Բրիտանական Բի-Բի-Սի ընկերության ռուսական ծառայությունը դեռ դեկտեմբերի 9-ին լուսանկարների շարք է հրապարակել՝ «Սիրիացիները վերադառնում են Հորդանանից եւ Լիբանանից» վերնագրով: Լրատվական գործակալությունների թղթակիցների՝ դրա նախորդ օրն արած լուսանկարներում երեւում է՝ ինչպես են սիրիացիները տարագրությունից վերադառնում հայրենիք Բաշար Ասադի վարչակարգի տապալման մասին տեղեկությունից ընդամենը ժամեր հետո: Հորդանանի հետ սահմանի «Ջաբեր» հսկիչ-անցագրային կետում սիրիացիներից մեկը «Ռոյթեր» գործակալության թղթակցին ասել է. «Ես արդեն 12 տարի ապրում եմ Հորդանանում: Երբ մենք լսեցինք այն նորությունը, որ Բաշար Ասադն ընկել է… կարող ենք վերադառնալ մեր երկիրը անվտանգ եւ հանգիստ»…
Սիրիայում կատարվող իրադարձություններն, անշուշտ, շատ բան կարող են փոխել ողջ տարածաշրջանի իրավիճակում, ինչպես եւ տարբեր համեմատությունների ու, որպես կենդանի դասագիրք, նաեւ հետեւությունների առիթ են տալիս: Իսկ հենց մեզ հետ առնչվող մի համեմատություն, կապված, նաեւ, այդ իրադարձություններում Թուրքիայի դերի հետ, արել է ռուսական «Կավկազսկի ուզել» կայքը, գրելով. «Փոքրիկ Արցախը չորս անգամ ավելի շատ դիմադրեց Էրդողանին (հավանաբար նկատի ունի 44-օրյա պատերազմը – Գ. Մ.), քան ամբողջ Սիրիան»: Չնայած, ինչպես ասվում է ի հավելումն, նրան էլ ոչ ոք թիկունք չկանգնեց: Հոդվածում նշվում է, թե Հայրենական մեծ պատերազմն ուսումնասիրող պատմաբանները հարց են տալիս՝ ինչո՞ւ Ստալինն այդքան հավատում էր Հիտլերի հետ կնքված չհարձակման պայմանագրին: Եվ եզրակացնում են՝ նա հավատում էր, որովհետեւ վախենում էր այդ հարձակումից ու այդպես հապաղում էր որոշում կայացնել: Դա ահռելի կորուստներ արժեցավ պատերազմի սկզբում:
Մեկ այլ հրապարակմամբ վերադառնալով թիկունք կանգնել-չկանգնելու խնդրին, նույն լրատվամիջոցը Սիրիայի դեպքի օրինակով եւ այդտեղ մասնավորապես նկատի ունենալով ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Իրանին, գրում է մոտավորապես հետեւյալը, թե չնայած տարբեր կողմերից հնչող խոսքերին, հավաստիացումներին կամ դրանց հետ կապված սպասելիքներին, «ոչ ոք ձեր փոխարեն, ձեր երկրում չի կռվի», եթե դա չի բխում «երրորդ» երկրների կենսական շահերից ու կարեւորագույն նպատակներից: Ո՛չ Սիրիայում, ո՛չ Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում եւ ոչ այլուր:
Ռեժիմի փլուզումը 11 օրում. ինչո՞ւ Ասադի բանակն այդքան արագ փլուզվեց: Այս հարցին է մեկ այլ հոդվածում փորձել պատասխանել Բի-Բի-Սի-ն: Սիրիայում ապստամբների հարձակումն անսպասելի էր դիտորդների մեծ մասի համար, ասվում է հրապարակման մեջ: Սակայն ոչ պակաս անակնկալ էր կառավարական բանակի սրընթաց փլուզումը. Զորքերը լքում էին իրենց բազաներն ու գցում զենքերը՝ չպաշտպանելով երկրում ավելի քան 50 տարի իշխող Ասադների ընտանիքի վարչակարգը:
Մինչ այս երկրում 2011 թ. սկսված քաղաքացիական պատերազմը, որում Ասադը դաշնակիցների՝ Ռուսաստանի, Իրանի եւ վերջինիս աջակցությունը վայելող մասնավորապես «Հըզբոլլահ» խմբավորման օգնությամբ հաղթեց, սիրիական բանակը համարվում էր արաբական երկրներում ամենահզորներից մեկը, նշվում է հրապարակման մեջ: Սակայն հետո այն բավական թուլացավ՝ կորցնելով կենդանի ուժի զգալի մասը. շատերը զոհվեցին մարտերում, ուրիշները դասալիք դարձան կամ անցան ընդդիմադիր խմբավորումների կողմը եւ այլն: Բանակի թուլացման գործում իրենց դերը խաղացին ցածր աշխատավարձերը՝ պայմանավորված երկրի աննպաստ տնտեսական իրավիճակով, դրա պատճառ դարձած նաեւ ամերիկյան պատժամիջոցներով: Իր հետեւանքը թողեց կախվածությունը դաշնակիցներից: «Այն խնդիրները, որոնց մասին նախկինում էլ էր ասվում, շատ ավելի խորը դուրս եկան,- լրատվամիջոցին բացատրել է իսրայելցի ռազմական փորձագետ Դավիթ Հենդելմանը:- 2020 թվականի զինադադարից հետո… Ասադը ննջեց դափնիների վրա: Ինչ-ինչ քաղաքական բարեփոխումներ չեղան, որեւէ տնտեսական բարելավում երկրում տեղի չունեցավ: Բանակը չուժեղացավ, չնախապատրաստվեց: Նա կարծում էր, որ եթե Ռուսաստանը եւ Իրանը փրկեցին, նշանակում է հետո էլ ամեն ինչ լավ կլինի, կարելի է շատ չլարվել»; Դե, իսկ դաշնակիցներն էլ «ավելի կարեւոր գործեր» ունեին: Իրանը, ըստ Բի-Բ-Սի-ի, բազմաթիվ սպաներ ու ռազմական խորհրդատուներ է կորցրել իսրայելական հարձակումների հետեւանքով, եւ նրա անմիջական լայնածավալ աջակցութունն էլ հնարավոր չէր՝ ցամաքում եւ օդում իր տեղաշարժերի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի մշտական վերահսկողության պատճառով: «Հըզբոլլահը» Իսրայելի կողմից կրած դժվարությունների պատճառով հարկադրված էր իր ուժերը հետ քաշել Սիրիայից, Ռուսաստանն էլ 2022 թվականից կենտրոնացած է Ուկրաինայի հետ պատերազմում: Դաշնակիցների կողմից ռազմական, կազմակերպչական եւ կառավարչական աջակցության դադարեցումը «այն հիմնական պատճառներից մեկն էր, որոնք հանգեցրին սիրիական քաղաքների այդպիսի արագ անկմանը»,- ասել է լոնդոնցի համալսարանական մեկնաբանը:
Եվ՝ մեկ այլ նկատառում թե արձանագրում՝ դարձյալ «Կավկազսկի ուզել»-ից: Հոդվածը վերնագրված է «Վերլուծաբանները մատնանշում են Կովկասում իշխող դինաստիաների համար վտանգները Ասադի վարչակարգի տապալումից հետո»: Այստեղ հիմնական միտքն այն է, թե երբ իշխանությունն անցնում է հորից որդի ու ձևավորվում է անձի պաշտամունք, ինչպես Ադրբեջանում եւ Չեչնիայում, միշտ կա ենթակաների հավատարմությունը կորցնելու եւ իշխանությունից զրկվելու վտանգ: Քաղաքագետ Ռուսլան Կուտաեւն, օրինակ, հայտարարել է, թե պատմության մեջ բոլոր անհատի պաշտամունք ստեղծած բռնակալները նույն վարքագիծն ունեն: Անհատի պաշտամունքը իշխանությունը յուրացնողներին պետք է հենց մարդկանց ազատագրվելու կամքը թուլացնելու համար:
Այլ կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների կասպիական ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաեւը, ըստ որի կոնկրետ իրավիճակներն ու պատմական համատեքստերը կարող են տարբեր լինել: Բավականաչափ որոշիչ է նաեւ ֆինանսատնտեսական ներհոսքերի գործոնը, որի առումով գիտնականը նշում է, օրինակ, Ադրբեջանի շահեկան վիճակը:
«Սովորաբար այս տեսակի երկրներում, որոնք երկար ժամանակ կառավարվում են մեկ ընտանիքի կողմից, ներքին բազմաթիվ մարտահրավերներ վերացվում կամ փոխհատուցվում են նրանով, թե առաջնորդն ինչպես է աշխատում միջազգային էլիտայի հետ: Ալիեւն այս հարցում շատ ավելի հաջողության է հասել, քան Ասադը»,- նկատել է Կարավաեւը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ