«Անդազահան անել»
Մեր քաղաքական խոսույթում ի՜նչ բառեր ասես չեն օգտագործվում. էլ «ջեպկիր», էլ «մուտիլովշիկ», էլ «գյուռմամիշ», էլ «քյառթու» ու նմանատիպ բազմաթիվ այլ արտահայտություններ:
Այս կարգի արտահայտությունների մեջ պատվավոր տեղերից մեկն էլ հատկացված է «ԱՆԴԱԶԱՀԱՆ ԱՆԵԼ» բառակապակցությանը, որի հաճախակի օգտագործումը կարող է նպաստել մեր քաղաքական բառապաշարում դրա վերջնական ներառմանը:
Հայերենում ԱՆԴԱԶԱ բառը երկու իմաստ ունի. Առաջինը նշանակում է «Խոսք», «պատմություն», «ասացվածք»: Օրինակ՝ «Ջուրը կու տանե ու հիդ կու բերե: Ինչի՞ վրա է ասված էս անդազեն»: Այս իմաստով «անդազա» բառը պիտի առաջացած լինի «խրատական խոսք» նշանակությամբ պարսկերեն ԱՆԴԱԶԵ բառից:
Բայց մեզ հետաքրքրող բառը «չափանմուշ» ու «ձևվածք» նշանակությամբ երկրորդ ԱՆԴԱԶԱ-ն է, որը նույնպես փոխառություն է պարսկերենից: Եվ եթե այս բառը մեր հարևաններից ավելի վաղ՝ միջին պարսկերենի շրջանում փոխառած լինեինք, այն կունենար *ԱՆՏԱՃԱԿ ձևը՝ պահլավերենում ՀԱՆԴԱՉԱՔ հոմանիշի առկայության պատճառով: Բայց մենք «մտածել» ու «քննել» իմաստով հայերենում ունենք նաև ԱՆԴԱՃԵԼ բայը, որը փոխառություն է պահլավերենից:
Եվ քանի որ ԱՆԴԱԶԱ բառի փոխատուն ժամանակակից պարսկերենն է, ուստի այն տեղ չի գտել հայերենի հիմնական բառապաշարի մեջ, ու դրանից կազմված «ջարդուփշուր» իմաստով «ԱՆԴԱԶԱՀԱՆ»-ը կիրառելի է միայն խոսակցականում:
«Անդազահան անել», նշանակում է այնպես հարվածել, որ ջարդուփշուր լինելու պատճառով սուբյեկտը կորցնի իր «ստանդարտ չափերը»:
Ժամանակակից պարսկերենի ԱՆԴԱԶԵ բառի հիմքում «նետել» իմաստով ԱՆԴԱԽԹԱՆ բայի ներկայի հիմքն է:
Ֆիրդուսու բերած վկայությունը համոզիչ է.
«Պետք է նետել (չափել), որից հետո՝ կտրել»:
Սաադին էլ է պարսկերեն «նետել» բայը «չափել» իմաստով օգտագործել՝
«Առանց նետելու (չափել) պետք չէ կտրել»:
Բայց նետելը ի՞նչ կապ ունի չափելու հետ:
Կապն անմիջական է:
Հնարավոր չէ չնկատել միաժամանակ «նետել» ու «քննել» իմաստներով պարսկերեն ԱՆԴԱԽԹԱՆ ու նույն իմաստներով հայերեն «գցել, բռնել» (անդաճել) բայերի միջև տիպաբանական ընդհանրությունը:
Վաղ անցյալում պարսկերենով այդ չափման միավորը «նետել» բայի ներկայի հիմքից կազմված բառով կոչվել է «նետվածք»՝ «ԱՆԴԱԶԵ», որը հետագայում ընդհանրացվել ու ստացել է «չափ» իմաստը:
Բանն այն է, որ հնում տարածությունը չափելու մի քանի հնարք է եղել, որոնցից մեկը փայտի կտոր նետելն էր: Ֆիզիկապես ամրակազմ մարդուն հանձնարարվում էր փայտի կտորը նետելու միջոցով հեռահարության համար չափման միավոր սահմանել, որոնցից յուրաքանչյուր միավորը կոչվում էր «մեկ փայտ»: Ատրպատականում այդ միավորը թուրքերենով ստացել է «աղաջ» (ԱՂԱՋ) անվանումը, որը հավասար էր մեկ փարսախի՝ (3 մղոն):
Կա մի հետաքրքրական ավանդապատում, որի համաձայն՝ ժամանակին թավրիզահայերին տեղի իշախանությունները գերեզմանոցի տարածք հատկացնելու որոշում էին կայացրել: Ասում են՝ տեղաբնակ հայերին հաջողվում է գտնել դյուցազնակազմ մի հայորդու, որի նետած փայտի հեռահարությունը գերազանցում էր նախկինում սահմանված չափերը, ում շնորհիվ էլ թավիրզահայերին հաջողվում է գերեզմանոցի համար հսկայական տարածքի տեր դառնալ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ