ԵՐԵՎԱՆ-ԼԱՅՊՑԻԳ – Թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասանուհի Ելենա Սերոպովան ծնվել է 1964 թվականին, Մոսկվայում: 1988 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական բարձրագույն ինստիտուտը: Ուսման վերջին տարում գործընկերների հետ մասնակցել է «Իմպուլս» մանրապատումների մանկապատանեկան թատրոնի ստեղծմանը, այնուհետեւ ընդունվել Երաժշտական արվեստի թատրոն-դպրոցի թատերախումբ: 1989-1990 թվականներին հանդես է եկել մոսկովյան հեռուստահաղորդումներում: Կինոյում առաջին անգամ հանդես է եկել 1984 թվականին («Արծաթե լճի լեգենդը», «Ադրբեջանֆիլմ»): Մեծ ճանաչում է ձեռք բերել Եվգենի Գերասիմովի «Ուղեւորություն Վիսբադեն» մելոդրամայում Ջեմմայի դերով: Նկարահանվել է նաեւ «Ամառանոցային շրջանը», «Իվան Եֆրեմովի հայտնությունը», «Կուռքը», «Առանց ապացույցների», «Մարդասպանը» շարժանկարներում, հունգարական «Ոսկե ժամանակը» հեռուստաֆիլմում, բրիտանական «Շարփ II» սերիալում, ամերիկյան «ՍՏԱԼԻՆ», «Թինա եւ Լենս» «Ավտոբուս դեպի Քուինս» կինոնկարներում, նաեւ գերմանական ֆիլմերում եւ հեռուստասերիալներում: 1990-ականներին ամուսնու հետ տեղափոխվել է ԱՄՆ, որպես հաղորդավար աշխատել WMNB ռուս-ամերիկյան հեռատեսիլի ընկերության ռուսալեզու հեռուստաալիքում: 2000-ականների սկզբին ընտանիքի հետ հաստատվել է Գերմանիայում: 2003 թվականից բեմադրում եւ կատարում է մենաներկայացումներ, արձակի եւ պոեզիայի երեկոներ: 2011-ին հիմնադրել է դերասանական արվեստի, բեմական խոսքի եւ բեմական շարժման դպրոց եւ դրա հիման վրա ստեղծել «St ART» թատրոն-ստուդիան (մանկական, պատանեկան եւ մեծահասակների թատերախմբեր), ամուսնու՝ ռեժիսոր Ռոստիսլավ Կրացբերգի հետ բեմադրելով 23 ներկայացում, որոնք հաջողությամբ ցուցադրվել են Գերմանիայի Լայպցիգ, Դրեզդեն, Խեմնից եւ Հալլե քաղաքներում:
Ելենա Սերոպովայի հետ իմ զրույցը կայացավ Դիմագրքի (ֆեյսբուք) միջոցով՝ ռուսերեն…
–Հարգելի՛ Ելենա, չափազանց խանդավառ եմ ձեզ հետ իմ այս զրույցով: Հիշում եմ՝ որքան ուրախացա՝ 1980-ականների կեսին առաջին անգամ տեսնելով ձեր լուսանկարը «Սովետսկի էկրան» ամսագրում, որից հետո սկսեցի հետեւել ձեր մասնակցությամբ կինոնկարներին: Ձեր խառնվածքն ու գեղեցկությունը, երբեմն՝ կենտրոնա–եվրոպական, երբեմն՝ արեւելյան, թույլ են տալիս մարմնավորել հերոսուհիների լայն շրջանակ, բայց ձեզ կարծես ավելի հարազատ է ռոմանտիկ ամպլուան…
-Շնորհակալությո՛ւն ձեր հետաքրքրության եւ բարի խոսքերի համար: Ինչ վերաբերում է ռոմանտիկ ամպլուային, ճիշտ եք, սկզբում այդպես էր: Ինչ խոսք, այն ամբողջովին կախված էր ռեժիսորի ընտրությունից, քանի որ հենց նրա տեսլականն է որոշում կատարողի դերը տվյալ ֆիլմում կամ ներկայացման մեջ: Եվ վստահ եմ, որ չկա մի դերասանուհի, որը չի երազել կերպավորել Տուրգենեւի հերոսուհիներին: Այնուամենայնիվ, դերասանի բնույթն այնպիսին է, որ նա իրեն ուզում է անպայման փորձել տարբեր դերերում, այդ թվում՝ բնութագրական կերպարներում, որոնք կտրուկ տարբերվում են քնարականներից: Ափսոս կլինի, եթե բոլոր բեմադրիչները դերասանին «դատապարտեն» ամբողջ կյանքում միանման կերպարներ խաղալ: Ուստի ես շնորհակալ եմ ճակատագրին, որը հնարավորություն տվեց դրսեւորել ինձ այլ կերպարներում եւս:
–Դերասանուհու հաջող կարիերայից հետո ձեզ համար ցավալի չէ՞ր Ռուսաստանից հեռանալ:
-Չափազանց ցավալի էր: Ճիշտ է, այն ժամանակ իմ կարիերան դեռ նոր էր սկսվում, բայց ես լավ հասկանում էի, որ հեռանալով՝ ակամա կավարտեմ այն, քանի որ այդպիսին է մեր կյանքի դրվածքը: Բայց նախքան ճակատագիրն այլ կերպ կդասավորվեր, ստիպված էի անցնել բազմաթիվ փորձությունների միջով: Դրա համար չեմ ափսոսում, որովհետեւ առանց վատի չէր լինի լավը, առանց տխրության չէր լինի ուրախությունը, եւ առանց սովորական, երբեմն՝ գորշ առօրյայի, մենք այնքան էլ չէինք գնահատի այն ուրախությունը, որ տալիս են մեզ ճակատագրի պարգեւները: Ամեն ինչ ճանաչվում է համեմատության միջոցով:
–Հայտնի է, որ օտարազգի դերասանների համար շատ դժվար է նկարահանվել ամերիկյան եւ եվրոպական կինոյում: Այնուամենայնիվ, ձեր ֆիլմագրության մեջ կան այդպիսի աշխատանքներ…
-Դուք միանգամայն իրավացի եք. հեշտ չէ: Այդ իսկ պատճառով իմ աշխատանքը բոլոր չափազանց հետաքրքրական արեւմտյան կինոնախագծերում համարում եմ իսկական նվեր Բարձրյալից եւ անչափ շնորհակալ եմ ճակատագրին դրա համար: Ես ուրախ էի աշխատել հունգարական «Ոսկե ժամանակ» ֆիլմում («Մաֆիլմ» կինոստուդիա)՝ եզակի բեմադրիչ, ՎԳԻԿ-ում Իվան Պիրեւին աշակերտած Իլոնա Կատկիչի հետ, որն իր ֆիլմի գլխավոր հերոսուհու դերակատար գտնելու նպատակով եկել էր Մոսկվա: Սցենարը գրվել է 19-րդ դարի հունգարացի դասական գրող Դյուլա Կրուդայի ստեղծագործության հիման վրա: Շատ հրաշալի հիշողություններ ունեմ այդ դժվարին աշխատանքից՝ կապված հիանալի գործընկերների՝ հունգարական թատրոնի եւ կինոյի աստղերի համագործակցության հետ: Իմաստուն Իլոնան ամեն ինչ արեց՝ նկարահանումներից առաջ ու դրանց ընթացքում հարստացնելու համար խորհրդային երրորդ կուրսի ուսանողուհու հոգին այն մշակութային պաշարով, որից մենք զրկված էինք այն ժամանակների երկաթե վարագույրի հետեւում: Ի՜նչ ոգեշնչում ստացա ես այն ժամանակ, եւ ինչպե՜ս դա օգնեց իմ աշխատանքին ֆիլմում:
Ամերիկյան «ՍՏԱԼԻՆ» ֆիլմում (արտադրությունը՝ «Ուորներ էնթըրթեյնմընթ» հոլիվուդյան ստուդիայի՝ Էյջ Բի Օու խոշորագույն առեւտրային հեռուստաալիքի պատվերով), ես հնարավորություն ունեցա խաղալ Նինո Բերիայի փոքրիկ պատմական դերը (ինչը հատուկ պատասխանատվություն էր պահանջում)՝ «աստղային» շրջապատում. Ռոբերտ Դյուվալ (Ստալին), Ջուլիա Օրմոնդ (Նադեժդա Ալիլուեւա), Ռովշան Սեթ (Լավրենտի Բերիա), Մաքսիմիլիան Շելլ (Լենին) եւ այլ տաղանդավոր դերասաններ: Այս ֆիլմը հետագայում ստացավ «Էմմի» մրցանակ, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս» պատվավոր մրցանակ երեք անվանակարգերում: Հետո եղան ամերիկյան արտադրության եւս երկու շարժանկար, որոնցում կատարեցի կանանց գլխավոր դերերը… Այս ամենը փայլուն փորձառություն էր եւ բարի հիշողություններ, որոնք ես պահում եմ իմ սրտում:
–Դուք ծնվել եք անվանի երաժշտի եւ բանասեր-բանաստեղծի ընտանիքում: Կարծում եմ՝ մեծացել եք անզուգական ստեղծագործական մթնոլորտում:
-Հայրիկս՝ Գեորգի Գուրգենի Սերոպովը, ծնվել եւ մեծացել է Թբիլիսիում: Երաժշտական դպրոցը ջութակի որակավորմամբ ավարտելուց հետո նա սիրահարվեց սաքսոֆոնին եւ կատարելապես ինքնուրույն տիրապետեց գործիքին: Նա սկսեց հետաքրքրվել ջազով՝ հիանալով ամերիկացի մեծ կատարողներով, որոնք նրա իրական, թեեւ բացակա, «լսողությամբ սովորեցնող» ուսուցիչներն էին: Նա տաղանդավոր էր ոչ միայն երաժշտության, այլեւ նկարչության մեջ, հաղթեց մրցույթում եւ ընդունվեց Վրաստանի արվեստի ակադեմիա, ինչն այդ օրերին գրեթե անհնար էր հայի համար: Սակայն եկավ ժամանակը, երբ պետք էր ընտրություն կատարել կերպարվեստի եւ երաժշտության միջեւ: Հաղթեց երաժշտությունը. Մոսկվայում հայրս երկար տարիներ աշխատել է «Մոսկոնցերտի» մեծ ջազ նվագախմբում՝ ժամանակի հայտնի երաժիշտների հետ, այնուհետեւ՝ Ցվետնոյ բուլվարում գտնվող հին Մոսկվայի կրկեսի նվագախմբում՝ Յուրի Նիկուլինի ղեկավարությամբ: Նվագախմբի դիրիժորներն էին Վլադիմիր Միխայլովը եւ Գեորգի Գարանյանը: Մայրս՝ Լյուբով Սերոպովան (Ժուկովա), նույնպես երաժշտական կրթություն ուներ (դաշնամուր), ինչպես կրտսեր քույրս, որն ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանը: Իսկ երաժշտական մշակույթի շունչը, ստեղծագործական մթնոլորտն իսկապես տիրում էին մեր տանը, որտեղ հաճախ էին հավաքվում երաժիշտներ, մարդիկ գեղարվեստական աշխարհից՝ հորս, մեր ընտանիքի բարեկամները: Հայրիկն ինքը տոնական մարդ էր, եւ անկախ հոգնածությունից ու տրամադրությունից, միշտ իր հետ տոն էր բերում՝ իր մշտական հումորով, կատակներով, արտասովոր պատմություններով եւ իր յուրահատուկ բարի ծիծաղով:
–Այո՛, ձեր երջանկահիշատակ հայրը խորհրդային ջազ երաժշտության նշանավոր ներկայացուցիչ էր: Որտեղի՞ց էին նրա նախնիները: Սերոբյաննե՞ր էին նրանք:
-Հավանաբար… Ցավոք սրտի, ես շատ բան չգիտեմ հորս նախնիների մասին: Ժամանակին նրանք ապրել են թուրքական տարածքում: Թուրքիայում հայերի հալածանքների բոլորին հայտնի տխրահռչակ շրջանը՝ 1915-1916 թվականների Ցեղասպանությունը, անդրադարձել է նաեւ հորս տատիկի ու պապիկի վրա, որոնք ստիպված են եղել փախչել Թուրքիայից իրենց հինգ երեխաների հետ եւ Սիմֆերոպոլի ճանապարհով հայտնվել են Թբիլիսիում: Տատիկս՝ Ելենա Հմայակովնան, ծնյալ Քեշիշյան, պարզ եւ անսովոր բարի կին էր՝ բնածին խելքով եւ պարկեշտության զգացումով: Ցավոք, նա մահացավ, երբ ես ընդամենը ութ տարեկան էի: Հորս գծով մեր հարազատներից ոմանք դեռ ապրում են Վրաստանում, իսկ մեր ազգականների մի մասը՝ Հայաստանում:
–Բացի արվեստի հանդեպ սիրուց եւ գեղեցիկ մեծ աչքերից, ձեր հայրը ձեզ փոխանցե՞լ է իր հայկական ժառանգությունը:
-Իհա՛րկե, նա ինձ սեր է փոխանցել իր արմատների, Հայաստանի պատմության հանդեպ: Հիշում եմ, դեռ փոքր ժամանակ ի՜նչ հետաքրքրությամբ էի կարդում Ուրարտուի հնագույն պետության, ապա՝ Հայաստանում հելլենիստական դարաշրջանի մասին, որը հարստացրել է հայ ազգային մշակույթը (ինձ համար, օրինակ, հետաքրքրական փաստ էր, որ Եվրիպիդեսի ողբերգություններն Արտաշատի թատրոնում բեմադրվել են հույն եւ հայ դերասանների մասնակցությամբ, դա ինձ շատ ոգեշնչեց, երբ կինոյում խաղացի հելլենուհի՝ Թաիս Աթենուհու դերը): Հետաքրքրությամբ ծանոթանում էի Հայաստանի քրիստոնեության ընդունման եւ միջնադարի պատմությանը, հայ ճարտարապետական հուշարձաններին ու մշակույթին, որմնանկարչության եւ ընդհանրապես արվեստի զարգացմանը հետագա ժամանակներում… Հայրիկը մեզ տանում էր Երեւանի եւ Կիրովականի իր հարազատների մոտ, գեղատեսիլ Սեւանա լիճ… Պարզապես անհնար է մոռանալ այդ գեղեցկությունները: Կարծում եմ՝ գլխավորը, որ հայրս փոխանցեց ինձ, սերն ու բարեհոգի հարգանքն էր ազնիվ մարդկանց նկատմամբ՝ անկախ ազգությունից, կովկասյան ժողովրդին բնորոշ հյուրասիրությունը, ընտանեկան արժեքները… Ու նաեւ հայկական դուդուկի հնչողությունից ստացվող առանձնահատուկ հաճույքի զգացումը: Իմ «Հավատ, հույս, սեր… եւ երազ» մենաներկայացման մեջ կենդանի դուդուկ էր հնչում՝ որպես մեր հրաշալի երկրի եւ նրա ժողովրդի հավերժական իմաստության խորհրդանիշ: Ներկայացմանը մասնակցում էր Լայպցիգի կոնսերվատորիայի երաժշտական-թատերական դպրոցի ջազի բաժնի շրջանավարտ, ջազի միջազգային փառատոների մասնակից, երիտասարդ եւ շատ տաղանդավոր կատարող ու կոմպոզիտոր Արտյոմ Սարգսյանը: Մեր երեկոյին նա նվագում էր տենոր սաքսոֆոն, ֆլեյտա եւ դուդուկ: Արտյոմը նաեւ հրաշալի երաժշտություն է գրել մեր «Փոքրիկ իշխանը» պիեսի բեմադրության համար, իսկ «Տեսարան վերեւից» ներկայացման մեջ հաջողությամբ հանդես է եկել որպես դերասան:
–Հետաքրքրական էր, որ «Ուղեւորություն դեպի Վիսբադեն»՝ հավանաբար խորհրդային վերջին հաջողված ֆիլմ-մելոդրամայում, իտալական ընտանիքի երեխաների դերերը խաղացել եք դուք եւ պատանի Արթուր Վարդանյանը՝ երկուսդ էլ հայկական արմատներով…
-Իտալացիներն ու հայերը շատ մոտ են արտաքինով եւ խառնվածքով: Հավանաբար սա է պատճառը, որ թե՛ Արթուրը, թե՛ ես պահանջված եղանք այս ֆիլմում, որը Տուրգենեւի «Գարնանային ջրեր» վիպակի՝ Եվգենի Գերասիմովի էկրանավորումն էր: Ասեմ նաեւ, որ 1993 թվականին բախտ ունեցա նկարահանվել տաղանդավոր հայ բեմադրիչ եւ սցենարիստ, «Էմմի» մրցանակի դափնեկիր Բորիս Հայրապետյանի «Մարդասպանը» ֆիլմում, որտեղ, ի թիվս այլ հիանալի գործընկերների, պատիվ ունեցա աշխատելու Արմեն Բորիսի Ջիգարխանյանի հետ՝ զարմանալի մի դերասան, յուրահատուկ անհատականություն, իմաստուն եւ անսահման բարի անձնավորություն, որի հետ ես եւ ընտանիքս կապվեցինք երկարամյա ընկերական հարաբերություններով, ինչը ես տակավին շատ եմ գնահատում:
–Ի դեպ, այդ ֆիլմի երաժշտության հեղինակն էլ երեւանցի կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանն էր, այժմ հանգուցյալ…
-Այո, ցավոք, շատերն արդեն չկան: Իսկ առհասարակ «Մարդասպանը» ֆիլմի հետ շատ առեղծվածային բաներ են կատարվել…
–Եվ վերջում՝ ի՞նչ է անում Ելենա Սերոպովան հիմա Գերմանիայում. մի օր նրան կտեսնե՞նք իր նախնիների հայրենիքում:
-Հիմա ես անում եմ նույն բանը, ինչ միշտ արել եմ՝ զբաղվում եմ իմ մասնագիտությամբ: Իմ կյանքը մշտական շարժում է. իզուր չէ, որ Լայպցիգում իմ վերջին ստեղծագործական երեկոներից մեկը կոչվում էր «Ճանապարհին»: Եվ ուր էլ որ մեզ տանի այս ճանապարհը, մենք այնտեղ ենք բերում մեր մեծ վարպետների թողած մշակութային ժառանգությունը եւ մեր ստուդիայի անդամներին, հեռուստադիտողներին, ունկնդիրներին ուսուցանում ենք այն, ինչ սիրում, գնահատում ենք եւ կարողանում ենք անել: Իմ խորին համոզմամբ՝ հոգեւորը, մշակույթը, արվեստը բերում են խաղաղություն եւ սեր՝ կտրելով մարդկային հոգիները առօրյայից եւ բացասականությունից: Մենք այս պահին Վրաստանում ենք, բայց կյանքն անկանխատեսելի է: Գիտե՞ք, ես շատ արյուններ ունեմ՝ հայկական, ռուսական, ուկրաինական, լեհական. ես աշխարհի՛ մարդ եմ: Իսկ մասնագիտության բերումով կինոյում եւ թատրոնում մարմնավորել եմ գնչուհու, հունգարուհու, իտալուհու, ադրբեջանուհու, տաջիկուհու, հելլենուհու, իսպանուհու, վրացուհու, գերմանուհու, ուկրաինուհու, ռուսուհու, ամերիկուհու եւ նույնիսկ այլմոլորակայինուհու, բայց, ցավոք, դեռեւս չեմ մարմնավորել հայուհու:
Ես ճամփորդել, ապրել եւ աշխատել եմ աշխարհի տարբեր երկրներում: Բայց երբեք չեմ մոռանում իմ արմատները: Հենց դա է կյանքում տալիս ուժ ու շարժառիթ, իսկ հոգուս մեջ՝ անխուսափելի ջերմություն: Եվ հուսով եմ, որ մի օր նորից կայցելեմ հորս նախնիների հայրենիքը…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ