Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախաձեռնությամբ Պրահայում տեղի ունեցավ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որին եվրամիության երկրների առաջնորդներից բացի մասնակցում էին մի շարք այլ երկրների՝ ներառյալ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Ռուսաստանն ու Բելառուսը գագաթաժողովից ցուցադրաբար դուրս էին թողնվել: Այս հանդիպումն ակնհայտորեն Արեւմուտքի կողմից Ռուսաստանի մեկուսացումը եւս մեկ անգամ շեշտելու միտում ուներ:
Գագաթաժողովն ինչ-որ առումով քաղաքական տոնավաճառ էր հիշեցնում, որտեղ երկրների մեծ մասը փորձում էին առաջ տանել իրենց քաղաքական շահերը:
Գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը բավականին լուրջ ուշադրության արժանացավ եւ ներգրավվածություն ապահովեց: Նախ տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուիլ Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այնուհետեւ կարճատեւ հանդիպում կայացավ նաեւ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ:
Պրահայի հանդիպումները Հայաստանում եւ Արցախում տարատեսակ շահարկումներով ուղեկցվող քաղաքական պտտահողմ բարձրացրին:
Սակայն փոթորկի հանդարտվելու եւ օդի պարզվելու հետ միաժամանակ ակնհայտ դարձավ, որ գագաթաժողովի ընթացքում համարյա շոշափելի որեւէ արդյունք ձեռք չի բերվել, բացառությամբ սկզբունքների շուրջ գագաթաժողովից հետո հրապարակված համաձայնության մտադրության հայտարարության: Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Սրան հետեւում է համոզմունքը, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջը:
Ռուսաստանի մեկուսացման պայմաններում ՌԴ արտգործնախարարության պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան զայրալից հայտարարեց, որ Կրեմլի առաջարկած խաղաղության համաձայնագիրը շատ ավելի համապարփակ եւ հավասարակշռված էր, սակայն ակնհայտ է, որ այն որեւէ մեկին պետք չէ:
Նախագահ Ալիեւը հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, մինչդեռ Փաշինյանը, շեշտելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, որեւէ կերպ չանդրադարձավ Լեռնային Ղարաբաղին:
Սակայն անմիջապես հանդիպում հետո հանպատրաստից տված մամլո ասուլիսում Ալիեւի հնչեցրած հայտարարությունները կարծես հերքում էին այն, ինչին, ըստ նրա, հաջողվել էր հասնել քառակողմ հանդիպման ընթացքում՝ մասնավորապես միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ: «Պարզ չէ, թե ինչու նրանք չեն ցանկանում մեզ անցք տրամադրել դեպի Նախիջևան: Սա, իհարկե, ստանձնած պարտավորությունների խախտում է, բայց մենք առայժմ համբերատար ենք և զսպվածություն ենք ցուցաբերում: Համոզված եմ, որ դրան եւս կհաջողվի հասնել, եւ որքան շուտ, այնքան լավ»: Ինչպես կարելի է նկատել, սա ուղղակի սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, եւ Ադրբեջանը չի պատրաստվում դուրս գալ տարածքներից, ուր ներխուժել է:
Ալիեւը շատ լավ տեղյակ է, որ Հայաստանը երեք այլընտրանքային անցում է առաջարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան, սակայն նույն Ալիեւն անտեսում է այդ առաջարկները՝ պնդելով Հայաստանի սուվերեն տարածքով միջանցք ստանալու իր պահանջները:
Հանդիպման եւս մեկ արդյունքը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ համաձայնության ձեռբերումն էր: Հայաստանը համաձայնություն էր տվել աջակցել առաքելության անդամներին, մինչդեռ Ադրբեջանը հայտարարել է, որ կհամագործակցի նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա:
Փաշինյան-Էրդողան հանդիպման միակ արդյունքը Թուրքիայի նախագահի մեղմ պնդումն էր, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ բացել սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել միայն այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կստորագրվի համապարփակ խաղաղության համաձայնագիր:
Էրդողանին ներկայումս այնքան էլ ձեռնտու չէ հակասական հայտարարություններ անել. նա տրամադրված է լավ պահվածքի համար միջազգային հանրությունից բարձր միավորներ ստանալ, ինչն անհրաժեշտ է հատկապես 2023թ ընտրություններից առաջ Թուրքիայի տնտեսության աղետալի փլուզման եւ աներեւակայելիորեն ահագնացող գնաճի ֆոնին սեփական վարկանիշը շտկելու համար: Հնարավոր է, որ նա նույնիսկ բանակցությունների շարք սկսի քրդական ընդդիմության առաջնորդների հետ, ինչպես սովոր է անել հերթական ամեն ընտրությունից առաջ, իսկ ընտրություններից հետո այդ նույն առաջնորդներին ուղարկել բանտ:
Այս պահին Արցախի ղեկավարներն ուղեւորվում են Հայաստան պարզելու, թե Փաշինյանը ի՛նչ է բանակցվել իրենց հետագա ճակատագրի վերաբերյալ, քանի որ համառ լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանն Արցախը վաճառել է Ադրբեջանին: Մինչդեռ Փաշինյանը փորձում է սեփական կաշին փրկել՝ համոզելով Բաքվին ուղղակի բանակցություններ սկսել Արցախի իշխանությունների հետ՝ իրենց ինքնավարության հետագա ճակատագրի վերաբերյալ:
Ալիեւը սակայն հրապարակավ հայտարարել է, որ Արցախի քաղաքացիներին վերաբերվելու է զուտ որպես Ադրբեջանի քաղաքացիների եւ ո՛չ որեւէ այլ կերպ: Նրանց, ով համաձայն չեն այդպիսի վերաբերմունքի, նա առաջարկել է հեռանալ: Ալիեւին չի անհանգստացնում անգամ այն փաստը, որ Արցախի բնակիչները Հայաստանի կամ Ռուսաստանի անձնագրեր ունեն:
Այս պահի դրությամբ Ալիեւը դեռեւս տեղի չի տալիս Արեւմուտքի ճնշումներին՝ դուրս բերելու զորքերը Հայաստանի գրավյալ տարածքներից, ոչ էլ համաձայնում է ազատ արձակել հայ ռազմագերիներին: Նա հարբած է ոչ միայն Հայաստանի նկատմամբ տարած իր հաղթանակից, այլեւ տարածաշրջանային քաղաքական զարգացումների արդյունքում ձեռք բերած սեփական կշռից: Նախ եւ առաջ ադրբեջանական էներգակիրները, որքան էլ սահմանափակ լինեն դրանք, Ադրբեջանի համար ապահովեցին եվրոպացիների ջերմ վերաբերմունքը. աչք փակվեց անգամ լայնորեն տարածվող եւ դատապարտվող բազմաթիվ տեսանյութերի վրա, որտեղ պարզ երեւում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները սպանում հայ զինվորներին եւ գերիներին, տանջահար անում, սպանում եւ անդամահատում նույնիսկ կին զինվորականներին:
Չնայած այս ամենին, տարածաշրջանային խոշոր խաղացողների հավակնությունների արդյունքում Ադրբեջանն այս պահին դարձել է քաղաքական անգնահատելի գործոն:
Նախ՝ Թուրքիայի՝ Մեծթուրանական նկրտումներում կարեւոր դեր է վերապահված Ադրբեջանին՝ առաջ մղելու միջանցի գաղափարը՝ Թուրքիայի առջեւ բացելով տարածաշրջանի դարպասները: Բայց այս ամենից առավել Ադրբեջանին կենտրոնական դեր է վերապահված հատկապես իրանա-իսրայելական հակամարտության մեջ, նրան անգամ հույսեր են ներշնչվում, որ եթե Իրանը տարանջատվի, նրա տարածքի մի մասը կարող է միակցվել Ադրբեջանին: Անկարայում արդեն ձեւավորվել է այսպես կոչված Հարավային Ադրբեջանի ազգային ժողով կոչվող կազմակերպությունը, որը ծրագրում է ղեկավարել իրանական Ատրպատականը այն բանից հետո, երբ այդ տարածքն անջատվի Իրանից:
44-օրյա պատերազմի շահառուներն, այսպիսով, ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանն էին, այլ նաեւ Իսրայելը, որն ավելի մեծ հասանելիություն ստացավ Իրանի տարածքի նկատմամբ: Մինչեւ պատերազմը Հայաստան- Իրան սահմանը կազմում էր 140 կմ: Պատերազմից հետո այն կրճատվեց մինչեւ 35 կմ: Այսօր Իսրայելը Ադրբեջանի «ազատագրված տարածքներում» հսկայական ներդրումներ է իրականացնում, նույնիսկ ռազմական օդանավակայան է կառուցում:
Այս ամենին դժվար է զուտ որպես քաղաքական շահարկումների վերաբերվել, հատկապես եթե ավելանում են որոշ քաղաքական փաստեր. հենց վերջերս Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը իր թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ Բաքվում էր, երբ «պատահաբար» քաղաք այցելեց Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը: Այս բոլոր զուգադիպությունները վկայում են մի բանի մասին՝ եթե հակաիրանյան ուժերը հավաքվում են քննարկումների, նշանակում է Իրանի գլխին սեւ ամպեր են կուտակվում:
Այսօր, երբ Իրանի իբր-դաշնակից Ռուսաստանը սեփական խնդիրներն է լուծում Ուկրաինայում, Իրանում կարող է ինչ-որ սցենար բեմադրվել, ինչի արդյունքում, տարածաշրջանում բռնկված ավելի խոշոր հրդեհների ֆոնին Հայաստանն ու Արցախը կարող են երկրորդ պլան մղվել:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. թարգմանեց՝ ՌՈՒԶԱՆ ԱԶԻԶՅԱՆԸ
(Armenian Mirror-Spectator)