Հարավային այս չքնաղ քաղաքում մշակութային կենտրոնները քիչ են: Գործում է Մեղրիի մարզամշակութային կենտրոնը, որի մեջ ներառված է Գեղագիտության ազգային կենտրոնը, ի դեպ, այդ շենքում տեղակայված է նաեւ քաղաքի թանգարանային հավաքածուն եւ գրադարանային համակարգը:
Մեղրիի կենտրոնական գրադարանն ունի հարուստ անցյալ: Ստեղծվել է 18-րդ դարի վերջին: Իսկ ներկայիս շենքը կառուցվել է 1980 թվականին: Շենքը բարեկարգ չէ, համարվում է վթարային:
«Գրադարանի շենքային պայմանները բարելավման լուրջ կարիք ունեն: Պետք է ամրապնդել գրադարանի նյութական բազան: Չէ՞ որ այսօր տեխնոլոգիաների վերընթաց զարգացման եւ հատկապես դպրոցականների կողմից դրանց զանգվածային օգտագործման համար գրադարանը դառնում է նաեւ տեղեկատվական գրագիտության եւ մշակույթի ձեւավորման աղբյուր,- զրույցի ընթացքում նշեց գրադարանի տնօրեն տիկին Էմմա Ավետիսյանը: -Ցանկություն կա հարստացնելու ունեցած գրադարանային հավաքածուն: Մեր ընթերցողների մեծ մասը երիտասարդներ են, անհրաժեշտություն է առաջանում նրանց համար բավարարել մասնագիտական գրականության բազան. եղածը քիչ է, ունեցածն էլ թարմացված չէ»:
Նկատեցինք, որ գրադարանային պահոցում աղքատ է հատկապես հայ ժամանակակից եւ թարգմանական գրականության հավաքածուն:
Դպրոցահասակներին հանձնարարվող ծրագրային գրքերը հիմնականում հրատարակված են նախորդ դարակեսին, որոնք ձեռքից ձեռք անցնելով՝ դարձել են հնամաշ: Սակայն աշխատակիցները ջանասիրաբար նոր կյանք են տալիս մաշված գրքերին, սոսնձում են, նորոգում, հնարավորինս թարմացնում պոկոտված կազմաշապիկները, որպեսզի ընթերցասերները, ինչպես աշխատակիցները նշեցին, գրադարանից դատարկաձեռն չհեռանան:
Շենքի առաջին հարկում տեղակայված է Մանկական գրադարանը, որտեղ թեւածող պայծառ ու ջերմ գույները կրտսեր ընթերցողներին հասցնում են հեքիաթների իմաստնասեր մոլորակ:
Մանկական սենյակների յուրաքանչյուր անկյուն ունի իր թեմատիկ ձեւավորումը: Աշխատակիցները խաղալիքների եւ դեկորատիվ նյութերի միջոցով փորձել են կենդանի շունչ հաղորդել ավանակի գինն այդպես էլ չիմացող բարի իշուկին, պույ-պույ երկարապոչին, թմբլիկ երեք խոզուկներին, Գյուլնազ տատին, Մստոյին ու Չամբոյին…
«Մեզ մոտ հեքիաթ-տնակի դռները չեն փակվում: Աշխարհից կտրված մեր հեռու քաղաքում, որտեղ չկա համերգասրահ ու կինոթատրոն, որտեղ թանգարանները երեխաներին հիմնականում հասու են դառնում ֆիլմերի ու լուսանկարների միջոցով, միեւնույն է, փորձում ենք մեր ստեղծած մշակութային փոքրիկ կենտրոնով նրանց հաղորդակից դարձնել արվեստից հորդող բարի ուժերի մնայուն հաղթանակին»,- նշեց գրադարանի մանկական բաժնի ղեկավար Լիլիկ Մանուկյանը:
Այսուամենայնիվ գրադարանում չի տուժում մշակութային եւ կրթական եռուզեռը: Գրադարանն ակտիվորեն համագործակցում է Մեղրիի եւ համայնքային դպրոցների հետ: Շենքի փոքրիկ, բայց թեմատիկ սրահներում իրականացվում են նպատակային միջոցառումներ: Մեղրեցի ուսանող երիտասարդների ու դպրոցահասակ պատանիների մասնակցությամբ գրադարանում կազմակերպվում են ընթերցումներ, էքսկուրսիաներ, դաս-քննարկումներ, վերլուծական բանավեճեր, անգամ բեմադրում են փոքրիկ ներկայացումներ. չէ՞ որ սովորողների համար գրադարանը եւս կարող է ապահովել կրթամշակութային բարձր ճաշակ ունենալու նշաձողը:
ՆԱԻՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արձակագիր, մանկավարժ