Բրիտանահայ Միություն (British Armenian Society) հասարակական կազմակերպության գործունեությունը միտված է տարբեր խաղաղ ճանապարհներով նպաստելու Անգլիայում հասարակական գիտակցության զարգացմանը՝ Արցախի ճգնաժամային իրավիճակի մասին, որը շարունակվում է Արցախի եւ Հայաստանի վրա Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր։
2022 թվականի դեկտեմբեր 15-ից Բրիտանահայ Միության նախաձեռնությամբ կազմակերպվում են բողոքի ցույցեր՝ Արցախի շրջափակման եւ ընդդեմ հայ ազգի հանդեպ նոր ցեղասպանության։ Ամենամյա ցույցերը սովորաբար տեղի են ունենում Մեծ Բրիտանիայի պառլամենտի առաջ՝ չորեքշաբթի օրերը, պառլամենտի ներսում Բրիտանիայի վարչապետի հետ պատգամավորների բուռն քննարկումների, հարց ու պատասխանի ժամանակ։ Բրիտանահայ միությունը նամակներ է հղում միջազգային կազմակերպություններին, Բրիտանիայի վարչապետին, արտաքին գործերի նախարարին եւ պառլամենտի հարյուրավոր երեսփոխաններին, միջազգային լրատվամիջոցներին, հանդիպումներ ունենում տարբեր քաղաքական գործիչների եւ մարդասիրական կազմակերպությունների հետ՝ հայ գերիների ապօրինի բանտարկության, Արցախի ներկայիս շրջափակման եւ արցախահայերի ընթացող ցեղասպանության շուրջ։ 2023 թ. օգոստոսի 7-ին Միջազգային Քրեական Դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր զեկույցում նշեց, որ համաձայն Ցեղասպանության Կոնվենցիայի երկրորդ հոդվածի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է համարվի ընթացող Ցեղասպանություն:
Օգոստոս ամսին Բրիտանահայ Միությունը միացավ ԱՄՆ-ի հայ համայնքին, որպեսզի Սփյուռքի բողոքի ձայնը եւ զորակցությունն է՛լ ավելի լսելի դառնա թե՛ միջազգային մամուլին ու հանրությանը, եւ թե՛ արցախահայությանը։ Այժմ ԱՄՆ-ում սկսված համահայկական շարժումը նախաձեռնում է համաժամանակյա ցույցեր՝ համագործակցելով աշխարհի տարբեր երկրների հայության հետ։ Միջազգային ցույցերին միացել են Լոս Անջելեսի, Բրյուսելի, Փարիզի, Պրահայի, Կոպենհագենի, Երուսաղեմի, Գերմանիայի, Երեւանի, Ստեփանակերտի եւ այլ հայ համայնքները։ Սույն հավաքական ցույցերի նպատակն է հանրային ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման եւ ցեղասպանության վրա, ինչպես նաեւ զորավիգ կանգնել սովի մատնված արցախահայության իրավունքներին, իրենց հայրենիքում ազատ ապրելու եւ աշխատելու իրավունքին։
Օգոստոսի 20, 26 եւ 27-ին Բրիտանահայ Միությունը, միանալով վերոհիշյալ համահայկական նախաձեռնությանը՝ ցույցեր կազմակերպեց Լոնդոնի կենտրոնական Ուայթհոլ պողոտայի վրա՝ 10 Դաունինգ փողոցի դիմաց, որտեղ գտնվում են վարչապետի նստավայրը, արտաքին գործերի, պաշտպանության եւ այլ բրիտանական նախարարությունները։ Մասնակիցները մոտ 1,5 ժամ անցկացրին Վարչապետի նստավայրի առջեւ՝ ծածանելով Հայաստանի ու Արցախի դրոշները եւ հատուկ պատրաստված պաստառները։ Այնուհետեւ ցուցարարները քայլերթով շարժվեցին դեպի Թրաֆալգարի հրապարակ, որը համարվում է Լոնդոնի սիրտը եւ զբոսաշրջային խիստ զբաղված կենտրոններից մեկը։ Թեպետ դեռ արձակուրդների շրջան է, բայց ուրախությամբ կարող ենք փաստել, որ հատկապես օգոստոսի 20-ի բողոքի ցույցը մարդաշատ էր, իսկ հայությունը ժամանել էր Միացյալ Թագավորության տարբեր քաղաքներից՝ Մանչեսթերից, Քարդիֆից, Բիրմինգհեմից, Քեմբրիջից, Օքսֆորդից եւ այլն։ Ցուցարարներն ինտերնետային կապով միացան Արցախի հայությանը, որ հավաքվել էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, շատերը ելույթներ ունեցան, իսկ գլխավոր ուղերձներից էին՝ Արցախը չպետք է հանձնվի, Արցախը պիտի մնա տոկուն եւ ուժեղ, որ Սփյուռքն Արցախի կողքին է մշտապես։
Բրիտանահայ Միության ընթացիկ ակցիաների նպատակը լոկ Բերձորի միջանցքի բացումը չէ, որն ամեն րոպե կարող է կրկին փակվել, այլ այդ միջանցքում եւ Արցախում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը, ինչպես նաեւ Ադրբեջանի իշխանությունների դատապարտումը որպես ռազմական հանցագործների, քանզի մասնակի եւ կարճաժամկետ լուծումներն արդյունք չեն ապահովելու արցախահայության անվտանգության խնդիրների լուծման եւ տարածաշրջանի խաղաղության ահապովման համար։ Բրիտանահայ Միությունը նամակներ ուղարկեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սյունաքին եւ արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլիին հետեւյալ պահանջներով՝
– Բերձորի միջանցքի վերաբացումը եւ ապահով ու շարունակական երթեւեկությունը՝ ըստ Արդարադատության միջազգային դատարանի որոշման, ինչպես նաեւ ադրբեջանական ապօրինի անցակետի ապամոնտաժումը,
– Ճնշում գործադրել Ադրբեջանի եւ Ռուսաստանի վրա, որպեսզի ապահովվի օդային երթեւեկությունը դեպի Ստեփանակերտի օդակայան, ինչպես նաեւ անհապաղ օդային ճանապարհով անհրաժեշտ օգնություն ուղարկվի Միացյալ Թագավորությունից ուղիղ Ստեփանակերտի օդանավակայան,
– Աջակցել եւ քվեարկել Արցախում եւ Բերձորի միջանցքում ՄԱԿ–ի մանդատով միջազգային խաղաղապահների տեղակայմանը՝ կանխելու համար խաղաղ բնակչության վերահաս ցեղասպանությունը եւ բռնի տեղահանումները,
– Դատապարտել եւ պատժամիջոցներ կիրառել նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդեպ, որոնք արհամարհում են ՄԱԿ–ի Միջազգային դատարանի որոշումները եւ պատասխանատու են մարդու իրավունքների ոտնահարումների, պատերազմական հանցագործությունների եւ հայերի ցեղասպանության համար։
Բրիտանահայ Միությունը անկախ, ազատ, ոչ կուսակցական կազմակերպություն է, որի անդամները կամավորներ են, տարբեր ոլորտների մասնագետներ եւ պրոֆեսիոնալ անձինք։ Խումբն արդեն երկուսուկես տարի պայքարում է հայ ռազմագերիների ազատման համար՝ ամենամսյա լոնդոնյան ակցիաներով, հանդիպումներով եւ այլ խաղաղ միջոցառումներով։ Բրիտանահայ Միության ստորագրահավաքը, որն արդեն հավաքել է շուրջ 42.000 ստորագրություն՝ շարունակվելու է մինչեւ բոլոր հայ գերիների վերադարձը հայրենիք, ովքեր ապօրինաբար դատվել ու տառապում են Ադրբեջանի բանտերում: https://www.change.org/armenianpwo
Հաջորդ՝ լոնդոնյան եւ միջազգային ցույցերը տեղի կունենան սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, արդեն իսկ հրավիրելով եւ հորդորելով տարբեր հայ կազմակերպություններին համախմբվել եւ միասին պայքարել հանուն Արցախի հայ բնակչության ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքի։
ԲՐԻՏԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Լոնդոն