Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի 2024-ի դեկտեմբերին

Փարիզի Աստվածամոր տաճարը այցելուների եւ եկեղեցական արարողությունների համար կբացվի 2024 թվականի դեկտեմբերին: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, այս մասին «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տեղեկացրել է շենքի վերականգնման պատասխանատու, գեներալ Ժան Լուի Ժորժլենը:

Նրա խոսքերով՝ Նոտր Դամի վերականգնմամբ օրական զբաղվում են հազարավոր մասնագետներ: Չնայած դրան, աշխատանքները մինչեւ ամառային օլիմպիական խաղերը (2024 թ. Փարիզ) ավարտել չի հաջողվի:

Գեներալն ավելացրել է, որ սրածայր գմբեթի (շպիլ) տեղադրումը կսկսվի արդեն այս  տարի: Ընդ որում, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքի խոսքերով, վերականգնողական աշխատանքները կշարունակվեն նաեւ 2025 թվականին:

–  Գմբեթի ծայրաձողի վերադարձը Փարիզի երկնահայաց բարձունք, իմ կարծիքով, կդառնա այն բանի խորհրդանիշը, որ մենք հաղթում ենք Նոտր Դամի համար ճակատամարտում,- լրատվական գործակալությանն ասել է Ժորժլենը:

Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհվել էր 2019 թ. ապրիլի 15-ին: Կրակը քանդել էր սրածայր գմբեթը, ոչնչացրել ութհարյուրամյա կաղնեփայտե կմախքով եզակի տանիքը: Ինչպես տեղեկացվում է, քննությամբ պարզվել է, որ կրակի բռնկումը տեղի է ունեցել սրածայր գմբեթի հատվածում: Համապատասխան ծառայություններին հաջողվել էր կրակը մարել միայն հաջորդ օրվա առավոտյան: Տաճարի վերականգնման համար նվիրատվությունների շնորհիվ հավաքվել է մոտ 830 մլն դոլար:

Նոտր Դամի վանահայր Պատրիկ Շովեն հայտնել է, որ տաճարի այրված մասի ամբողջական վերականգնման համար կարող է պահանջվել 15-20 տարի, իսկ սրածայր գմբեթի նախկին տեսքով վերակառուցումը կավարտվի 2024 թվականին:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ