Սովորաբար հայաստանյան աշունն առանձնանում է իր առատ գույներով եւ հրաշալի մրգերով: Բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ ճաշակել են աշնանային այդ հրաշքը, երբեք չեն մոռանում: Ցավոք, 2022-ի աշունը սեւ ու մահաբեր եղավ. Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերն ու բոլոր տեսակի պայմանագրերը եւ օգտագործելով միջազգային լարված իրավիճակը, կրկին հարձակվեցին Հայաստանի վրա: Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում թեժ մարտեր տեղի ունեցան: Դրանց հետեւանքով մեծ թվով զոհեր, վիրավորներ ունեցանք եւ սողացող այս պատերազմը՝ հերթական տարածքային կորուստներով: Հետո էլ միջազգային հերթական թատերախաղերն սկսվեցին, որի գլխավոր թեման Հայկական հարցն է ու հայ ժողովրդին կրկին քաղցր օրորներ հնչեցնելը: Էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, էլ Եվրոխորհրդի հայ-ադրբեջանական հակամարտությանը միջամտելու պահանջ, էլ Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպում-քննարկումներ եւ, վերջապես, ԱՄՆ-ի կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի այց:
Ոգեւորվել ենք, չհասկանալով, որ հավաքական Արեւմուտքը շատ ավելի բարդ խնդիրների լուծման առջեւ է կանգնած եւ մեծ հաշվով հայ-ադրբեջանական հակամարտությունն իրենց օրակարգի հարյուրերորդական հարցերի շարքում է: Այդպես էլ չըմբռնեցինք, որ ժամանակակից աշխարհի ցինիզմի ամենաարտահայտիչ դրսեւորումն այն է, որ մարդկանց եւ մարդկության դեմ բոլոր իրական հանցագործությունները կատարվում են ամենամարդասիրական լոզունգներով: Ցավալի է նաեւ այն ու գրեթե համոզված եմ, որ այսօրվա օրհասական, բարդ վիճակին մեր իշխանություն-ներն անկարող են դրական լուծում տալ, քանզի այդ չափ հասուն չեն, ու թեեւ շատ կցանկանային դուրս գալ այս վիճակից, բայց խելքները դժվար բավի:
Կարծում եմ, որ սերնդակիցներիս համար գործնականում տասնամյակներ առաջ սկսվեցին այս խմորումները: Գարնանային տաք օր էր: Մեզ մի բարձրահասակ տղամարդ հյուր եկավ: Մեր տանը հյուրեր հաճախակի էին լինում, բայց այդ անգամ, չգիտեմ ինչու, մերոնք իրար խառնվեցին, անհասկանալի շփոթ ու տագնապ կար: Հայրս ու Հմայակ հորեղբայրս շշուկով էին խոսում այդ խորհրդավոր անձնավորության հետ: Նրան կերակրեցին, հագուստ ու սննդամթերք տվեցին եւ գիշերը ուղարկեցին Բաքվի կողմերը: Տարիներ հետո իմացա, որ Հայկը մեր բարեկամն էր, 1965-ի ցույցին ակտիվ դերակատարություն էր ունեցել ու ձերբակալությունից էր խուսափել:
Հենց այդ օրերից էլ սկսվեցին գործընթացներ, որոնցով մենք պայքարում ենք մեր ինքնության ու գոյատեւելու համար, իսկ օտարները տարբեր հնարքների միջոցով՝ օգտագործում են այդ ձգտումներն հօգուտ իրենց շահերի: Այսինքն, շարունակվում է հայ ժողովրդի համար կենսական եւ 1878 թ. դիվանագիտության ասպարեզ նետված Հայկական հարցի վայրիվերումներով ընթացքը: Հարց, որը հզորների ձեռքին միշտ մանրադրամ է եղել՝ միմյանցից համեղ պատառներ խլելու համար: Հարց, որը կռվախնձորի տեսքով գոյություն է ունեցել դեռեւս Անտիկ դարաշրջանում եւ որը ձգտել են օգտագործել գրեթե բոլոր հզորները՝ Ասորեստանը, Հռոմը, Պարսկաստանը, Բյուզանդիան, Արաբական խալիֆայությունը, Թաթար մոնղոլները, Օսմանյան կայսրությունը, Ռուսաստանը եւ այլք: Հարց, որը մշտապես եղել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ մյուսների հետաքրքրությունների ծիրում: Հարց, որին լուծումներ փնտրելով՝ սխալ-սխալի հետեւից ենք թույլ տվել եւ դրանով նպաստել ենք, որ այն շարունակի մնալ քաղաքական մանրադրամի կարգավիճակում:
Հարց, որը շարունակ տապալելով հասցրեցինք այս տխուր հանգրվանին, երբ քարտեզի վրա մեր գույնը նշելու հնարավորություն անգամ չկա, երբ տարածքով ամենափոքր Հայաստան պետությունն ունենք այսօր ու որի սահմաններից ներս անպատկառորեն խցկվել է թշնամին, որը չի էլ թաքցնում այն ամբողջովին գրավելու իր նկրտումները: Իսկ մենք շարունակում ենք խարխափել միջազգային հարաբերու-թյունների անանց ջունգլիներում եւ ձեռքներս մեկ Ռուսաստանի, մեկ Եվրոպայի ու Իրանի, մեկ էլ ԱՄՆ-ի փեշից կառչել: Նախկինի նման, այսօր էլ անափ ոգեւորվում ենք այս կամ այն գործչի ու ղեկավարի խոսքերից, առանց դրանք ասելու պատճառներն ու իրական նպատակները հասկանալու, առանց խորությամբ վերլուծելու, դրանք փրկօղակ համարելով՝ կրկին շարունակում ենք անփարոս մեր նավարկությունը…
Ավերիչ պատերազմի հերթական ակորդի (1990 թ. սկսված պատերազմը՝ երկար ու կարճ ընդմիջումներով շարունակվում է ցայսօր եւ ճիշտ չեն Արցախյան 1-ին, 2-րդ, 4-օրյա կամ 44-օրյա անվանումները, դրանք նույն պատերազմի տարբեր արարներն են) զոհերին դեռեւս հողին չհանձնած, երկրի շուրջ մեկ երրորդը թշնամուց չազատագրած՝ մեծ ոգեւորությամբ դիմավորում ենք տիկին Փելոսիին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ականատես լինելով նրա հուզմունքին ու աչքերը սրբելու ժեստին՝ արդեն համարում ենք, որ մեր բոլոր հիմնախնդիրները լուծված են…
Միանգամից մոռանում ենք, որ լավ թե վատ, մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, եւ սոցցանցերում ու ԶԼՄ-ներում լայնածավալ հարձակում ենք սկսել նրա դեմ: Չենք ուզում հաշվի նստել այն իրողության հետ, որ Հայաստանի տնտեսությունը, բոլոր ոլորտներում, մեծամասամբ հենվում է ռուսական գազի վրա, որը մատակարարվում է տասնապատիկ անգամ ավելի էժան գներով, ատոմակայանը միջուկային վառելիքով ապահովում է կրկին ռուսական կողմը: Որ ինչ ու ինչպիսի զենք ունենք՝ ռուսական է, որը, թեկուզ փողով, առայժմ միայն նա կտա, եւ այդպես շարունակ: Հետեւություններ է անհրաժեշտ անել, մտածել եւ կշռադատել: Վտանգավոր է ու ցավոտ, որ երեկվա ռուսամետն այսօր ռուսատյաց է դարձել, փաստեր է գտնում, հայհոյում, վատաբանում է, բայց կարողանում է մտածել ու խոսել միայն ռուսերեն: Դժվար է հավատալ դրանց անկեղծությանը, դժվար է պատեհապաշտ չհամարել…
ՀՀ ներքաղաքական կյանքը չի հանդարտվում: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը ռազմական գործողության է դիմում, մեզանում խորը վրդովմունք է առաջանում: Հասարակության մի մասը ազնիվ մղումներով, մի մասն էլ՝ ոչ այնքան, ավելի շուտ ձգտում են այդտեսակ փաստերն իշխանությունների դեմ օգտագործել եւ Արեւմուտքի շահերն ի վնաս Ռուսաստանի մեր տարածաշրջանում ամրապնդել: Իհարկե, տրամաբանական է, որ իշխանափոխության հարց եւս դրվի, բայց դա պետք է արվի բացառապես հիմնավոր անվտանգության հայեցակարգերի մատուցմանը զուգընթաց: Կարեւոր է նաեւ, որ իշխանության ձգտող ուժերը հարցերի լուծման նոր ու տրամաբանված տարբերակներ մատուցեն: Բայց, ավաղ, դեռ այդպիսիք չենք տեսել:
Պատերազմի ընթացքում, զինադադարից հետո եւ հատկապես երկրի թիվ երրորդ պաշտոնյա Փելոսիի այցով ակներեւ է դառնում, որ ԱՄՆ-ը ձգտում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից եւ իր քաղաքական ազդեցության ուժեղացման ծրագրերը կյանքի կոչել: Արցախի խնդիրն էլ նա օգտագործում է այդ ծրագրերն իրականացնելու համար: Սակայն պարզից էլ պարզ է, որ նույնիսկ ռուսական քաղաքական տեղատվության դեպքում խնդիրը հօգուտ հայության չի լուծվելու: Քանի որ բոլոր գրավոր՝ (մասնավորապես ԱՄՆ կառվարության 2022 թ. մայիսի 2-ին Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարության մասին 8 էջանոց փաստաթղթով) եւ բանավոր ելույթներում շեշտվում է, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակն է սեփական ազգային շահերի պաշտպանությունը եւ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը նվազագույնի հասցնելը: ԱՄՆ-ն գտնում է, որ այդ խնդրի լուծման համար ամենանպաստավոր պայմաններ են առաջացել, քանի որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետեւանքով տարածաշրջանային լարվածու-թյունն ավելի է սրվել: ԱՄՆ-ը նաեւ անում է ամեն ինչ հակազդելու Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի մերձեցումանը: Սակայն հարկավոր է զգոն լինել եւ հասկանալ, որ այդ քայլերով ԱՄՆ-ը շարունակում է Բոլթոնի կուրսը եւ փաստորեն անուղղակի մեզ թշնամացնելու է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Չինաստանի եւ Իրանի հետ: Այսինքն, նշանակում է, որ նա թքած ունի մեր բուն խնդիրների վրա եւ նրա հոգը չէ, որ կխզվեն հայ-ռուսական եւ հայ-իրանական կապերը:
ԱՄՆ-ը նաեւ ձգտում է մեզ դուրս բերել ՀԱՊԿ-ից, սահմանափակել ԵԱՏՄ-ում մեր գործունեությունը, սակայն դրան որեւէ հակակշիռ կամ երաշխիք չի ներկայացնում: Նաեւ դատապարտում է ՀՀ- ում ժողովրդավարության նահանջը եւ դա այն դեպքում, երբ իր իսկ ներմուծած ժողովրդավարական արժեքներն այստեղ արմատավորվել են եւ նույնիսկ ի վնաս մեր պետականության աստիճանաբար վեր են ածվում անարխիայի: Արցախյան խնդրի լուծման նրա մոտեցումներն էլ խիստ ձեւական բնույթ են կրում, քանի որ լուծման բանալին կրկին մղվում է Մինսկի խմբի ձեւաչափ, որը վաղուց է Ռուսաստանն ուղարկել է գրողի ծոցը եւ որին դեմ է նաեւ Ադրբեջանը: Այսինքն՝ այսքան ոգեւորվելով ու ԱՄՆ-ի քաղաքական կառքին լծվելով եւ նրա ազդեցության ընդլայնմանը նպաստելով, մենք ավելին չենք շահում, քան այժմ, երբ Արցախից մնացածը պահելու միակ երաշխիքը ռուս խաղաղապահներն են: Իհարկե, այն կարծիքին չենք, որ մեր փրկությունը միայն ռուսներին ապավինելու մեջ է, բայց ԱՄՆ-ն ու Արեւմուտքն էլ դեռեւս ռեալ քաղաքական արդյունավետություն չեն ներշնչում:
Առայժմ, եթե ուժ չունենք մեր պահանջները թուրքերին պարտադրելու, պետք է նուրբ դիվանագիտություն կիրառելով փրկենք գոնե հնարավորը: Հակառուսական կարգախոսներով կամ ԱՄՆ-ին երկրպագելով կրկին կոտրած տաշտակի առջեւ կհայտնվենք: Ինչպես դա եղավ 1918թ., երբ անգլիացի միսիոներ Թոմսոնն արգելեց Լաչին հասած Անդրանիկին Արցախ մտնել, իսկ Հասկելն էլ ոչ մի հայանպաստ քայլ փաստորեն չարեց: Ներկա վարչախումբը գրեթե նույնությամբ աշխարհաքաղաքական այն սխալներն է կրկնում, որոնք 1920-ին թույլ էր տվել ՀՀ երրորդ վարչապետ Համո Օհանջանյանի ՀՅԴ Բյուրո-կառավարությունը: Եվ հույս դնել Շառլ Միշելի նման մեկի վրա, որ մեր ողբերգության հաշվին իր CV-ին է հարստացնում, մոտ է նրան (անշուշտ, բազմաթիվ տարբերություններով եւ ժամանակային առումով), ինչ Համո Օհանջանյանը սպասում էր Սեւրից ու Վուդրո Վիլսոնից: Հարկավոր է նաեւ ըմբռնել, որ Արեւմուտքի մարդասիրական օգնություններն էլ ընդամենը քաղաքական նպատակները քողարկելու միջոց են:
Ես չգիտեմ ով է ասել, որ մենք խելացի ազգ ենք, եւ մենք դրան հավատացել ենք, բայց դա հաստատ այդպես չէ, քանի որ մենք խելացիության հետ ենք շփոթում մեր ժողովրդի մի հսկայական զանգվածի չարչի-վաշխառուի (ժամանակին խաչագող էին ասում) կենսակերպը: Այսօրվա իշխանավորների մեծ մասն էլ, կանաչի ծախողի իրենց հոգեբանությամբ, հենց այդ հատվածի՝ մանրածախ վաշխառուների, հայելանման արտացոլանքն են: Սրանց թվում է, որ եթե չարչիությունից գլուխ են հանում, ապա համապատասխան փորձ ու գիտելիքներ չունենալով՝ միջազգային հարաբերություններից ու դիվանագիտությունից էլ են հասկանում: Չունենալով նաեւ ռազմիկին հատուկ արժանապատվություն, նրանք նախընտրում են ստրուկի թեթեւ շղթաները: Այնինչ ժամանակն է ըմբռնելու, որ եթե որեւէ մեկին կյանքով պարտական ենք, անտարակույս ու առանց որեւէ բացառության, ապա դա մեր զինվորն է: Նրանք չեն կարողանում նաեւ հասկանալ, որ համաշխարհային պատմությունը կերտում են ռազմատենչ ազգերն ու ռազմականացված պետությունները, իսկ խաղաղության օրակարգը թույլ, կոտորածի հետ համակերպված վաշխառուների համար է, որոնց թվում է, որ ամեն ինչ վաճառելով, դաշնակիցներին դավաճանելով լավ կապրեն ու Հայկական հարցին լուծում կգտնեն: Իսկ դա իրականությունից անչափ հեռու է:
Իրականության դեմ չմեղանչելու համար նշենք, որ ստրկամտության այս հոգեկերտվածքը ձեւավորվել է վերջին հազարամյակում, երբ պետականությունից զուրկ սոցիումը պայքարի փոխարեն նախընտրեց համակերպվել, իսկ բոլոր նրանց, ովքեր ըմբոստանում էին, ոչնչացրեց: Շարունակվեց ու բյուրեղացավ «որտեղ հաց, այնտեղ կաց» ամենաամոթալի ու հայրենադավ խոսույթը եւ ամենաբարձրը գնահատվեցին վաշխառուն ու չարչին: Ցավոք, այս տրամաբանությամբ են շարժվում նաեւ այսօրվա հասարակությունն ու իշխանությունը, որը փորձում է ասֆալտաշղթայով եւ ռազմիկին արհամարհելով շլացնել: Հիմա էլ՝ նոր տիրոջ փնտրտուքով ոգեւորված ընդունում է աշխարհի ամենառազմականացված պետության 3-րդ դեմքին այն հույսով, որ վերջինս իրենց կապահովի խաղաղությամբ եւ թշնամու հետ առեւտուր անելու իրենց այդքան սպասված երջանկությամբ:
Վերջում ավելացնեմ, որ ամբողջ կյանքում սրան-նրան մեղադրեցինք, բայց ինքներս մեզ՝ երբեք: Անինքնասերի նման սրա-նրա ոտքերն ընկանք, բայց սեփական ոչինչ չստեղծեցինք, որովհետեւ էսօրվա կյանքով ապրեցինք ու թքած ունեցանք, թե ինչ կլինի վաղը: Որովհետեւ ով կարողացավ՝ երկիրը թալանեց ու թալանածը բարեհաջող կերպով դրեց տակը՝ թքած ունենալով, որ ապրում ենք մի երկրում, որ բոլոր կողմերից թշնամիներով է շրջապատված: Հիմա էլ եկել է ցանածը հնձելու ժամանակը՝ մարդիկ այլեւս չեն ուզում լսել, որովհետեւ հոգնել են խաբվելուց եւ չեն ուզում այլեւս օգտագործվել մեծ եւ դավադիր ուժերի կողմից: Տեղին էր զարմանում մեր ժամանակների մեծ մտածող Հրանտ Մաթեւոսյանը՝ «այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս»:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր