հուշագիրը կունենա 60-օրյա գործողության ժամկետ եւ կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ:
Ըստ Axios-ի, այդ 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցը կբացվի՝ առանց նավերից վճար գանձելու, իսկ Իրանը պարտավորվելու է ականազերծել նեղուցը՝ ապահովելով նավերի ազատ երթեւեկությունը:
Փոխարենը, ԱՄՆ-ը կդադարեցնի Իրանի նավահանգիստների շրջափակումը եւ, վերացնելով որոշ պատժամիջոցներ, թույլ կտա Իրանին ազատ վաճառել նավթը:
Թեեւ Իրանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ ունի, Axios-ի տվյալներով՝ այս անգամ Թեհրանը գրավոր պարտավորություն է ստանձնելու «երբեւէ չձգտել միջուկային զենք ստեղծելուն» եւ բանակցել ուրանի հարստացման ծրագրի կասեցման ու հարստացված ուրանի պաշարների դուրսբերման շուրջ:
BBC-ի փոխանցմամբ, տեղեկացված երկու աղբյուր Axios-ին հայտնել են, որ Իրանը միջնորդների միջոցով բանավոր փոխանցել է, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ հարստացման կասեցման եւ միջուկային նյութերի պաշարների փոխանցման հարցում:
Axios-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել 60-օրյա հրադադարի ընթացքում բանակցել պատժամիջոցների վերացման եւ Իրանի սառեցված ակտիվների ազատման շուրջ: Սակայն, Վաշինգտոնի պահանջով, դրանց իրականացումը հնարավոր կլինի միայն վերջնական համաձայնագրի շրջանակում՝ ԱՄՆ-ի նախատեսած վերահսկման մեխանիզմների պայմաններում:
Նույն աղբյուրի համաձայն, Իրանը պահանջում է պատժամիջոցների մշտական վերացում եւ իր ակտիվների անհապաղ ազատում, սակայն ԱՄՆ-ը հայտարարել է, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Իրանը գնա «շոշափելի զիջումների»՝ առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի այդ ձեւակերպմամբ:
Ըստ նույն հաղորդման, վերջին ամիսներին տարածաշրջան ուղարկված ամերիկյան զինված ուժերը կմնան 60-օրյա ժամանակահատվածում եւ դուրս կբերվեն միայն վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո:
Իսրայելը դեռ պաշտոնապես չի արձագանքել այս տեղեկություններին, սակայն Axios-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, գրել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել, որ Իրանի հետ ԱՄՆ-ի համաձայնագրում կարող է ներառվել նաեւ լիբանանյան հարցը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հարցով զրուցել է Բենիամին Նեթանյահուի հետ՝ այդ զրույցը գնահատելով «շատ լավ»:
Ի՞նչ են գրում իրանական լրատվամիջոցները
Իրանական Tasnim եւ Fars լրատվական գործակալությունների ներկայացրած մանրամասները հիմնականում համընկնում են Axios-ի հրապարակման հետ, սակայն դրանցում ակնհայտ է ամերիկյան կողմի նկատմամբ անվստահությունը:
Fars-ը գրել է. «Չնայած բանակցությունների ընթացքը դրական է գնահատվում, սակայն մտավախություն կա, որ համաձայնեցված դրույթներից որեւէ մեկի հարցում ԱՄՆ-ը կրկին կփոխի իր դիրքորոշումը»:
Գործակալությունը նաեւ վկայակոչել է Իրանի բանակցային թիմի անդամներին, որոնք նշել են. «Մենք որեւէ վստահություն չունենք ԱՄՆ-ի նկատմամբ, եւ այդ անվստահությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում»:
Tasnim գործակալությունն էլ գրել է, որ Իրանը թերահավատ է սառեցված ակտիվների վերադարձի հարցում եւ չի վստահում ԱՄՆ-ի խոստումներին:
Tasnim-ը նաեւ նշել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնագրի որոշ կետերի շուրջ տարաձայնությունները դեռ պահպանվում են, իսկ ԱՄՆ-ի ստեղծած խոչընդոտների պատճառով գործընթացը վերջնական փուլ չի մտել:
Այս փուլում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հնարավոր համաձայնագրի շուրջ հրապարակվող տեղեկությունները դեռ պաշտոնապես չեն հաստատվել, սակայն ակնհայտ է, որ կողմերը փորձում են նվազեցնել լարվածությունը եւ խուսափել լայնածավալ ռազմական բախումից: Հորմուզի նեղուցի վերաբացումը, պատժամիջոցների հնարավոր թուլացումն ու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են դառնալ տարածաշրջանային կայունության կարեւոր նախադրյալներ: Միեւնույն ժամանակ, փոխադարձ անվստահությունը շարունակում է մնալ գլխավոր խոչընդոտը, եւ վերջնական համաձայնության հասնելու ճանապարհը դեռ լի է անորոշություններով:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ









