Հեռավոր 1987-ին, երբ փետրվարն ինձ համար դեռ սովորական ամիս էր, եւ խորհրդային մեր դասագրքերից հիշողությանս մեջ իրեն էր խարսխել միայն «խռովություն» բառը, հանդիպեցի նրան՝ բարձրահասակ, կապտաչ Ավետիքին, որ հայոց լեզվի պաշտպան համախոհների հետ «Մաշտոց» միավորումն էր ստեղծել: Այդ ժամանակ մեզ թվում էր, թե միայն բանասերներին էր տրված լեզուն պահպանելու առանձնաշնորհը, ուստի երկրաբան Ավետիքի նախանձախնդրությունը բացատրում էինք հորից եւ մորից՝ երկու բանասերներից ժառանգած բնական ընթացքով:
Գիտեի, որ իմ սիրելի Ուսուցչի՝ Ռաֆայել Իշխանյանի որդին է, մտերիմ դասընկերոջս՝ Վահանի եղբայրը, բայց տարիքային մի անջրպետ թույլ չէր տալիս մտերմանալ: Սկզբում Ավետիքի սուր հումորը լցրեց անջրպետը, հետո գաղափարական ընդհանրությունները գերակա դարձան, իսկ 1988-ի փետրվարից մեր կյանքը նորոգած ղարաբաղյան շարժումը մեզ դարձրեց մեկ ընտանիք:
Թեպետ ես Ավետիք Իշխանյանին անհիշելի ժամանակներից Ավո եմ ասում, բայց հրաժեշտի այս գրիս մեջ Ավետիքն եմ շեշտում՝ ոչ միայն ի հարգանս Ռաֆայել Իշխանյանի հոր՝ Ավետիսի, այլեւ բառի նշանակության, որ անիմանալի մի խորհրդավորությամբ հուշում է, թե փետրվարի 25-ի բարի լուրը՝ ավետիս-Ավետիքը չէր կարող խռովք չունենալ: Խռովարար չէր, բայց ընդվզող էր, ապստամբ չէր, բայց դիմադրող էր, կռվարար չէր, բայց գաղափարական մարտը կիսատ չէր թողնի, եւ հատկանիշների այս նուրբ տարբերությունը հաստատում էր նախ՝ ազնվական լինելու գենետիկան եւ ազգանվան կնիքը:
Իշխան էր եւ իշխանության, պաշտոնի հավակնություն չուներ:
Թույլին ուժեղ դարձնելու ձգտում ուներ, ինչպես իր ազնվական նախնիք, իրավապաշտպան էր՝ արդարության հեղձուկ մեր աշխարհում:
Ինքն ուժ փոխանցող էր, բայց անուժ դարձավ, երբ 44 -օրյա պատերազմից հետո, Արցախը կորցնելուց հետո Հայոց զարթոնքի տրոփյունն արձանագրած Ազատության հրապարակը կիսադատարկ տեսավ…
Փետրվարը պատահական ամիս չէ՝ դասագրքում «փետրվարյան խռովություն» որակումն արդեն «ապստամբություն» է դարձել, իսկ Ղարաբաղյան շարժումը, որ մեզ տվել է ոգու հաղթանակ, ուժ եւ արժանապատվություն, հետեւաբար՝ կենսունակ ազգ լինելու հանձնառություն, դեռ մեր ներսում է, դանդաղ, հրաբխի նման ժայթքելու է…ինչպես 37 տարի առաջ փետրվարի 20-ին:
Փետրվարն Ավետիքի ամիսն է՝ 1955-ի փետրվարի 25-ին լույս աշխարհ եկավ, լույս աշխարհ գնաց 2025-ի փետրվարի 16-ին՝ իր ամուսնության օրը:
Գնաց փարվելու լուսավորներին՝ հորը՝ 1995-ի փետրվարի 6-ին աշխարհափոխ եղած Ռաֆայել Իշխանյանին, եղբորը՝ Վահանին, կենդանության օրոք չտեսած՝ Ստալինի հրամանով գնդակահարված երկու պապերին՝ Ավետիսին, Վահան Չերազին, գնդակահարված տատին՝ Վարդանույշ Չերազին, Արամ Մանուկյանին, Արցախյան պատերազմի պայծառ հերոսներին…
Եղիցի՛ լույս… երկնքից երկիր՝ մե՛ր երկրում՝ Հայաստանում:
2020 թվականից ի վեր իմ հրաժեշտներն այնքան են կուտակվել, որ բառերս վերջացել են: Ծանր է հատկապես հրաժեշտ տալ այն անհատներին, որ քո սերնդի հետ Ղարաբաղյան շարժման ճշմարիտ տարեգրությունն են պահպանում, առավել ծանր է հրաժեշտ տալ նրանց, որ 44-օրյա պատերազմից չվերադարձան՝ մեր սերնդի թերացածի պատճառով…
Ավետիքը բարոյական մարդ էր, գնաց, որ անկախ Հայաստանի գլխատված սերնդի կողքին լինի:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Մեր ընտանիքի ցավակցությունները Ավետիք Իշխանյանի մայրիկին՝ Բյուրակն Չերազ Անդրեասյանին, կնոջը՝ Նունե Ղազախեցյանին, որդիներին՝ Ռաֆայելին եւ Հրաչյային, քրոջը՝ Վարդուհուն, բոլոր հարազատներին:
«Ազգ»ի խմբագրությունը միանում է ցավակցություններին: