Հայաստանյան առօրյան յուրօրինակ գործընթացներով է անցնում: Դրանցում գերակշռողը, անվտանգային հարցերի կողքին, անշուշտ տնտեսական հարցերն են, որոնք գնալով խնդիրների են վերածվում: Եթե հարյուր հազարավոր շարքային քաղաքացիները զգում են նման երեւույթների ուղղակի ու անուղղակի կապերը, փորձում լուծումներ առաջարկել, նույնը թերեւս չի արձանագրվում պետական կառավարման ապարատի ներկայացուցիչների մոտ: Այստեղ հիմնավոր սովորույթ է դարձել ինչ-ինչ թվերով ու տոկոսներով հպարտանալն ու ոգեւորություն ապրելը, բարեփոխումներն զգալը բացառապես գործարարների կողմից վկայաբերելը, թեեւ վերջիններս էլ վախվորածի պահվածքով են հանդես գալիս: Մի խոսքով` հանրություն-իշխանություն հարաբերություններում յուրատեսակ երկվություն է, երբ պարզ չէ հանրային ակտիվ շրջաննե՞րն են մտահոգ Հայաստան երկրի առօրյայով, թե՞ դրան առաջնահերթը կոչված պետական պաշտոնյաների ոչ սակավ հատվածը:
Վերջինս մշտապես մեկ հիմնական փաստարկ ունի, որն է` երկրի տնտեսության երկնիշ թվերով աճը: Տարօրինակ պահվածքով չի խոսվում տնտեսության ոչ պակաս մի այլ ցուցանիշից, որն է գնաճ կոչվողը, տարվա համար 4 տոկոս սահմանվածի դիմաց 10 տոկոս արձանագրվածը: Թեեւ ընդունված տնտեսագիտական մոտեցում կա, որ գնաճը բնական երեւույթ է, այն պայմանավորված է տնտեսությունում գիտա-տեխնիկական ներդրումներով, աշխատավարձերի բարձրացումով, սոցիալական պարտավորություններով, այսուհանդերձ 10 տոկոս գնաճը վկայում է, որ երկրի տնտեսությունում գործերը հուսալի վաղվա առումով նպաստավոր չեն, ինչքան էլ ոլորտի պատասխանատուները փաստարկեն պետությունում առկա ներուժը, խնդիրները տեսնելու, զգալու, լուծելու պատրաստակամությունը: Այստեղ խոսքից առավել կարեւոր է գործը, այն իրականություն դարձնելու միջոցների հերթականությունը, արդյունքների ցուցադրումը: Ասենք, մեր պարագայում 3 մլն բնակչության յուրաքանչյուր անդամի պարենային ապահովության` հաց-հացամթերքներով ինքնաբավության խնդիրը:
ՀՀ պարենային անվտանգության պատասխանատուները, որոնք նաեւ ոլորտի կառավարիչներն են, ասպարեզ են նետում մեր պատմության խորհրդային տարիներին շրջանառվող այն տեսակետները, ըստ որի պետություններին հաց-հացամթերքներով ինքնաբավության համար պահանջվում է 1 բնակչի առումով իրականացնել տարեկան հաշվարկով 1 տոննա ցորենի արտադրություն: Պարզունակ թվաբանությամբ ստացվում է 3 մլն տոննա հացահատիկի հումքի անհրաժեշտություն, որից կարծիք է հնչեցվում, որ Հայաստանի հանրապետությունը սակավահող է, խնդիրն էլ անիրագործելի, ցորենի ու ալյուրի ներկրումներն անխուսափելի են:
Թե ինչքանով է վերոհիշյալ մոտեցումը հիմնավոր ու արդարացված, փորձում ենք հին ու նոր տեղեկատուներում, անփոփագրերում, ազգային վիճակագրական ծառայությունների հաշվետվություններում որեւէ հիմնավորում, ապացույց, հիշատակում գտնել: Ավա՜ղ, ջանքերը զուր են անցնում, լավագույնը, որ հաջողվում է պարզել, Արգենտինայի, Ավստրալիայի, Ղազախստանի, մասամբ Ռուսաստանի դաշնության օրինակներն են, որոնցում 1 բնակչի հաշվով հացահատիկի արտադրությունը մոտենում է 700 կիլոգրամի: Անգամ ԱՄՆ-ի պես երկրում ցորենի վերջին տասնամյակների տարեկան արտադրությունը չի հասնում 60 մլն տոննայի, 1 բնակչի հաշվով 200 կգ-ի: Համաշխարհային տնտեսության առաջատար այս պետությունում ցորենից առավել կարեւորում են … եգիպտացորենի մշակումը, որի տարեկան արտադրությունը մոտենում է 400 մլն տոննայի, ցորենի 7-ապատիկը: Թե ինչու, ԱՄՆ-ի տնտեսվարական ու տնտեսագիտական միտքը չի շտապում բարձրաձայնել, թեեւ գործընթացը պարզից էլ պարզ է. հացազգիների շարքին դասվող այս մշակաբույսը հեկտարի հաշվով պակաս սերմ է պահանջում, բերքը ցորենի համեմատ զգալի ավելին է, նույնը` էներգետիկ արժեքի առումով, որն առայժմ լավագույն անասնակեր է, բուսայուղի ստացման հումք, պահածոյացման ենթակա բույս… Թեման տարողունակ է, ուստի վերադառնանք այսօրվա ասելիքին:
Գնաճը ՀՀ-ում առավել կարո՞ղ է կառավարելի լինել հարցը սովորականից ոչ հաճախ, այսուհանդերձ հնչում է: Իսկ ահա հիմնավոր ու մանրամասնված պատասխան` ոչ: Փորձենք այն ներկայացնել արդեն հիշատակված ցորենի արտադրության եւ հաց-հացամթերքների պահանջարկի առումով:
Նշեցինք ԱՄՆ-ում 1 բնակչի հաշվով ցորենի արտադրությունը`200 կգ: Գրեթե նույն ցուցանիշն է Եվրոպայի առաջատար Գերմանիայում, Իտալիայում մի փոքր պակաս: Այն մոտեցումը, թե այստեղ հաց քիչ են օգտագործում, մասամբ է ընդունելի, քանզի եվրոպական մայրցամաքը հայտնի է պիցցաների, մակարոնեղենի, բուլկիների, հրուշակեղենի, ալրային այլ սննդատեսակների ահռելի քանակների սպառումով: Ստացվում, է, որ 1 բնակչի հաշվով 200 կգ ցորենի արտադրությունը ընդունելի է նաեւ մեր պարագայում, արդյունքում ստացվում է 600 հազար տոննայի պահանջարկ: Համաշխարհային գյուղատնտեսական վիճակագրությունը հիմնականում փաստում է, որ այս քանակի բերքի համար պահանջվում է մոտ 90-100 հազար հեկտար վարելահող, Հայաստանի հանրապետությունում առկայի մոտ 20 տոկոսը: Ով եւ ինչն է խոչընդոտում լուծել այս հարցը, որով կկանխվի ցորենի անհարկի 400-500 հազար տոննայի հասնող ներկրումները, 1 տոննայի դիմաց ՌԴ-ից 85 դոլար կազմող վճարի պարագայում: Ստացվում է մոտ 40 մլն դոլարի լրացուցիչ ծախս, ՀՀ դրամով առնվազն 15 մլրդ դրամ, որը գործարար միջավայրը մասամբ թե պարտադրված փակում է սպառողի, մեր քաղաքացիների ֆինանսական միջոցներից:
Այստեղ արժե վերհիշել, որ 2000-ականների սկզբներին ունեցել ենք սեփական արտադրության ցորենի մինչեւ 450 հազար տոննա բերք, որը նախորդ տարում նվազել հասել է 100 հազար տոննայի: Ցորենի համախառն բերքի նվազեցումը կանխելու փոխարեն մեզանում նախ նվազեցվեց երկրի պարենանվտագության համար պատասխանատու ՀՀ գյուղատնտեսության նախարարությյան կարգավիճակը, ամիսներ անց այն մտցվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմ: Հարցը` թե արդյո՞ք պետական այս կառույցն իրենից ակնկալվող, ինչո՞ւ ոչ` սպասվող ու պահանջվող համերկրային խնդիրները, գոնե դրանց առաջնահերթությունները լուծել է, որ այլ պատասխանատվություն է ստանձնում, մեկ անգամ չէ որ հնչում է: Վստահաբար կարող ենք նշել, որ մեր բնակարանների խոհանոցներում լինի թե լոգարան- սանհանգույցներում, հյուրանոցներում թե ժամանցի վայրերում, զբոսաշրջային ու հանգստավայրերում «Պատրաստված է Հայաստանում» պիտակով որեւէ արտադրանքի չենք հանդիպի: Փոխարենն ասենք ԵԱՏՄ անդամ երկրից թե՛ թեյնիկ ենք ներկրում, թե՛ գյուղատնտեսական բազմաբնույթ տեխնիկա, միաժամանակ արձանագրում ներկրումների հարյուր միլիոնավոր դոլարների աճի ցուցանիշներ:
Տեսեք ինչ է կատարվում թռչնամսի վաճառքում: Տեղական արտադրանքը իրացվում է մի գնով, երբ հեռավոր Բրազիլիայից ներկրվածը դրա հազիվ կես գինն է, երբեմն մեկ-երրորդը: Շատ ապրանքատեսակներ հայաստանցիները գերադասում են ձեռք բերել արտերկրներ այցելությունների ընթացքում, տեսարժան վայրեր այցելությունների ժամականը վատնելով սուպերմարկետներում: Այսպես ո՞ւր, պարոնայք կառավարիչներ:
Ինչ-որ բան այն չէ մերօրյա Հայաստանի հանրապետությունում: Ընդամենը մի քանի տարի առաջ բանկերում ներդրված ավանդները 8 մլրդ դոլար էր, նախորդ տարվա հաշվարկով` մոտ 13 միլիարդ: Ի՞նչ դեր ունի այստեղ 2022-ի մոտ 10 տոկոս գնաճը, սպասենք տնտեսության պատասխանատուների գնահատականին:
Հուսանք` այն սպառիչ կլինի:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ