Հասարակության մեջ կուտակված դժգոհությունները խելացի օգտագործելով 2018-ին Հայաստանում իշխանափոխություն իրականացվեց: Շատերն այն «Թավշյա հեղափոխություն» անվանեցին: Հեղափոխություն էր դա, թե՞ հեղաշրջում կամ մեկ այլ բան, կարեւոր չէ: Կարեւորն այն էր, որ շատերը ոգեւորված էին: Թվում էր` հասել էր բաղձալի ազատության ժամը: Այդպես հորթի հրճվանք ապրում էինք, բայց վրա հասան ու մեզ ցնցեցին միջազգային տիրույթում չհասկացված լինելն ու անչափ ցավոտ 44-օրյա պատերազմը: Պատերազմ, որը մեզանից մի ամբողջ սերունդ խլեց, անորոշ ու անհասկանալի վիճակում դրեց թե՛ մեր պետականությունը, թե՛ ժողովրդին: Սակայն այդպես էլ չսթափվեցինք, խելքի չեկանք, մնացինք սեւի ու սպիտակի ճամբարներում եւ շարունակում ենք գզվռտել ու, որ ամենազարմանալին է, սպասել պայծառ ապագային: Բայց հայտնի ճշմարտություն է, որ իր անցյալը չգնահատած ու դրանից դասեր չքաղած, բայց լուսավոր ապագային հավերժ սպասող ազգը, ներկայով էլ չի կարող ապրել: Տխուր է իսկապես ու շատ ցավոտ…
Արդեն տեւական ժամանակ է, որ անգլոսաքսոնական երկրների ՀՆԱ-ի գոյացման հիմնական սպասարկուն թե՛ ուղիղ, թե՛ անուղղակի իմաստով ռազմարդյունաբերական համալիրն է: Իսկ ռազմարդյունաբերական էդ անտեր համալիրը ո՞նց կարող է անընդհատ աշխատել, եթե ոչ արհեստական սարսափներ եւ վախեր ձեւավորելու միջոցով: Եթե մի փոքր հետ նայենք, ապա հստակ երեւում է, որ յուրաքանչյուր տասը տարին մեկ նման մի սարսափ են ի հայտ բերում: Այսպես, 2003 թ. Սադամն էր իր նկուղներում, իբր, միջուկային մարտագլխիկներ պահում, 2013 թ.` Ասադը, հիմա էլ գիշեր ցերեկ թմբկահարվում է Ռուսաստանի Ուկրաինա մոտալուտ ներխուժման մասին (Ի դեպ ԱՄՆ-ի կողմից թմբկահարվող հարձակման փետրվարի 16-ից մեկ շաբաթ առաջ գրել էի, որ այդպիսի բան չի լինելու, տես «Ազգ», թիվ 6(5694):
Վերջերս էլ ԶԼՄ-ներից մեկում հանդիպեցի մի տեղեկատվության, որ Ֆորբսը վերջին մեկուկես ամսվա մեջ երրորդ անգամ, հղում անելով անհայտ ռուս զինվորականների, վերլուծություն է կատարել, թե հավանական պատերազմի դեպքում քանի րոպե կպահանջվի ռուսներից Ուկրաինայի ռազմավարական հիմնարկները ոչնչացնելու համար: Ամենահետաքրքրականն էլ նա է, որ ամեն նման հրապարակումից հետո ՆԱՏՕ-ական երկրները խոստանում են ռազմական զորամիավորում ուղարկել Ուկրաինա: Անցնում է մի քանի օր եւ զորամիավորում ուղարկելու խոստումը սահուն փոխարինվում է սպառազինություն եւ ռազմատեխնիկա մատակարարելու խոստումով կամ, լավագույն դեպքում, հնացած ու անարդյունավետ որոշ զինատեսակներ նվիրելով: Ու ամերիկյան ռազմարդյունաբերությունն ամբողջ հզորությամբ աշխատելուց սկսում է պայթել:
Այնպես որ, անգլոսաքսերը անգլոսեքսեր չէին լինի, եթե մի կրակոցով ընդամենը մեկ նապաստակ սպանեին: Նրանք գործը կազմակերպում են այնպես, որ Արեւմտյան Եվրոպայի դաշնակիցներին մատակարարում են նոր զինատեսակներ եւ միաժամանակ նրանց հնարավորություն են ընձեռում իրենց սպառազինության մեջ եղած հին զինատեսակները «բարեխիղճ» գներով վաճառել Արեւելյան Եվրոպայի երկրներին՝ Բուլղարիային, Ռումինիային, Մերձբալթյան երկրներին, Մոլդովային եւ վերջապես՝ Ուկրաինային: Խնդրեմ, ստացվում է, որ եթե խելացի ես` միշտ էլ գործ կճարվի: Ավելին, գործնական աշխատանքներին զուգընթաց, նրանք կարողանում են գրեթե նույնն անել նաեւ գաղափարախոսական ճակատում:
Հետաքրքրական էր, որ այս իրավիճակում ԱՄՆ-ի նախագահ Բայդենը հայտարարեց, թե «Ժողովրդավարությունը պաշտպանելը թանկ արժե. ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած գին վճարել ազատությունը պաշտպանելու համար»: Անկեղծ ասած՝ »ս երբեք չեմ տեսել, որ ԱՄՆ-ն ինչ-որ մեկին ինչ-որ բան վճարի ազատությունը պաշտպանելու համար: Այ, միշտ հակառակը տեսել եմ. որպես կանոն, թանկ են վճարել բոլոր այն երկրները, որտեղ ԱՄՆ-ը ժողովրդավարության քողի տակ ներխուժել է ազատությունը պաշտպանելու համար: Ասեմ ավելին, ես նաեւ տեսել եմ, թե ինչպես է Ռուսաստանը պաշտպանում ժողովրդավարությունը Ղրիմում` ճանաչելով դրա իրական դրսեւորումը` ժողովրդական հանրաքվեն:
Քանի առիթը ներկայացել է ասեմ նաեւ, որ եթե ԱՄՆ-ի համար ազատությունը գին ունի, ապա մեզ համար այն ուղղակի անգին է: Թող ողջ աշխարհն իմանա, հայ ժողովրդի համար ազատ ու անկախ Հայաստանն ամեն ինչից վեր է, իսկ դրան, անկասկած, պիտի միացած լինի նաեւ Արցախը: Երեւանում ծածանվող եռագույնի եւ հնչող «Մեր Հայրենիքի» համար վերջին ավելի քան 100 տարվա ընթացքում մենք ենք թանկ վճարել` շուրջ երկու միլիոն անմեղ զոհերի, նահատակների եւ հերոսների հավաքական արյան գնով: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ արտահայտվելուց կամ գործելուց առաջ պարտավոր է ինքն իրեն հաշիվ տալ` ո՞ւմ, ի՞նչը եւ ինչո՞ւ է դարձնում սակարկության առարկա:
Գաղտնիք չէ, որ իրական ազատության հասնելու համար հարկավոր է հիմնվելով համամոլորակային խնդիրներին լուծումներ գտնող երկրների փորձի վրա եւ խելամիտ օգտագործելով մեր ունեցած հնարավորությունները, միավորվել համաշխարհային հասարակության հետ ու քայլ առ քայլ մոտենալ այն կետին, որտեղ մոլորակի ու մարդկանց շահերը համընկնում են: Այս դեպքում ավելի քան կարեւորվում են մի շարք գործոններ, որոնցից է օրինակ ժողովրդագրական հիմնախնդիրը: Մի բան, որն ակնհայտորեն առկա է նաեւ Հայաստանում: Հիմնական խնդիրը, իհարկե, արտագաղթն է: Բնակչության արտահոսքի հետեւանքով փոխվում է երկրի որակական հատկանիշների ֆոնը՝ պակասում է հասարակության հարաբերակցությունը բոլոր սեռա-տարիքային խմբերում: Թեեւ ավելի պակաս չափով, սակայն սկսել է դերակատարություն ստանձնել նաեւ տարբեր երկրներից նկատվող ներգաղթն ու ներհոսքը:
Նորություն չէ որ ասում եմ, բայց կարծում եմ, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական մակարդակի բարձրացումը անմիջականորեն կապված է մարդկային ռեսուրսների հետ: Իսկ մեզանում զգալի դերակատարություն ունի նաեւ այնպիսի վնասակար երեւույթ, ինչպիսին արտագաղթն է: Որովհետեւ արտագաղթողների շարքերում սովորաբար մեծ է աշխատող, կառավարման հակվածություն ունեցող, ակտիվ անհատների ու գիտական կադրերի թիվը: Տնտեսական աճի տեսանկյունից առանցքային է նաեւ կանանց եւ տղամարդկանց տոկոսային հարաբերակցությունը: Մեզ համար ուսանելի եւ ուղենիշային պետք է լինի այն, որ այսօր մի շարք երկրների քաղաքականության հիմնական ուղղվածությունը հենց ժողովրդագրությունն է: Միշտ հարկավոր է հիշել նաեւ, որ նեղ ու ծանր օրերն անցնելու հատկություն ունեն: Չարածի, վատ արածի եւ «գերակատարածի» մեղքի զգացումն է, որ չի անցնում, մեկ էլ` անմիաբանությունն ու կուսակցամոլությունը, որ ներսից կրծում, քայքայում է որեւէ հասարակություն:
«…Չկայ աւելի մեծ չարիք,-շեշտում էր Գարեգին Նժդեհը,- աւելի մեծ աղէտ ժողովրդի համար – մասնաւորապէս մեզ նման փոքրիկ ժողովրդի համար – քան կոյր կուսակցամոլութիւնը: Այդ տարամերժ ոգիի համար չկայ հասարակական, պետական, բարոյական շահ: Նրա համար օտար է այն ամենը, ինչ որ իր կուսակցութեան կնիքը չի կրում: Ինչ որ իր կուսակցութեան ծնունդը չէ – անընդունելի է եւ անհանդուրժելի: Ծափահարելի է միայն այն, ինչ որ բղխում է իր կուսակցութիւնից: Սեւամորթին աւելի հեշտ է ճերմակացնելը, քան սրան ընդունել տալ ամենապարզ ճշմարտութիւնը: Կուսակցութեան չար ոգին աստիճանաբար մթագնում է դրանց բանականութիւնը, դարձնում բարոյական ապուշ: Քաղաքական ստախօսութիւն, հայհոյանք, կեղծիք, բանսարկութիւն, դաւեր: Սա է նրա «կուսակցաշէն գործունեութիւնը»: Նա թունաւորիչն է ազգային կեանքի. թշնամանք, ատելութիւն, անհամբերողականութիւն է սերմանում նոյն ժողովրդին պատկանող անհատների եւ խմբակցութիւնների միջեւ: Նա հասարակութեան թշնամին է, բարեկամը իր ժողովրդի թշնամիների: Դա անեծքն է մեր կեանքի: ԿՈՒՍԱԿՑԱՄՈԼՈՒԹԵԱՆ թունալի ախտով բռնուած ժողովրդի ներկան տխուր է, ապագան անյուսալի»:
Հայկ Ասատրյանն էլ հանճարեղ կերպով հայ ժողովրդի ողբերգությունը համարում էր այն, որ նա` «արեւ է երգում, բայց քնամոլ է, հայրենասեր է, բայց անձապաշտ, խելք ունի, բայց ոչ երեւակայություն, սիրում է գիտությունը, բայց ծուլանում է նրանից օգտվել, գոռոզ է, բայց հարմարվում է նվաստության, քաջ է, բայց խորտակումի զգացում չունի, խիստ է, բայց անկարգապահ, ուժի պաշտամունք ունի, բայց ոչ հզորության կամք, մշակութային տենչ ունի, բայց ոչ քաղաքական կորով, արդարամիտ է, բայց ոչ ճշմարտասեր… Զգացումների շփոթ է հայ ժողովուրդը, շուռ եկած էություն»:
Իսկ թուրքը նրա բնորոշմամբ, հայության հակապատկերն է. «անհանճար ոգի ունի, բայց` քաղաքական կամք, անմաքուր սիրտ եւ գրավիչ լեզու, բութ միտք եւ կարգապահական հակում, վախի զգացում եւ խորտակումի մոլուցք: ի վերջո հայը հոյակապ ցեղ է եւ անպիտան ժողովուրդ, իսկ թուրքը ստորին ցեղ է եւ սքանչելի ժողովուրդ…»: Եվ այդ հատկանիշները դրսեւորվում են նաեւ մեր օրերում: Այսպես, 44-օրյա պատերազմը տնտեսական առումով Հայաստանին պատճառել է միլիարդավոր դոլարների վնասներ: Հետեւաբար Հայաստանին պետք են երկար տարիներ, որ վերականգնվի պատերազմի հետեւանքներից: Բայց արի ու տես, որ Հայաստանը չի դիմել միջազգային տրիբունալ վնասների փոխհատուցման համար: Այնինչ դրա փոխարեն Ադրբեջանն է պատրաստվում Հայաստանի դեմ 50 միլիարդ դոլարի պահանջով միջազգային տրիբունալ դիմել: Բնականաբար հարց է առաջանում. ինչո՞ւ Հայաստանը, որտեղ գրեթե ամեն շաբաթ տնտեսագիտության գծով ատենախոսություններ են պաշտպանվում, մինչ օրս չի հաշվարկել պատերազմի հետեւանքով իրեն պատճառված վնասը: Եվ ինչո՞ւ միջազգային տրիբունալում Ադրբեջանի դեմ գոնե հակընդդեմ հայց չի պատրաստել: Մի բան, որը Հայաստանը պետք է հիմա աներ եւ որն ամենակարեւոր քայլն է,- զարմացած հարցնում է ՌԴ ԶՈՒ հետախուզության (թՀձ) նախկին սպա, ռազմական փորձագետ Անդրեյ Դեվյատովը:
Այս առիթով հիշեցի հայրենասեր պետական գործիչ Ալ. Մյասնիկյանին: Նա դիմելով ժողովրդին ասում էր. «Ո՞վ է ձեզ թույլ լինելու իրավունք տվել… Դուք պետք է ապրեք՝ իմաստավորելու ձեր մայրերի, հայրերի եւ նախնիների անլուր տառապանքը: Մենք իրավունք չունենք հուսահատվելու, իրավունք չունենք թուլանալու, կյանքի հավատը կորցնելու: Մենք պետք է ապրենք, որպեսզի տեղ չմնա նրանց համար, ովքեր սովոր են սպանելու…»: Իսկապես սթափվել է պետք եւ գիտակցել, որ պատմությունը կրկնվում է նաեւ որպես ֆարս: Որ բնության մեջ միջատներից մինչեւ ամենամեծ կենդանին ունեն իրենց գոյությունը ապահովելու միայն իրենց հատուկ միջոցները: Մեկը ատամ ունի, մյուսը թույն, չորրորդը պոզեր, սմբակ, փշեր, հոտ, գույն եւ այլն: կենդանական աշխարհում պաշտպանական եւ հարձակողական միջոցները բազմազան են եւ ստեղծված հատուկ հենց տվյալ կենդանու համար: Կարծում եմ, ազգերը` նույնպես պատճառաբանված իրենց աշխարհագրական դիրքով եւ այլ գործոններով, ունեն իրենց առանձնահատկությունները: Ինքնաճանաչում ունեցող ազգը չի կապկում ուրիշին ո՛չ բանակի կառուցման, ո՛չ սահմանադրության եւ օրենքների, ո՛չ էլ մարդկային փոխհարաբերությունների դեպքերում: Ուրիշի շոր հագնելով, թեկուզ գեղեցիկ, դու դառնում ես ուրիշի շորը ցուցադրող, մանեկեն, իսկ ամենակարեւորը՝ ոչ թե շորն է հարմար գալիս քեզ, այլ դու ես աշխատում հարմարվել շորին:
Ցավոք, ավելի քան հազար տարի է հարմարվում ենք ու մեղադրում շորին, այդ շորը կարողին, որը բնավ խնդիր չի ունեցել ուրիշի համար շոր կարելու: Կարճ ասած՝ եթե ոզնի ես, ուրեմն վտանգի դեպքում կծկվիր, եթե կատու ես` ծառը բարձրացիր ու մի մեղադրի շանը, եթե ուզում է քեզ ուտել, զուտ նրա համար, որ դու փոքր ես իրենից: Հարկավոր է վերջապես խելքի գալ, ճանաչել ինքներս մեզ, հստակեցնել մեր նպատակներն ու խնդիրները, եւ պարզ կդառնա մեր անելիքը: Առանց որի հստակ ճշգրտման, ուղղակի կնմանվենք խավարում լողացող անփարոս նավի եւ բացառված չէ, որ հենց այդ անորոշությունից էլ կործանվենք…
Կարճ ասած` սթափվելն ու խոհեմություն դրսեւորելն արդեն օդի նման անհրաժեշտ են դարձել…
22.02.2022