Ցավոք, 1988-ից ի վեր ավելի ու ավելի հազվադեպ ենք ականատես լինում տարբեր երկրների հանրային եւ մշակութային գործիչների կողմից արցախահայության միանշանակ աջակցությանը: Պատճառները շատ են՝ մեր կառավարության դիրքորոշումից, հայ դիվանագետների անգործությունից մինչեւ «խավիարային դիպլոմատիան»: Սակայն, այդուհանդերձ, սոցցանցերում եղան ուշագրավ գրառումներ, որոնցից ներկայացնում ենք մի քանիսը:
Do Something բարեգործական նախագծի համահիմնադիր, «Ռոքն օգնում է Հայաստանին» նախաձեռնության հեղինակ Ջոն Դին (Ավստրալիա) սեպտեմբերի 19-ին դիմատետրի իր էջում գրել է.
«Ռուբեն Վարդանյանն ասում է, որ Արցախում ադրբեջանական հրետակոծության հետեւանքով մոտ 100 հայ է զոհվել, իսկ հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Սա էթնիկական զտման գործողություն է, որի պատճառով այժմ սպանվում են բազմաթիվ խաղաղ բնակիչներ:
Ինչո՞ւ մենք ոչինչ չենք անում այս խաղաղ բնակիչներին փրկելու համար»:
Նույն օրը լատվիական «ԿորպՄեդիա» մեդիակենտրոնի տնօրեն Կրիստիանս Ռոզենվալդսը եւս ծավալուն անդրադարձ է կատարել խնդրին.
«Լեռնային Ղարաբաղը մարդկային վերացարկման ունակության հիանալի օրինակ է: Այստեղ ամեն ինչ այնքան սեւ ու սպիտակ չէ, ինչպես Ուկրաինայի դեպքում է: Ավաղ, ծուլության կամ ավելի խորը փորփրելու անկարողության պատճառով ավելի հեշտ է ձեւացնել, թե չես նկատում, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում…
Մի կողմից, Լեռնային Ղարաբաղը իբր Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, եւ եթե Ղրիմի ու Դոնբասի համատեքստում մենք խոսում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին՝ որպես ամենամեծ արժեքի, ապա դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի պատկանելությանը Ադրբեջանին»:
Մյուս կողմից, Ռոզենվալդսի խոսքերով՝ «Լեռնային Ղարաբաղը պատմական հայկական հող է, որը Ռուսաստանում հեղափոխությունից հետո անզգուշորեն կամ միտումնավոր կերպով միացվեց Ադրբեջանի տարածքին, սակայն խորհրդային տարիներին այնտեղ շարունակվեց հայերի ցեղասպանությունը…»: Նա նշում է, որ Ստեփանակերտի հրապարակում հայերի զանգվածային եւ մի քանի օր տեւած հանրահավաքը բողոքի առաջին նման ձեւն էր ԽՍՀՄ-ում: «Հայաստանն աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրն է, Լեռնային Ղարաբաղում նույնպես կան շինություններ, որոնք վկայում են այդ ամենահին քրիստոնեական երկրի մասին», ավելացնում է նա եւ հարցնում. «Իսկ եթե Կոսովոյի դեպքում արդեն կա նախադեպ, ինչո՞ւ դա չի կարող վերաբերել նաեւ Լեռնային Ղարաբաղին: Որոշակի թվով զոհե՞ր են պետք, որպեսզի հետո նոր խաղաղության համաձայնագրեր կնքվեն արյունոտ սեղանի վրա:
Օ՜հ, չափազանց բարդ է… Մենք ունենք մեր սեփական խնդիրները՝ կապված Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման, մեր նոր կառավարության, միասեռականների ամուսնությունների, Ստամբուլի կոնվենցիայի, տոկոսադրույքների եւ էլեկտրաէներգիայի սակագների հետ: Իսկ իրենց հարցով թող իրենք զբաղվեն: Իրենց ռմբակոծո՞ւմ են: Մեռնում են կանայք, թոշակառուներ եւ երեխանե՞ր:
Խելահեղություն է, բայց հիմա որտե՞ղ է կյանքը հեշտ…
Իսկապես սարսափելի է, թե որքան արագ ենք մենք բոլորս դառնում այսչափ անմարդկային…»:
Գլեբ Գրեբենշչիկովը, որ հոր՝ ռուսական ռոքի կարեւորագույն դեմքերից Բորիս Գրեբենշչիկովի խմբի թմբկահարն է, սեպտեմբերի 23-ին դիմատետրի իր անձնական էջում գրել է. «Ո՞ւր եք դուք հիմա, «խաղաղասերներ», որ գոռում եք «մարդկանց մի սպանեք» եւ տխուր նկարներ բեռնում ձեր էջերին: Ինչո՞ւ Հայաստանի մասին նորություններ ես չեմ տեսնում: Որտե՞ղ եք բոլորդ: Ինչո՞ւ ոչ ոք ոչինչ չի ասում Արցախի տարածաշրջանում այս պահին տեղի ունեցող սպանությունների մասին: Թե՞ նրանք մարդիկ չեն: Միգուցե դրանք բավարար չափով լավը չե՞ն, որպեսզի գրավեն ձեր ուշադրությունը եւ ձեր ժամանակը: Արդեն 7 ամիս է, ինչ տարածաշրջանում շրջափակում է եւ զանգվածային սպանություններ… այնտեղ դեռ կա մոտ 150 հազար մարդ, եւ նրանց բոլորին պատրաստվում են սպանել… Գրողի ծոցը գնացե՛ք, պատերազմողնե՛ր: Բոլո՛րդ»:
Ներկայումս Իսրայելում բնակվող գրող եւ հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչը նշում է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտին հարվածելու մասին ոչ մի նոր բան չի գրելու. «այսպես կոչված «համաշխարհային հանրության» մտային փակուղին եւ անզորությունը, ու նախկին հանցագործությունների շարքում նորը, որի համար ոչ մեկի մտքով անգամ չի անցնում ներողություն խնդրել:
Իսկ նոր արյունահեղության արդարացման համար աշխարհի երեսին Ստալինի կողմից վերաձեւված մեկդարյա քարտեզը դեմ տալն ամոթ է ու վայրի գռեհկություն:
Այս ճանապարհին միայն նոր ու նոր արյուն կլինի, եւ ոչ միայն հայկական, իհարկե…»:
Ռուս երաժիշտ Noize MC-ն ինստագրամյան իր էջում կիսվել է այն հղումներով, որոնց օգնությամբ կարելի է դրամով կամ իբրեւ կամավոր օգնել տուժած արցախահայերին. «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Ղարաբաղի տարածքում, եղան վիրավորներ, իրենց տունը կորցնողներ ու հեռացողներ: Այս բոլոր մարդիկ օգնության կարիք ունեն:
Երեւանում եւ չճանաչված Արցախի Հանրապետության տարածքում նրանց օգնում են տարբեր բարեգործական կազմակերպություններ: Դուք կարող եք աջակցել նրանց գրեթե ցանկացած երկրից»,- գրել է ռուսական հիփ-հոփի լեգենդը:
Ընդդիմադիր ռուս պատմաբան եւ հանրային գործիչ Եվգենի Պոնասենկովը սեպտեմբերի 20-ին դիմատետրում մի գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է. «Հիմա մենք տեսնում ենք այն բանի հետեւանքները, որ Թուրքիան չպատժվեց հույների եւ հայերի ցեղասպանության համար: Դե, եթե պատմականորեն նրան չեն պատժել, ապա նման բաներ էլի կկրկնվեն: Մենք պետք է պատմությանը նայենք ամենալայն համատեքստում»…
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ