Ուռայի մոգականությունը
Այս անգամ հաղթանակը երաշխավորող հայկական «ուռան» մեզ չփրկեց: Պատերազմի ժամանակ երկմտանքով արտասանած մեր «ուռայի» ցածր տեմբրը չկարողացավ խլացնել թշնամու ականջը: Դա էր պատճառը, որ կորցրեցինք հնգանիշ բնական թվերով արտահայտված հայկական պետականությանը «հակադրվող» Հայրենիքի մի մասը: Հիմա էլ մեր սրտերի մեջ կորուսյալ մեծ Հայրենիքը սահմանագծելու մասին ենք մտածում եւ խորհում, որ միգուցե բանակի կանոնադրության մեջ «Ուռա»-ն «Կեցցե»-ով փոխարինելու դեպքում մեզ կհաջովղի ավելի բարձր տեմբրով առոգանել մեր հոգու ճիչը:
Խորհրդային բանակից «ուռան» փոխառված լինելու փաստը, համաձայն եմ, անհերքելի է, բայց այդ կոչականի ոռւսերեն ծագումը խիստ կասկածելի եմ համարում: Չգիտեմ էլ, ոգեշնչող այդ բացականչությունը որտեղի՞ց է գալիս: Բայց հաստատ գիտեմ, Ռուսիայից չի գալիս:
«Ուռա» բառի ծագումնաբանության ու իմաստային փոփոխությունների մասին որոշ աղբյուրներից գիտենք, որ այն առաջացել է սանսկրիտերեն «haur» բառից, որն «արեգակ» իմաստն է արտահայտում: Հայտնի է նաեւ, որ հայերեն «ՀՈՒՐ» բառը դրա ժառանգներից է: Այն նաեւ օշարակի տեսակ է, որն ըստ զրադաշտականների սուրբ գրքի, մատուցվել է միայն առաքինի մարդկանց:
Ըստ «Դեհխոդա» հանրագիտարանային բառարանի, «հուռան» ավեստերեն ծագում ունի, եւ հնում իրանցիները հաղթանակների ու տոնակատարությունների ժամանակ այդ հիացական բացականչությունով արտահայտել են իրենց ցնծությունն ու հրճվանքը:
Նույն արմատից առաջացած «հուռան», համաձայն վկայակոչված աղբյուրի, քրդերեն նշանակում է «աղմուկ-աղաղակ», իսկ ավեստերեն՝ «ոգելից ըմպելիք»:
«Ուռայի» եւ արեւմտյան բարքերի մասին է աղաղակում դանիացի գեղանկարիչ Պեդեր Սեւերին Կրոյերի՝ 1888 թվականին վրձնած «Հիպ-հիպ հուռա» (ռուսերեն՝ гип-гип-ура) խորագրով կտավը, որտեղ պատկերված է դանիական Սկագեն քաղաքում գինարբուքի ժամանակ «ուռա» բացականչող մի խումբ դանիացի նկարիչների հավաքույթը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ