ՄԱԽԱԹՆ ՈՒ ԱՔԱՂԱՂԻ ՊՈՉԸ
Բնությունը մեզ պոչ չի պարգեւել: Չգիտեմ, դա լա՞վ է, թե՞ վատ: Միգուցե պոչն ինչ-որ նպատակի, օրինակ ճանճ քշելու համար մեզ էլ պետք գար: Ինչ արած, մենք պոչ չունենք ու առանց դրա մինչեւ հիմա «յոլա» ենք գնացել: Բայց եթե հայերս չօգտագործեինք պոչը, ավելի շուտ՝ «պոչ» բառը, հայոց լեզուն հաստատ կտուժեր: Օրինակ, պոչի բացակայության դեպքում ինչպե՞ս կկարողանայինք նկարագրել անհավանական ու խելքից դուրս թվացող ստերը: Այո, պոչը մեզ օգնում է լուծել խնդիրն ու ոչ հավաստի ստերն անվանել «պոչավոր»: Անշուշտ, պոչ չունենալու դեպքում մեզ օգնության կհասներ նաեւ կոտոշը՝ պոզը, ճիշտ այնպես, ինչպես իրանցիներն են օգտվում դրանից ու նույն նպատակի համար, պոչից բացի, օգտագործում կոտոշը՝ ճչացող ստերն անվանելով «պոզավոր» (doruhg-e shakhdar):
Բայց, հայի համար պոզ ու պոչը (միասին վերցրած) ստի հետ ոչ մի կապ չունի, այլ կապված է անտեղի քննադատության եւ «պոզ ու պոչ» կպցնելու հետ: Իսկ իտալացիների մոտ ստի հետ ոչ պոչն է ասոցացվում, ոչ էլ կոտոշը, փոխարենը սուտն ու քիթն են սերտորեն փոխկապակցված: Պինոկիոյի արկածները գրքից գիտենք, որ հեքիաթի հերոսի քիթն ամեն անգամ երկարում էր, երբ նա ստեր էր հորինում: Պատկերացրեք, ինչ տեղի կունենար, եթե մերօրյա որոշ քաղաքական այրեր աշխատեին Պինոկիոյի հեքիաթային դարաշրջանում:
Վերադառնալով պոչի թեմային, ավելացնեմ, որ հայերը խորամանկելիս օգտվում են մարդու մոտ բացակայող կարեւորագույն օրգանից, այն է՝ պոչից, եւ այդ նպատակով «պոչ խաղացնում»: Բայց իրանցիները խորամանկելիս ոչ թե սեփական պոչն են խաղացնում, այլ՝ ուրիշի: Դա է պատճառը, որ մեկին խաբելու կամ մոլորեցնելու համար իրանցին ասում է՝ «արջին ստիպեցինք պար գալ, որ պոչը բռնենք»: Բնականաբար, այստեղ «արջը» հանդես է գալիս որպես խարդավանքի զոհ:
Թեեւ մենք պոչ չունենք, բայց պետք է զգուշանանք, որ հանկարծ մեր չեղած պոչը չկտրեն, չխուզեն կամ էլ չտրորեն, հակառակ դեպքում չարամիտ մարդկանց զոհը կդառնանք: Բայց իրանցիներն այդ հարցում այլ կարգի մտահոգություն ունեն, քանի որ նրանք սովորաբար զգուշանում են պոչը կտրած մարդկանցից: Չէ՞ որ «պոչատ» մարդիկ (dom boride), ըստ իրանցիների, խորամանկ ու նենգամիտ են լինում:
Պոչի եւս մեկ կարեւոր հատկանիշ: Եթե անհերքելի փաստերը կոծկելու համար մենք՝ հայերս, անհուսալիորեն փորձում ենք մախաթը թաքցնել պարկի մեջ, ապա իրանցիները համառորեն աշխատում են աքաղաղի պոչը քողարկել (dom-e khorus):
Այո, մեր կյանքում կան այնպիսի ակնառու բաներ, որ մախաթի ու աքաղաղի պոչի պես հնարավոր չէ թաքցնել անգամ ամենամեծ պարկի մեջ:ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ