Վերջերս տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծված Գիտական եւ գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակի նիստը: Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները, գիտքարտուղարներ, գիտաշխատողներ: Քննարկվեցին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների առաջարկությունները՝ ուղղված ՀՀ ԳԱԱ համակարգի բարեփոխումներին, երիտասարդ գիտնականների խրախուսմանը, գիտական արդյունքների ապրանքայնացմանը, գիտության հանրայնացմանը, գիտահետազոտական ինստիտուտների շենքերի պահպանմանը եւ այլ հարցեր: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն առաջարկությունների վերաբերյալ ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի դիրքորոշումը, առկա խոչընդոտները, իրականացվող եւ նախատեսվող քայլերը:
– «Ուսումնասիրելու ենք Չեխիայի, Բելառուսի, Լիտվայի ակադեմիաների փորձը եւ համատեղ քննարկումների ու աշխատանքի արդյունքում փորձելու ենք գտնել արդյունավետ լուծումներ»,- ասաց Աշոտ Սաղյանը:
Անդրադառնալով երիտասարդ գիտնականների խրախուսման առաջարկին՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց. «Մենք մտադիր ենք խրախուսման հատուկ ֆոնդ ստեղծել ՀՀ ԳԱԱ-ում շուրջ 100 միլիոն դրամի չափով: Ֆոնդը կստեղծվի ՀՀ ԳԱԱ միջոցներից եւ այն անընդհատ կհամալրվի արտաբյուջետային միջոցներից: Ֆոնդի շրջանակում գիտական լավագույն աշխատանքների համար մրցույթ կանցկացվի, երիտասարդները կֆինանսավորվեն մի քանի ամսով կամ մեկ տարով արտերկրի գիտահետազոտական կազմակերպություններում մասնագիտական կարողությունների զարգացման համար, արտերկրից մասնագետներ կհրավիրվեն: Հուսով եմ, որ ՀՀ կառավարությունը չի մերժի ՀՀ ԳԱԱ-ում երիտասարդների խրախուսման ֆոնդի ստեղծման առաջարկը»:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ