2002 թվականից, ամեն տարի, մասնակցել ու նկարահանել եմ ֆրանսահայ համայնքի կազմակերպած բողոքի ցույցերն ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղքականության:
Ամեն անգամ համախնբվելով Փարիզի սրտում վեր խոյացող Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանի մոտ, հայ եւ ֆրանսիացի քաղաքական գործիչներն իրենց ելույթներով դատապարտել են թուրքաադրբեջանական հայատյաց քաղաքականությունը եւ միանալով իրենց բողոքն արտահայտող հազարավոր մասնակիցներին՝ ցուցապաստառներով, բողոքի կանչերով, քայլել են դեպի Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանատներ:
2020 թ. պատերազմի օրերին, ի պաշտպանություն Արցախի, պարբերաբար ցույցեր են տեղի ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանատների, Ազգային ժողովի հարակից վայրերում: Հոկտեմբերի 1- ին Բրյուսելում՝ համահայկական հավաքը գագաթնակետն էր:
Ի՞նչ տվեցին մեզ այդ ցույցերը, ավելին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովն ու Սենատը օրենքներ ընդունեցին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան գործողությունների դեմ, ինչո՞ւ մնացին թղթի վրա:
Այս մտայնությամբ օրերս հանդիպեցի փարիզյան շրջանի Իսի լե Մուլինո քաղաքի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանին:
16 Prom. Coeur de Ville, 92130 Issy- les- Moulineaux , գնացի եւ տեսա, որ հանդիպման վայրը պատահական չէր՝ «Maison Petrossian» Խավիար անունով հայտնի, Արմեն Պետրոսյանի խանութներից մեկն էր, փողոցի սկիզբն էր, տեսանելի վայրում:
Այդ առիթով մեր զրույցը սկիզբ առավ հայկականը տարածելու եւ խրախուսելու թեմայով: Ասաց, որ իր ջանքերի շնորհիվ է, որ խանութը հենց այստեղ է գտնվում: Անցորդները կտեսնեն հայի ազգանունը ու հետաքրքրություն կառաջանա, բացի այդ՝ խավիարի բարձրորակ տեսականիներով «Պետրոսյան խանութը» բավական հայտնի է:
Լիբանանում ծնված եւ ինը տարեկանում ծնողների հետ Ֆրանսիա տեղափոխված Արթուր Խանջյանը ազատ տիրապետում է հայերենին: Ծնողների երազանքն է եղել, որ իրենց զավակը մայրենի լեզուն չմոռանա: Ֆրանսիական ուսում ստանալով ու մեծանալով հայկական արմատներով ընտանիքում, անդամակցելով հայկակական կազմակերպություններին եւ աշխատելով ֆրանսիական միջավայրում՝ հավասարազոր աշխատանք է տանում եւ, ինչպես ինքն է ասում, երբեք մեկը մյուսին չի խանգարել, ընդհակառակը, երկուստեք օգտակար է:
Հայի տեսակի մասին խոսելիս, մեր բոլոր լավ ու վատ կողմերից բացի, առանձնացրեց հայի նախանձ լինելը եւ ափսոսանք հայտնեց, որ դա միմյանց շատ է խանգարում ու դա վերջ չունի:
Ինչպես ասում են՝ դա զգացել է իր մաշկի վրա, երբ որպես «Նոր սերունդ»-ի անդամ մի ակումբի մեջ կրակոտ ելույթ է ունեցել, ուր ներկա էր Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, որն էլ իրեն առաջարկել է քաղաքապետարանում աշխատել: Այդ պահից առ այսօր որոշ անհատների կողմից թիրախավորված է: Ստեղծվել էր մի այնպիսի իրավիճակ, որ կամովին հեռացել է Դաշնակցության շարքերից:
Մեր զրույցն ընդհատելով, հարցրի.
– 1988-ին հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Արցախը Հայաստանին միանալու պահանջով: Բոլորիս հայտնի է, որ նույն թվականի նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ ամբողջ Ադրբեջանում ապրող հայերի նկատմամբ իրագործվում էին բռնարարքներ, նրանց ստիպում էին հեռանալ հանրապետությունից: Ադրբեջանի հայատյաց այս ծրագիրը տարիների ընթացքում դարձավ պայթյունավտանգ, երեք պատերազմի միջով անցած արցախահայությունը բռնի տեղահանվեց իր բնօրրանից: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս հայտնվեցինք այս իրավիճակում:
– 1988-ին հայ ժողովրդի պատմության մեջ ամենից թանկ ու գնահատելի մթնոլորտ էր ստեղծվել, միմյանց վստահում ու հավատում էինք: Ազգային ոգի կար: Այդ ոգով հաղթեցինք մեր թշնամուն:
Այս իրավիճակում դժվար է որեւէ հարցի անմիջական լուծում տալ, այնուամենայնիվ Արցախը, թեկուզ սարսափելի սպառնալիքի տակ լքելը ճիշտ չէր:
Ասում են՝ Արցախի հարցում նախկիններն են մեղավոր, անընդհատ շեշտում են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անունները: Նրանք ազգային ոգի ունեն, շատերն իրենց մասին ինչ ասես խոսում են. ճի՞շտ է, սո՞ւտ է, հայտնի չէ: Սակայն իրենց ղեկավարության տարիներին էր որ դիվանագիտական հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին, հարգանք կար մեր երկրի հանդեպ, Հայաստան-Սփյուռք կապերն ավելի էին ամրապնդվել: Ներկայիս ղեկավարը առաջին հերթին ազգային ոգին ոչնչացրեց, Սփյուռքը տկարացրեց, քանդեց Սփյուռքի նախարարությունը, Հայաստանից սկսած մինչեւ աշխարհի տարբեր ծայրերը հայ ժողովրդին բաժանեց սեւերի ու սպիտակների :
Միասնական մի նոր, հզոր պայքար է պետք: Այո, հոկտեմբերի 1-ին մի քանի ավտոբուսներով գնացինք Բրյուսել , որն արդար ծրագիր էր, նման ցույցերը պետք է լինեն շարունակական, բռնի տեղահանված արցախցիների իրավունքները պետք է պաշտպանվեն:
– Իսկ չե՞ք կարծում, որ ցույցերն այլեւս ազդեցություն չունեն:
– Ինչքան էլ ազդեցություն չունենան, չպետք է լռել, այդպես՝ մենք էլ ենք արթուն մնում: Սեպտեմբերի 27 – ին , Փարիզում կազմակերպված ցույցի ժամանակ, խոսելով Արցախի ժողովրդի ճակատագրի մասին (շրջափակում, բռնի տեղահանում) շեշտեցի, որ մեր առաջին թշնամին մեր անտարբերությունն է, ֆրանսիացիների կամ այլ երկրների վրա հույս դնել պետք չէ: Եթե մենք մեզ չենք աջակցում, ուրիշներից ի՞նչպես պահանջենք: Խորհեք տեսեք, թե իրենց համախմբվածությամբ եւ ազգային ոգին ամուր պահելով, իրենց սահմաններն ընդլայնելով՝ հրեաներն ինչպիսի հաջողությունների են հասել, իսկ մենք հողեր ենք հանձնում: Ցավալին այն է, որ մենք գիտակցորեն դեմ ենք ազգային շահերը պաշտպանելուն, ուրեմն այստեղ դավաճանություն կա:
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ այսքան անտարբեր դարձավ մեր ժողովուրդը: Թշնամին Հայաստանի տարածքներում իր դիրքերն է ամրապնդում, իսկ ժողովրդի մի ստվար մասը հանգիստ իր բնականոն կյանքով է ապրում:
– Իրապես, սա մեծ ողբերգություն է: Երկու տարի առաջ Հայաստանում էի, պատերազմից հետո էր, օգոստոս ամսին, վերադարձիս մի միտք էր մտատանջում, թե մեր ժողովուրդն ինչպես այսքան փոխվեց: Հասկացա, որ ավելի շատ եվրոպացի են, քան թե հայ: Երեւանի փողոցներով քայլելիս մի պահ թվում էր, թե Պրահայում կամ Վիեննայում եմ: Ոչ մի տեղ պատերազմից ու Արցախից չէին խոսում: Ժողովրդին զբաղեցնելու ու թմրեցնելու պայմաններ շատ կան՝ դիսկոտեկաներ, շքեղ հյուրանոցներ, բարձրորակ ճաշարաններ, գիշերային շլացուցիչ լույսեր, եւ այս ամենը՝ մեծ ազդեցություն ունի Սփյուռքի վրա:
– Հայ ժողովրդի միասնական ուժերով, Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված, Արցախի առաջին պատերազմն ավարտվեց մեր հաղթանակով , ավելին՝ ազատագրեցինք Շուշին: Այսօր, երբ ամբողջովին կորցրել ենք Արցախը, ինչու՞ այսպես սահուն համակերպվեցինք այս իրավիճակին:
– Ճիշտ է, մենք հաղթեցինք, բայց չմոռանանք, որ մեր թիկունքին Ռուսաստան ունեինք: Ես ռուսամոլ չեմ, բայց արդար պետք է լինել: Մեր երկրի քաղաքական սխալ դիրքորոշումն այն է, որ դեռ հույսները դրել են ԱՄՆ-ի ու Եվրոպայի վրա: Մենք գիտակցորեն մեր երկիրը հարվածի տակ ենք դնում: Այդ նույն Ամերիկան ու Ֆրանսիան 44- օրյա պատերազմի ժամանակ ինչո՞ւ մեզ չօգնեցին, երբ Արցախը 10 ամիս շրջափակման մեջ էր , ինչո՞ւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառեցին:
Ճիշտ է, Փարիզի քաղաքապետն իր համախոհների հետ օգնություն տարավ, բայց այն ուժը չուներ, որ հասցներ Արցախ, Հայաստանն ու Արցախն իրար կապող Կոռնիձորում կանգ առավ: Այնուամենայնիվ, մենք գոհ ու շնորհակալ էինք նրանից:
– Ամբողջ կյանքում հպարտացել եմ հայի արժանապատիվ լինելու կեցվածքով, այս վերջին հինգ տարիների ընթացքում այնքան նսեմացվեցին ու փոշիացան մեր ազգային արժեքները, այնքան անտարբեր ու հանդուրժող դարձանք, որ արցախահայերի բռնի տեղահանումը ոմանք համարում են փրկություն: Փաստորեն Ալիեւն ավելի հայրենասեր է, դրա համար էլ այսօր հպարտ կեցվածքով քայլում է Ստեփանակերտում: Մի՞թե մենք սրան արժանի ենք:
– Արժանի ենք, որովհետեւ ոչ մի հայրենասեր ու սրտացավ ղեկավար չենք ունեցել: Ինչպես ասում են, բոլորը դարձել են մուլտիմիլիոնատեր, չեն գիտակցել, որ պատերազմի մեջ ենք, բանա՛կը պետք է զինել: Ալիեւը հաղթեց ոչ թե սրտացավությամբ կամ խելացիությամբ, Ալիեւը դրամով հաղթեց:
Երբ ԱԺ նախագահը եկել էր Փարիզ, համայնքի հետ հանդիպման ժամանակ հարց ուղղեցի, թե արդյոք նպատակահարմա՞ր է աղքատ ու պատերազմի մեջ գտնվող երկրում 150 հազար եվրոյի արժողությամբ մեքենա վարել, մի քանի նիկոլապաշտ (այո, ցավոք, այստեղ էլ կան նիկոլապաշտներ ) աղմուկ հանեցին, հանդիմանալով, թե ինչո՞ւ նման հարց բարձրացրի:
44-օրյա պատերազմի ժամանակ համայն հայության օգնությունը 170 միլիոն գումար կազմեց, ի՞նչ նպատակի ծառայեց, ոչ ոքի հայտնի չէ: Ժողովրդին հաշվետու չեն, նրանց պահաջները չեն կատարում, այն ժողովրդին, որ իրենց պաշտոնի բերեց:
Վերցնենք Ֆրանսիայի օրինակը: Ղեկավարները եթե չեն կարող աշխատել, պետք է հրաժարվեն: Բայց մենք պատերազմում պարտություն կկրենք ու կմնանք աթոռին, հող կհանձնենք՝ կմնանք աթոռին: Պատմության մեջ նման բան չկա: Առավել խոցելին այն է, որ եթե կրկին ընտրություն լինի, ներկայիս անձը հնարավոր է նորից վերարտադրվի:
– Հայաստանը մի կողմ, հայկական սփյուռքը ինչո՞ւ է հանդուրժում:
– Նախ պետք է գիտակցենք, թե սփյուռք ասելով ինչ ենք հասկանում:
Այն հավաքական ուժը չկա, որ կարողանա Հայաստանում ինչ – որ բան փոխել, բացի այդ շատ ենք լսել, որ սփյուռքը չպետք է խառնվի իրենց գործերին:
Այդուհանդերձ, սփյուռքն իր դրամական օգնությունը շարունակում է:
Եթե որեւէ հայկական հարց է լինում ու մենք ձախողում ենք, ես միշտ հրեաների օրինակն եմ բերում: Մենք ազգային ծրագիր չունենք, բացի այդ, իրար չենք վստահում, համախմբված չենք: Կարող ուժեր ունենք, որոնք անտեսված են, երբ որ կմահանան, այն ժամանակ կհիշենք ու կգնահատենք, սա՛ է մեր դիմագիծը:
– 1991 թ. սեպտեմբերի 2-ը համարվում է Արցախի անկախության հռչակման օր: Մշտական պատերազմի մեջ գտնվելով՝ մենք աշխարհից պահանջում էինք ճանաչել Արցախի անկախությունը, էլ չեմ ասում, որ անգամ Հայաստանը չճանաչեց, այսքան տարիների ընթացքում, երբ Ադրբեջանը պահանջում էր այսպես ասած գրավյալ տարածքների վերադարձը , ի՞նչ եք կարծում, եթե ժամանակին երկուստեք համաձայնության գային, կխուսափեի՞նք 44-օրյա պատերազմից, Արցախը չէ՞ր հայաթափվի:
– Եթե իմ կարծիքն եք հարցնում, նախ եւ առաջ ասեմ, որ Արցախի հիմնախնդիրն ավարտված չէ: Պատմության մեջ այսքան բացթողումներ չենք ունեցել, որքան հիմա: Արցախի ճակատագիրը մի քանի անձերով որոշեցին: Ղեկավարը, որ իր երկրի մի թիզ հողը չի արժեվորում, թշնամին ավելի է ամրապնդում իր դիրքերը:
Չի կարելի պաշտոն ստանձնել, ձախողել ու էլի մնալ նույն աթոռին:
– Այսօր Արցախի ղեկավարները Ադրբեջանի կողմից գերեվարվել են, կարծես թե Հայաստանի պատկան մարմիններն այնքան էլ մտահոգված չեն նրանց ազատելու համար: Ի՞նչ եք կարծում, դրսի ուժը կարո՞ղ է որեւէ ազդեցություն ունենալ, չէ՞ որ Ռուբեն Վարդանյանը բավական հայտնի դեմք է:
– Անկեղծ ասած, այն լուրը, որ լսեցի ու համացանցով տարածվեց, թե ինչպես են նրանց ստորացնում, սրտիս մեջ սուր խրվելու չափ ցավ ապրեցի, մի՞թե մենք արժանի ենք, որ մեր ղեկավարների հետ այսպես վարվեն: Նրանք որբ գերիներ են, մեր անտարբերությամբ (Հայաստան, Սփյուռք) նպաստում ենք Ադրբեջանի կոշտ դիրքորոշմանը:
– Իսկ հույս ունե՞ք, որ Արցախը կրկին կազատագրենք:
– Հու՞յս, Արցախը համայն հայության խիղճն է, ես համոզված եմ, որ ազատագրումը չի ուշանա:
– Ինչպե՞ս եք դա պատկերացնում:
– Նախ պետք է մեր ազգային ոգին ամրապնդենք: Դպրոցական տարիքից, անգամ, ինչպես ասում են, օրորոցից մեր սերնդին պետք է կրթել մեր ազգային հերոսների գաղափարներով:
– Դուք հայրենասեր մարդ եք, ո՞ւմ կերպարն է եղել ձեզ համար խորհրդանիշ:
– Շատ անձեր կան, որնցից խորապես տպավորվել եմ, բայց առավել ոգեշնչվել եմ Խրիմյան Հայրիկով, կարելի է ասել՝ իմ կյանքի ուղեցույցն է եղել: Արցախի բռնի տեղահանումը մեծագույն ապտակ է, որից պետք է դասեր քաղենք:
Արթուր Խանջյանի հետ հանդիպումից հետո, տուն վերադարձիս, մտքիս մեջ անընդհատ Հրանտ Մաթեւոսյանի խոսքերն էին.
«…Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս»:
Ակամայից, հարց ծագեց, բա Արթուր Խանջյանի նման հազարավոր որդիներ ունենաս, չպայքարես ու Արցախը նվեր տաս թշնամո՞ւդ:
Այս արհավիրքին ինչպե՞ս ենք դիմանում…
ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Փարիզում հայկական «Այբ» ռադիոկայանի աշխատակից
21.11.2023թ.