Մայիսի 13-ին Իսրայելի վարչապետի գրասենյակը տեղեկացրել է, որ Նեթանյահուն Իսրայելի ներգրավմամբ Իրան-ԱՄՆ պատերազմի ամենաթեժ օրերին գաղտնի այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ եւ հանդիպել ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ։
Նեթանյահուի գրասենյակի գնահատմամբ՝ այցը երկկողմ հարաբերություններում «պատմական առաջընթաց» է արձանագրել։ Գրասենյակը, սակայն, մանրամասներ չի տրամադրել այցի ճշգրիտ ժամանակացույցի կամ հնարավոր համաձայնությունների մասին։
Ի լրումն Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած տեղեկատվության՝ Reuters-ն էլ իր հերթին հայտնել է, որ ԱՄԷ-ն ռազմական հարվածներ է հասցրել Իրանին։ Reuters-ը, հղում անելով «Wall Street Journal»-ին, գրել է, որ Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի գործողությունները վկայում են տարածաշրջանային հակամարտության լայնածավալ բնույթի մասին, մինչդեռ դրա վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությունը դեռեւս ամբողջական չէ։
Այսպիսով, պարզ է դառնում, թե ինչու էր Իրանը պատերազմի ամենաթեժ օրերին նախազգուշական հարվածներ հասցնում ԱՄԷ-ին։
Դրա մասին է վկայում նաեւ «Wall Street Journal»-ի բացահայտումը, ըստ որի՝ Իրանն այդ օրերին հակահարված է հասցրել՝ բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր արձակելով ԱՄԷ-ի ուղղությամբ։
Իրանի դեմ Իսրայել-ԱՄԷ համագործակցության մասին է վկայում նաեւ լրատվական գործակալությունների բացահայտած այն փաստը, որ Վաշինգտոնը գաղտնաբար ողջունել է ԱՄԷ-ի ներգրավումը ռազմական գործողություններին։
Թերթը նաեւ նշել է, որ Իրանը ԱՄԷ-ին թիրախավորել է ավելի ինտենսիվ, քան որեւէ այլ երկրի։ Ըստ հրապարակման՝ Իրանը ԱՄԷ-ի ուղղությամբ արձակել է ավելի քան 2800 հրթիռ եւ անօդաչու սարք։
Հաղորդագրության համաձայն՝ հարձակումները զգալի վնաս են հասցրել ԱՄԷ-ի տնտեսությանը եւ հանգեցրել որոշ ոլորտներում աշխատատեղերի կրճատման։
Աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարձակումները նաեւ հիմնարար փոփոխություններ են առաջացրել ԱՄԷ-ի ռազմավարական ընկալումներում։ Աբու Դաբին այժմ Իրանը դիտարկում է որպես սպառնալիք իր տնտեսական եւ սոցիալական մոդելի համար, որը հիմնված է անվտանգության, կայունության եւ օտարերկրյա աշխատուժի ներգրավման վրա։
ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել այդ տեղեկություններին, սակայն հղում է կատարել նախկին հայտարարությանը՝ ընդգծելով, որ Աբու Դաբին իրեն իրավունք է վերապահում արձագանքել թշնամական գործողություններին։
Բացի այդ, Reuters-ը, հղում անելով երկու արեւմտյան եւ երկու իրանցի պաշտոնյաների, օրերս բացահայտել է նաեւ, որ Սաուդյան Արաբիան Իրանի հարձակումներից առաջ՝ մարտի վերջին, մի քանի չհայտարարված ավիահարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին։
Ըստ հաղորդագրությունների՝ այդ հարվածներն իրականացվել են ի պատասխան Սաուդյան Արաբիայի դեմ Մերձավոր Արեւելքում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում իրականացված հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումների։
Նշվում է նաեւ, որ սա Սաուդյան Արաբիայի առաջին հայտնի ուղիղ ռազմական գործողությունը տեղի է ունեցել Իրանի ուղղությամբ։
Reuters-ի փոխանցմամբ՝ հարվածները հասցրել են Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը, սակայն թիրախների վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել Reuters-ի հարցմանը, իսկ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ պատերազմը, որը սկսվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներից հետո, աստիճանաբար տարածվել է Պարսից ծոցի երկրներ։
Հաղորդվում է, որ Իրանը հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի բոլոր վեց անդամ պետությունները, ինչպես նաեւ հարձակվել քաղաքացիական ենթակառուցվածքների, օդանավակայանների եւ նավթային օբյեկտների վրա՝ բացառությամբ ամերիկյան ռազմական բազաների։
Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ Սաուդյան Արաբիան հարձակումներից հետո տեղեկացրել է Իրանին իրականացված գործողությունների մասին, ինչից հետո երկու երկրների միջեւ սկսվել են ինտենսիվ դիվանագիտական շփումներ։
Իրանցի եւ արեւմտյան պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ Էր-Ռիադի՝ հետագա հարձակումների վերաբերյալ նախազգուշացումները, ի վերջո, նպաստել են երկու երկրների միջեւ լարվածության թուլացմանը։
Միջազգային ճգնաժամային խմբի իրանական նախագծի տնօրեն Ալի Վաեզը Reuters-ին ասել է, որ Սաուդյան Արաբիայի պատասխան հարվածները եւ դրան հաջորդած պայմանավորվածությունները վկայում են երկու կողմերի պրագմատիկ մոտեցման մասին։
Reuters-ի փոխանցմամբ՝ լարվածության նվազեցման գործընթացը սկսվել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ապրիլի 7-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրից մեկ շաբաթ առաջ։
Ըստ Reuters-ի՝ իրանցի պաշտոնյաներից մեկը գործակալությանը հայտնել է, որ փոխըմբռնման նպատակն է դադարեցնել ռազմական գործողությունները, պաշտպանել փոխադարձ շահերը եւ կանխել լարվածության հետագա սրումը։
Reuters-ը նաեւ նշել է, որ Իրանը եւ Սաուդյան Արաբիան՝ տարածաշրջանի շիա եւ սուննի ուղղությունները ներկայացնող հիմնական տերությունները, վերջին տարիներին տարաձայնություններ են ունեցել մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ, սակայն 2023 թվականին Չինաստանի միջնորդությամբ վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։
Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ Սաուդյան Արաբիան մարտի վերջին շաբաթներին սպառնացել է շարունակել ռազմական գործողությունները, եթե հարձակումները չդադարեցվեն։
Ըստ Reuters-ի՝ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը մարտի 19-ին հայտարարել է, որ Էր-Ռիադն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններ ձեռնարկել։
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ









