Այն, որ Գերմանիան՝ մեզ համար արժեքներից կարեւորագույնի՝ Բան-ականի սահմանապահն է, անգո, չշոշափվող, կասկածելի է դառնում հատկապես 2020 թվականի պատերազմից հետո:
Սա առանձնահատուկ սուր է զգացվում, երբ այս երկրում բառացի ամեն օր կրկներգի նման հնչում են՝ «Պուտինի իմպերիալիստական պատերազմը պիտի կանգ առնի, Ռուսաստանը չպիտի հաղթի, Ռուսաստանը օկուպանտ է» ձեւակերպումները եւ տեսնում ես, օրինակ, որ Մյունխենում Անվտասնգության համաժողովի ժամանակ, ապա Բեռլինում կանցլեր Շոլցի հետ մամուլի ասուլիսին Ալիեւին՝ նախ արտոնում են խոսել, ապա ունկնդրում են՝ առանց ընդհատելու, իսկ որ ամենատխուր պարագան է, գոնե ինձ համար, նրան գերմանացի լրագրողները իր վարկը սասանող հարց չեն էլ ուղղում:
Հոյսգենի կողքին նստած Ալիեւը, որ չի մոռանում տարիներ ի վեր անգիր արածը, հիշատակում է ՄԱԿ-ի 4 բանաձեւերը, նույն պահին հակասում է ՄԱԿ-ին՝ 44-օրյա պատերազմի մասին իր ձեւակերպումն է անում՝ «արդար» պատերազմ, ճակատամարտում կրած հաղթանակից շլացած չի էլ թաքցնում, որ չի ենթարկվելու եւ ոչ մի բանավոր կոչի, նրան չեն մտահոգում, Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների ծայրահեղ սուր քննադատական գնահատականները, ազնիվ է ավելի, քան Մյունխենի անվտանգության համաժողովի ներկա նախագահ Հոյսգենը, որի նախորդ պաշտոնը ՄԱԿ-ում Գերմանիայի դեսպանն էր: Հոյսգենը դավաճանեց ՄԱԿ-ի սկզբունքներին, գերմանական մտավոր, Բան-ական կապիտալը արտոնե՞լ է նրան աշխարհում Բան-ավեճի կենտրոնական հարթակը տրամադրել ֆաշիստ Ալիեւին:
Ավելի վատ բան կատարվեց երեքշաբթի օրը՝ մարտի 14-ին, երբ Ալիեւը մեկ օր առաջ Բեռլինում գերմանացի գործարար համայնքի հետ հանդիպելուց, նրանց՝ նաեւ Արցախի գրավյալ տարածքներում ներդրումային հնարավորություններով շահագրգռելով, գերմանական կապիտալի շահառուն դառնալով, կանգնեց դաշնային կանցլեր Շոլցի կողքին, նորից խոսեց 44 -օրյա պատերազմից՝ այս անգամ «արդարի» փոխարեն «հայրենական» բնորոշումն ընտրելով, կեղծիք տարածեց, մասնավորապես բարձրաձայնելով հետեւյալ նախադասությունը՝ «Հայաստանի այսօրվա վարչապետն ասել է՝ Ղարաբաղն Ադրբեջան է եւ վերջ»: Մարտի 14-ին «Ազգ»ի առցանց տարբերակում ասուլիսին, Ալիեւի խոսքին անդրադարձել ենք, ուստի չկրկնենք հակամարդկային նրա բանավոր խոսքը, բայց վերոհիշյալ նախադասությունը, որ լսել ենք եւ փոխանցում ենք անշուշտ Ալիեւի համերկրացի թարգմանչի գերմաներեն համաժամանակյա թարգմանությամբ, պիտի ՀՀ ԱԳՆ բողոքի առիթ դառնա, քանզի հրապարակավ այդպիսի նախադասություն չենք լսել: Այդ նախադասությունը կեղծիք է, քանի որ դեմ է Հայաստանի անկախության հռչակագրին, ՀՀ սահմանադրությանը, իսկ Հայաստանի վարչապետը, բոլոր պաշտոնյաները պարտավոր են հռչակագրի եւ սահմանադրության երաշխավոր լինել:
Ասուլիսին Շոլցի ելույթից երեւաց, որ Ալիեւի հետ առանձնազրույցում նրանք խոսել են մարդու իրավունքների, դրանց մեջ Ղարաբաղի հայերի իրավունքների մասին: Այն, որ Շոլցի եւ Ալիեւի պատկերացումները տարբեր են այս հարցում, կասկածի տեղիք չի տալիս, այն, որ Ալիեւին հիշեցվում է, թե ԵԽ անդամակցությունը պարտավորեցնում է հարգել ժողովրդավարությունը, այն է՝ մարդու, մարդկանց, փոքրամասնությունների, քաղաքացիական ակտիվ շերտի իրավունքը, լսելի դարձավ ասուլիսում նաեւ: Բայց Ալիեւը չի թաքցնում, որ իր ընտրությունն է՝ քննադատություն լսելը, ապա նույն գործելակերպը շարունակելը, եւ դա ոչ ոք չի կասեցնում: Նա գիտի Գերմանիայի երկակի ստանդարտները, ավելին՝ համոզված է, որ Շոլցի՝ ՀՀ վարչապետի հետ մամուլի ասուլիսում հնչեցրած «Լեռնային Ղարաբաղի ինքնորշման իրավունքը հարգելու» միտքը իր հետ ասուլիսի առանցք կդարձնեն ի՛ր լրագրողները, բայց՝ լավ պատրաստված: Եւ հարցը Շոլցին է ուղղվում հետեւյալ համատեքստում՝ «ՀՀ վարչապետի հետ ասուլիսին ասել եք, որ հակամարտությունը պիտի լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Եւ որ դրանք հավասարազոր են: Ձեր հիշատակած սկզբունքները վերաբերո՞ւմ են նաեւ Հարավային Օսիային, Աբխազիային, Դոնբասին, Մերձդնեստրին»: Կանցլերն այսպես պատասխանեց. «Պարզապես գերարդիական մի հակամարտության մասին ասեմ՝ Ռուսաստանը փորձում է Ուկրաինայի մի մասն օկուպացնել: Սա մենք երբեք չենք ընդունի: Տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքին դեմ է: Այդ անեքսիան չենք ընդունի: Եւ այդ պատճառով միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչում»:
Հաջորդ լրագրողը Եվրոպա ներկրվող գազի ծավալների մասին հարցին կցում է Շոլցին ուղղված հստակեցման հետեւյալ խնդրանքը՝ «պարոն կանցլեր, ճի՞շտ եմ հասկացել՝ երբ ասում եք, թե անկախությունը չի ճանաչվի, նշանակում է, որ ձեզ համար Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է պատկանում»: «Ուզում եմ կրկնել այն, ինչ նոր ասացի: Միջազգային հանրության հետ Գերմանիան էլ ճանաչման խոստում չի տվել», ասաց ԳԴՀ կանցլերը:
Ադրբեջանցի լրագրողներից մեկի՝ կանցլերին ուղղված հաջորդ հարցը վերաբերում էր ԵՄ-ի հետ ՀՀ-ի ակնհայտ մեծ ծավալների ապրանքաշրջանառության «մութ» շերտերին, հետաքննվու՞մ են, դրանց դեմ սահմանափակումներ լինելո՞ւ են: Կանցերը այդ մտահոգությունը փարատեց՝ ընդհանրական պատասխան հնչեցնելով, թե համապատասխան ատյանները ուշադիր հետեւում են:
Հենց այդտեղ «օրինապաշտ» Ադրբեջանի «խաղաղասեր» նախագահին ինչպե՞ս հարց չտաս, թե երբ ես կատարելու Հաագայի դատարանի վճիռը: Բայց ասուլիսներին հարց ուղղելու ժամանակը սահմանափակ է, իսկ «Ազգ»ի թղթակիցը՝ այս շարադրանքի հեղինակը, գրավոր հարց էր ուղղել մամուլի ծառայությանը, բարձրաձայնման խնդրանքով: Մեր հարցը վերաբերում էր Հաագայի դատարանի վճռին, թե ե՞րբ է Ադրբեջանը կատարելու այն: Ուզում էինք ցույց տալ, որ վճիռը չկատարելով հաստատում է, թե օրինազանց է, որ չի թաքցնում իր ցեղասպան քաղաքականությունը, իսկ միջազգային հանրությունը արտոնում է նրա սանձարձակությունը: Ծառայությանը չկարողացանք համոզել, թե Բերձորի միջանցքում, Արցախի ծայրահեղ լարված, էթնիկ զտման, բնաջնջման վտանգի մասին լուրերն իրենց էլ հասնում են, եւ մեր հարցն իրենք էլ կարող են ներկայացնել, հո նոր պատերազմ չե՞ն ուզում: Մամուլի ծառայության պատասխանատուն, որ կարդացել էր մեր հարցը, չառարկեց դրա հրատապությունը, բայց ասաց, թե տեղում փնտրենք մի լրագրողի, որ կկարդա մեր հարցը կամ՝ ապավինենք գերմանացի փորձառու լրագրողներին:
Հաագայի դատարանի վճռի մասին ժամանակին ծանուցել են նաեւ գերմանական լրատվամիջոցները, նաեւ գրել Ադրբեջանի, Ալիեւի հանցանքների, Արցախի, Հայաստանի հանդեպ անզուսպ վայրագ բառամթերքի, գործողությունների, ոճրագործության մասին: Բայց այդ լրագրողները, ենթադրում ենք, մամուլի ասուլիսին ներկա չեն: Այդ ասուլիսը լուսաբանած մի շարք թերթեր նույն օրը թողարկած իրենց շարադրանքում կարեւորել են Գերմանիայի համար առաջնայինը՝ տնտեսական շահը, այն գերակա դարձնելով մարդու իրավունքներին: Ուրեմն՝ մեղմ ասած տխուր երկիր է դարձել Գերմանիան, ավելի ճշգրիտ՝ Բան-ականի նահանջն այս երկրի ախտորոշումն է, քանզի Բանը մարդն է: Գերմանիան մի երկիր է, որ տնտեսապես հարուստ է Հայաստանից, սակայն կախված է մի դիկտատորից, որը փետրվարից ի վեր արդեն երկրորդ անգամ Գերմանիայում խաղաղության դիմակով սպառնում է բնաջնջել մի ժողովրդի, որ Գերմանիայի այսօրվա գնահատմամբ, իր համար արժեքավոր է՝ ժողովրդավարությանը, բարեփոխումների ճանապարհին հավատարիմ լինելու խոստմամբ: Իսկ ավտոկրատիայի ցայտուն օրինակ Ադրբեջանի դերը Գերմանիայի համար «աճող նշանակություն ունի»: Սա կանցլերի մարտի 14-ին ասուլիսում հնչեցրած նախադասությունն է, որ արձանագրեցին գերմանական ԶԼՄ-ները: Ռեալպոլիտիկը զոհաբերում է բարձրագույն արժեքը՝ մարդուն, նրա իրավունքը, նյութն ու շահը՝ մամոնան հաղթում է: Քրիստոնեական արժեքներով 21-րդ դար հասած Գերմանիային, որքան էլ պատմությունը փորձարկել է, որքան էլ, մանավանդ երկրորդ համաշխարհայինից հետո, դառը դաս է տվել, ստիպված քավել մեղքը՝ հաստատելով իր տեղն այս արեւի տակ, այդուհանդերձ նորից առիթ է տրվել կանգնել ժամանակի ձիգ պարանի վրա, եւ նրա՝ լարի վրա խաղալու այս փորձությունը կարող է ավարտվել նոր դժբախտությամբ: Բանն Աստծված է, մեր խոսքն է չափում, մեր վարքն է չափում: Եթե Ռուսաստանն ագրեսոր է, մերժում ես նրա հետ բանակցել, համագործակցել, Ադրբեջանին ես ընտրում, արդեն պիրկ լարի վրա՝ Ժամանակի այս շրջադարձին որքա՞ն կդիմանաս:
Եւ ակնկալելի, ենթադրելի սուր ընդվզում, քննադատություն չես գտնում գերմանական մամուլում: Ինչ էլ կա, մեղմ արձանագրում է: Տխուրը սա է: Լրագրությունը փաստը չի մոռանում: Ուրեմն հստակ օրինակներով:
«Շթեռնը», «Դոյչլանդֆունկը» միայն կրկնում են Շոլցի դիտանկյունը՝ Ադրբեջանի դերը էներգետիկ ոլորտում կարեւոր է եւ պիտի ակտիվացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգիայի մատակարարման հարցում: Լրատվամիջոցներն արձանագրում են Շոլցի ասուլիսում հնչեցրած բնորոշումը՝ «Ադրբեջանը Գերմանիայի և ԵՄ-ի համար աճող կարևորություն ունեցող գործընկեր է, գերմանական և եվրոպական էներգիայի մատակարարման դիվերսիֆիկացման գործում ներդրում կատարելու կարևոր ներուժ ունի: Շոլցն ընդգծեց ինչպես նավթի և գազի ներմուծումը, այնպես էլ վերականգնվող էներգիայի ընդլայնումը:
«Զյուդդոյչե ցայթունգը» թեեւ հենց վերնագրից շեշտում է, թե Գերմանիան եւ ԵՄ-ն գործարք են իրականացնում բռնակալ Ալիեւի հետ, որ պաշտոնը ժառանգել է, որ նրա ղեկավարած երկրում մարդու իրավունքները չեն հարգվում, հղում անելով Շոլցի ասուլիսում արած ակնարկին, իսկ Հայաստանի մասով էլ ընդգծված արձանագրում է ասուլիսում Ալիեւի՝ պատերազմն արդարացնող ցինիկ պնդումները, որ Շոլցի ելույթում հնչածից խիստ տարբեր էին, սակայն թերթը լուրջ քննադատությունից խոսափում է:
«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը», գերմանական ntv-ին, ավստրիական ORF-ն անդրադարձել են նաեւ նույն օրը ՀՀ վարչապետի ասուլիսին, մասնավորապես այդտեղ բարձրաձայնած այն իրողությանը, թե նոր էսկալացիայի հավանականությունը մեծ է, Բաքվից լսվող ամենօրյա ագրեսիվ հռետորաբանությանը: ORF-ը մի ուշագրավ նախադասություն է ներկայացնում, թե Փաշինյանը պատրաստ է եղել Մյունխենում Ալիեւի հետ կնքել խաղաղության համաձայնագիրը, սակայն Ադրբեջանն այն մերժել է:
Katapultmagazin-ը, որ մանավանդ ինսթագրամում 500 հազարից ավելի հետեւորդ ունի, պլակատի լեզուն է ընտրել՝ կանցլեր Շոլցի՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հանդեպ վարած քաղաքականության երկակի ստանդարտը տեսանելի դարձնելով համոզում է, որ դեռ ճշգրիտ կշեռք մնացել է Գերմանիայում:
Բունդեսթագի «Ձախ» խմբակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Սեւիմ Դաղդելենը ֆբ-ում իր ընդվզումն այսպես ձեւակերպեց՝ Գերմանիան եւ ԵՄ-ն Ադրբեջանին էներգետիկ նոր գործընկեր հայտարարելով, հայերի հաշվին Ալիեւին Հարավային Կովկասում ագրեսիա իրականացնելու քարտ բլանշ են տալիս:
Այդուհանդերձ միշտ նույն հարցն է հնչում մեր մեջ՝ ինչու՞ այսքան մենակ մնացինք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա