Գերմանական լրատվամիջոցները շատ նրբազգաց են, երբ խոսքը ԱՄՆ հավակնություններից մեկի՝ Գրենլանդիան «ազատագրելու, ինքնիշխան դարձնելու» ճիգին է վերաբերում: Նրանց թվում էր, թե ԱՄՆ նախագահը զբաղված լինելով Իրանի, Կուբայի խնդրով, մոռացել է Գրենլանդիայի հարուստ ընդերքի մասին: Մայիսի 22-ին ԱՄՆ հյուպատոսության նոր, մեծ շենքի բացումը կղզու 100 ավոր բնակիչներ բողոքի ցույցով դիմավորեցին: «Գրենլանդիան գրենլանդցիներին է պատկանում», «Մեր ոչը ոչ է», «ԱՄՆ, բավակա՛ն է, դադարեցրո՛ւ» պաստառներով կղզու բնակիչները ցանկանում էին իրենց վերաբերմունքն արտահայտել հայրենի բնավայրի հանդեպ ԱՄՆ սպառնալիքի դեմ, իսկ տեղական իշխանությունները մերժել էին ներկա լինելու հրավերը՝ հստակ հայտարարելով, թե Գրենլանդիան ինքնավար տարածք է՝ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցող Դանիայում: Հունվարին կղզու 57 000 բնակիչներին Թրամփը սպառնացել էր, թե կենթարկեցնի ԱՄՆ-ին, չհամաձանելու պարագայում՝ ռազմական միջամտությամբ: Տեղական իշխանության ներկայացուցիչները վստահեցրել էին բնակիչներին, թե որեւէ պարագայում տարածքը վաճառքի ենթակա չէ, այն պատկանում է կղզու բնակիչներին: Դիմադրությունը սակայն բնավ չի նվազեցնում ԱՄՆ-ի՝ հետապնդած նպատակին հասնելու համառությունը, եւ մայիսի 22-ին կղզի այցելած ԱՄՆ բանագնացը խոսել է կղզու անկախության մասին: « Մի շարք անհավանական հնարավորություն կա Գրենլանդիան կախյալ վիճակից լիովին անկախ, ինքնիշխան դարձնելու», տեղական Sermitsiaq թերթին ասել է ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեֆֆ Լենդրին, ինչպես ծանուցում են գերմանական ԶԼՄ-ները՝ հավելելով՝«նախագահ Թրամփը այն տնտեսապես անկախ դարձնելու մտապատկերն ունի, եւ դա հնարավոր է»: Կղզին հարուստ է բնական պաշարներով, բնակիչների մեծ մասը երազում է, որ Դանիայից մի օր անկախ լինի Գրենլանդիան, բայց Դանիայի հետ տնտեսական հարաբերություններով պայմանավորված՝ տեղական իշխանությունը քաղաքական օրակարգում դեռ այդ՝ «լիովին ինքնիշխան» լինելու հարցը չի ընդգրկել: Գերմանական ԶԼՄ-ները հստակ չեն ասում, բայց հուշում են, մենք բարձրաձայնենք՝ ստրկացման նոր անունն է՝ լիովին ինքնիշխանություն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ









