Գերմանական «Վոխեն կուրիեր» պարբերականը տեղեկացնում է, որ գերմանաբնակ նկարիչ եւ ճարտարապետ Արարատ Հեյդեյանի «Գույնզգույն առագաստներ» նախագիծը հաղթել է Զենֆթենբերգի շրջանաձեւ խաչմերուկի գեղարվեստական ձեւավորման մրցույթում: Քաղաքի ղեկավարները որոշել են կառուցել շրջանաձեւ մի խաչմերուկ՝ բարելավելու երթեւեկությունը Բրիսքեր եւ Պիկ փողոցների բանուկ հատվածում: Համապատասխան շինարարական աշխատանքներն սկսվել են ապրիլի սկզբից: Տարեսկզբին մրցույթ է անցկացվել՝ ապագա խաչմերուկի կենտրոնական մասի գեղարվեստական ձեւավորման համար: Քաղաքային խորհուրդն ստացել է վեց առաջարկ: Հազվադեպ է լինում, երբ նման մրցույթներում որոշումները լինում են միաձայն, եւ այս անգամ այն եղել է հօգուտ անկախ նկարիչ եւ ճարտարապետ Արարատ Հայդեյանի: Ժյուրիին տպավորել է նրա առաջարկած նախագծի պարզությունը: Նախատեսվում է կանգնեցնել 24 մետր տրամագծով ութ գույնզգույն առագաստ՝ պատրաստված փոշեպատ ալյումինից: Յուրաքանչյուր գույն ներկայացնելու է Զենֆթենբերգի քույր քաղաքները: Կարմիր առագաստը, որը ներկայացնում է Զենֆթենբերգը, ունենալու է մոտ 3,40 մետր բարձրություն: Նկարիչն ինքը համեմատաբար արագ է գտել պատկերվող օբյեկտը: «Մոտ մեկ շաբաթ պահանջվեց մտահղացման համար, հետո որդիներիս հետ իրականացրի այն», ասում է Արարատ Հայդեյանը:
1952 թվականին Հայաստանում ծնված նկարիչ-ճարտարապետ Արարատ Հայդեյանն այսօր աշխատում է Դրեզդենի հարևանությամբ գտնվող Սաաթհայն պատմական կալվածքում: Երևանում ճարտարապետություն ուսանելուց հետո աշխատել է մասնագիտությամբ եւ 1979-ին բացել է վիզուալ արվեստի իր արվեստանոցը, որտեղ աշխատել է իր ուսուցիչ պրոֆեսոր Արտաշես Հունանյանի հետ: 1995 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա:
Զենֆթենբերգի շրջանաձեւ խաչմերուկը նրա երկրորդ այս կարգի աշխատանքն է. մինչ այդ նա Ֆինսթերվալդեում ստեղծել էր քաղաքի մուտքի մոտ տեղադրված հայտնի երգիչների գլխաքանդակներ: Զենֆթենբերգի նախագծի համար արվեստագետն ստացել է 5000 եվրո մրցանակ: Այն նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ, երբ հնարավոր կլինի վայելել լուսավորված առագաստները շրջանաձեւ խաչմերուկում:
Ա. Բ.