Չնայած Բալթիայի հայերի կոնգրեսը ստեղծվել է 2009 թվականին, սակայն կազմակերպության «Կռունկ» հանդեսը միայն մի քանի տարի անց լույս աշխարհ եկավ: Շյաուլյայի (Լիտվա) մոտակայքում գտնվող Խաչերի սարի վրա տեղադրված հայկական խաչքարի մոտ կոնգրեսի ներկայացուցիչների հավաքի ընթացքում լատվիահայ լրագրող եւ հրատարակիչ Ալեքսանդր Գերոնյանն առաջարկեց հիմնել մշակութաբանական հանդես, եւ ներկաները որոշեցին թողարկել այն «Կռունկ» անվամբ, քանի որ այդ թռչունը հեռավոր հայրենիքի հետ սփյուռքահայերի անխզելի կապի խորհրդանիշն է: Սակայն կազմակերպական բարդությունների պատճառով հանդեսի լույսընծայումը չորս տարի շարունակ ձգձգվում էր, եւ ի վերջո Գերոնյանը 2013-ին ինքը հրատարակեց առաջին համարը: Ի սկզբանե հանդեսի գլխավոր նպատակն էր միավորել Բալթյան երեք երկրների հայերին: Գերոնյանի խոսքերով՝ Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան միշտ համաձայնեցված են գործել, աջակցել են միմյանց, եւ այդ երկրների հայերն, իհարկե, չէին կարող բացառություն լինել:
Նախնական մտահղացմամբ հանդեսը պիտի եռամսյա պարբերականություն ունենար, սակայն սահմանափակ ֆինանսական աջակցության պատճառով այն լույս է տեսնում տարին մեկ՝ Ռիգայում՝ ռուսերեն լեզվով, որը հանրամատչելի է երեք հանրապետությունների հայ համայնքների համար: Հանդեսը ներառում է նյութեր գրականության, երաժշտության, պատմության վերաբերյալ, եւ ամենակարեւորը՝ ջանում է կամուրջ գցել Բալթյան երկրների եւ Հայաստանի միջեւ: Սկզբնական շրջանում Գերոնյանը համոզված չի եղել, որ «Կռունկը», ի տարբերություն իր կողմից տարիներ շարունակ հրատարակվող եւ ավելի շատ նորություններ ներկայացնելու միտված լատվիահայ «Արարատ» երկամսյա թերթի (առաջին համարը տպագրվել է 1991-ին, ապա հրատարակությունը շարունակվել է 2002-ից)՝ երկար կյանք կունենա, քանի որ հայկական ներկայությունը Բալթյան երկրներում այդքան նշանակալի չէր թվում: Սակայն հետագա կյանքը ցույց տվեց, թե որքան նյութ կարելի է գտնել, եւ ինչ ուշագրավ բացահայտումներ են սպասում պրպտուն հետազոտողին:
Հանդեսի կառուցվածքը տարիների ընթացքում քիչ է փոխվել. երբ թերթում ես նախկին համարները, պարզ է դառնում, որ հանդեսի ուղղվածությունը նույնն է մնացել, այն մշտապես հավատարիմ է իր սկզբունքներին: Այսպես, առաջին համարը բացվում էր «Ուղիղ խոսք» խորագրով, որի ներքո ներկայացվում են Հայաստանի մասին մեջբերումներ Բալթյան երկրների նշանավոր անձանց, նախագահների եւ քաղաքական գործիչների խոսքերից: Նելսոն Ստեփանյանի հիշատակի օրվա միջոցառումները Լիեպայա քաղաքում հրապարակված էին «Հիշողություն» խորագրի ներքո: Նյութեր էին զետեղված «Արարատ» թերթի տարեդարձի, Խաչերի սարի վրա խաչքարի տեղադրման պատմության, Արցախի օժանդակության մասին:
Ավանդաբար հարուստ է մշակութային բաժինը, որտեղ ներկայացվել են երգչուհի Հասմիկ Գրիգորյանը, ռեժիսոր Հայկ Կարապետյանը, քանդակագործ եւ նկարիչ Ռաֆայել Հարությունյանը եւ այլք, իսկ նախորդ տարվա համարում «Ազգ» թերթից թարգմանաբար վերատպվել էր հայագետ եւ բանասեր Արծվի Բախչինյանի հարցազրույցը երգիչ Խորեն Ստալբեի հետ: «Լեգենդ» խորագիրը եւս երկար պատմություն ունի, դրա ներքո ներկայացվում են ուշագրավ պատմական դրվագներ. առաջին նյութը նվիրված էր Էստոնիայում ծնված Աննա Հեդվիգ Բյուլին, որը Մեծ եղեռնի տարիներին բազմաթիվ հայ որբերի է փրկել: Չեն անտեսվում եւ մարզական իրադարձությունները, օրինակ՝ Վլադիմիր Բաղիրովի անվան շախմատի հուշամրցաշարը, որի կազմակերպիչներից է Գերոնյանը: Տարբեր տարիներին «Կռունկում» արժեքավոր հիշողություններ են տպագրվել բանաստեղծ Մարիս Չակլայսի, գրող Վալենտին Պիկուլի եւ ուրիշ հայասեր մտավորականների մասին: Հանդեսը անդրադառնում է տարածաշրջանի մյուս համայնքային իրադարձություններին:
Ռիգայում մի քանի հանդիպման հայկական վայրեր կան, որոնցից է Հին քաղաքում գտնվող խաչքարը: Սակայն միայն «Կռունկի» միջոցով ընթերցողը տեղեկացավ, որ հայկական առաջին հուշարձան-աղբյուրը Լատվիայում տեղադրվել է այդ խաչքարից մեկ տարի առաջ՝ 1989 թ.՝ Ցիրուլիշի հանգստավայրում, որտեղ Սպիտակի երկրաշարժից հետո հանգստանում էին հայ երեխաները: Որպես երախտագիտություն Ցիրուլիշի է ուղարկվել Արթիկի տուֆից պատրաստված աղբյուրը՝ հայերեն, լատվիերեն եւ ռուսերեն գրություններով: Հանդեսը չի մոռանում հայկական համայնքների հետ կապված նշանակալի անհատականություններին (Մարիտե Կոնտրիմայտե, Գոհար Մարկոսյան-Կասպեր եւ այլք)՝ ջանալով վառ պահել նրանց հիշատակը: Լինելով շահույթ չհետապնդող նախագիծ՝ «Կռունկը» հիմնականում բաժանվում է «Արարատ» թերթի բաժանորդներին, գրադարաններին, հանդեսի հովանավորներին, տարբեր քաղաքների հայկական համայնքներին: Այն հասցեագրված է կրթական որոշակի մակարդակ ունեցող մարդկանց, ովքեր հետաքրքրվում են պատմությամբ, մշակույթով, հայ-բալթիական կապերով: Գերոնյանի վկայությամբ՝ Բալթյան երկրների հայասեր շրջանակները սիրով են ընդունում ««Արարատի» թերթի գրադարան» շարքի գրքերը. դրանցից առաջինը Եվգենի Շեշոլինի՝ Հայաստանին նվիրված բանաստեղծությունների ժողովածուն էր, ապա լույս տեսան Մարիս Չակլայսի բանաստեղծությունների ժողովածուն, Հայաստանին վերաբերող Ռայնիսի ակնարկների գիրքը, հայ բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն՝ Վալդա Սալմինյայի թարգմանությամբ, եւ այլն:
Ալեքսանդր Գերոնյանը ծնվել է 1955 թվականին, Բաքվում: Լրագրողական գործունեությունը սկսել է Երեւանում, իսկ 1984 թ. հեռանալով Հայաստանից՝ երբեւէ չի խզել կապը հայրենիքի հետ: 1988 թ. նա այն խանդավառ մտավորականների թվում էր, որոնք հիմնեցին Լատվիա-հայկական ընկերությունը: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է, կազմող, խմբագիր եւ հրատարակիչ: Լատվիայի լրագրողների միության եւ Գրողների ու հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի անդամ է, պարգեւատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության, Գրողների միության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեդալներով: Վերջերս լույս տեսավ Գերոնյանի «Պոչխաղուկի վերադարձը» գիրքը եւ «Արարատ» թերթի գրադարանի» 13-րդ հրատարակությունը՝ Անատոլի Հովհաննիսյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ լատվիերեն թարգմանությամբ: Ներկայումս տպագրության է նախապատրաստվում «Կռունկի» 12-րդ համարը, որը հայագիտական նոր անակնկալներ է խոստանում:
Երկար ու արգասաբեր ընթացք մաղթենք բալթիահայ «Կռունկին»:
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ